Ալբանիայի Դուրրես քաղաքում շարունակվող ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական եւ մինչեւ 23 տարեկանների առաջնությունում այսօր Հայաստանն ուներ չորս մասնակից:
Առաջինը մրցահարթակ մտան երիտասարդների տարիքային խմբի մասնակիցներ, 94 կգ քաշայիններ Վալերիկ Մովսիսյանն ու Գրիգոր Ղազարյանը: Նրանք անմասն մնացին մեդալներից: Վալերիկը երկամարտի 340=155+185 կիլոգրամով պայքարն ավարտեց 5-րդ տեղում, իսկ Գրիգոր Ղազարյանը հրում վարժությունը ձախողեց ու ստացավ զրո:
Ավելի ուշ մրցահարթակը տրամադրվեց երիտասարդների 77 կգ քաշային Աննա Ամրոյանին։ Նա պոկում վարժությունում 98 կգ-ով բավարարվեց 4-րդ տեղով, ապա հրումում 130 կգ-ով արժանացավ փոքր արծաթի, իսկ երկամարտում ցույց տվեց 228 կգ ու նվաճեց Եվրոպայի բրոնզե մեդալը:
Վերջինը պայքարի մեջ մտավ մինչեւ 23 տարեկանների առաջնության մասնակից, 88 կգ քաշային Սուրեն Գրիգորյանը ու, ցավոք, նա էլ ձախողվեց: Պոկումում Սուրենը ընդամենը մեկ հաջողված մոտեցում կատարեց՝ բարձրացնելով 155 կգ ծանրաձողը: Դա չորրորդ արդյունքն էր: Սակայն վերջին անհաջող մոտեցման ժամանակ ամենայն հավանականությամբ նա վնասվածք ստացավ եւ հրաժարվեց մասնակցել հրում վարժությանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































