ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Գագիկ Մինասյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով եկող տարի գարնանը Երեւանում անցկացվելիք Եվրոպական քաղաքական համայնքի վեհաժողովին՝ ասաց. «Չափազանց հետաքրքիր է ուսումնասիրել այն խնդիրները, որոնք կապված են Եվրոպական քաղաքական համայնքի՝ Հայաստանում անցկացվելիք վեհաժողովի եւ դրա շուրջ տարածաշրջանում ծավալվող իրադարձությունների հետ:
Առաջինը, ինչո՞ւ էր անհրաժեշտ, որ Եվրոպական համայնքը եկող տարվա մայիսի 4-ին Հայաստանում իրականացնի այդ վեհաժողովը: Ակնհայտ է, որ սա մի մեծ նվեր է լինելու այսօրվա կապիտուլյանտ իշխանություններին դրանից ընդամենը մեկ ամիս հետո տեղի ունենալիք խորհրդարանական ընտրությունների համար: Դա մեծ շոու է: Բոլոր երկրների քաղաքական ղեկավարները գալու են այստեղ, հաճոյախոսություններ են անելու: Եվ դա հաշվի է առնվելու մեր ժողովրդի կողմից իր քվեն այս կամ այն քաղաքական ուժի ներկայացուցչին տալու համար:
Սակայն մենք պետք է հասկանանք, թե սա ո՞ր եվրոպական համայնքն է իր քաղաքական վերնախավով եւ վերջին յոթ-ութ տարիների ընթացքում ինչպիսի՞ դրսեւորումներ է ունեցել այդ քաղաքական վերնախավը Հայաստանում ընթացող պրոցեսների հետ կապված:
Դա այն քաղաքական վերնախավն է, որն ըստ այս ազգակործան պատուհասի, խորհուրդ էր տալիս, որպեսզի մենք իջեցնենք մեր նշաձողը Արցախի հետ կապված խնդիրներում, եւ այդ պարագայում մենք կստանանք այդ քաղաքական համայնքն աներկբա աջակցությունը: Իջեցնելը՝ իհարկե, իջեցվեց այս ազգակործան պատուհասի կողմից, բայց որեւէ աջակցություն մենք չստացանք:
Կարդացեք նաև
Աջակցություն չստացանք նաեւ, երբ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանն օգտագործում էր օրենքով արգելված զինատեսակներ՝ ֆոսֆորային ռումբեր, երբ ռմբահարում էր դպրոցները, հիվանդանոցները, մանկապարտեզները, երբ ադրբեջանական կողմից վարձու տեռորիստներ, մարդասպաններ ու իսլամիստներ էին կռվում: Այդ մասին բազմաթիվ հրապարակումներ կան: Սակայն այդ նույն եվրոպական քաղաքական համայնքը մատը մատին չխփեց, դրա հետ կապված՝ ոչ մի հայտարարություն չարեց: Որովհետեւ ինքն օժանդակում էր խնդիրների այնպիսի լուծմանը, որոնք հաճո էին Ադրբեջանին եւ Թուրքիային:
Դրանից հետո էլ, երբ մեկ տարի առաջ ԱԺ-ի մոտ տեղի ունեցավ խաղաղ ցուցարարների խայտառակ ռմբահարումը, երբ ցուցարարներն իրենց արդար վրդովմունքն էին արտահայտում՝ այսօրվա իշխանությունները 30 ռումբ պայթեցրեցին, այդ ժամանակ էլի այդ եվրոպական քաղաքական հանրությունը լուռ էր: Ինչո՞վ էր դա պայմանավորված: Մի պարզ բանով: Այստեղի վայ իշխանությունները իրականացնում են իրենց քաղաքական հովանավորների քաղաքականությունը՝ Հայաստանում իրականացնել խնդիրների այնպիսի լուծում, որ ավանդական կապերը իր ռազմավարական գործընկերոջ հետ թուլանան, Ղարաբաղի հարցը ընդհանրապես որպես կոնֆլիկտային հարց լուծվի հօգուտ Ադրբեջանի:
Բայց միանգամից հարց է առաջանում՝ այսպիսի՞ն է եղել, արդյոք, եվրոպական քաղաքական համայնքի վերաբերմունքը Հայաստանի, Հայաստանի իշխանությունների նկատմամբ: Իհարկե՝ ոչ: Բավական է հիշել, որ այդ ազգակործան պատուհասի իշխանության գալուց առաջ մենք ունեինք CEPA-ի՝ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը վավերացվեց Եվրամիության բոլոր երկրների խորհրդարանների կողմից: Այնտեղ սեւով սպիտակի վրա գրված էր, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հիման վրա, որոնցից մեկը ազգերի ինքնորոշման իրավունքն է:
Ի՞նչ եղավ, որ այդ վերաբերմունքը, որը որդեգրել էր եվրոպական համայնքի վերնախավը տարիներ ի վեր, 180 աստիճանով փոխվեց: Պատճառը մեկն է: Հայաստանում եկավ ազգակործան մի իշխանություն, որը հետեւողական քաղաքականության արդյունքում զիջեց բոլոր այն դիրքերը, որոնք նախորդ իշխանությունների կողմից ձեռք էր բերվել բավականին տքնաջան, կարելի է ասել, իսկապես աննախադեպ խելացի արտաքին քաղաքականության արդյունքում: Քաղաքականություն, որի արդյունքում Ալիեւն ինքն էր խոստովանում, որ փակ դռների հետեւում իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը:
Այս իշխանության պարագայում մենք եվրոպական քաղաքական համայնքից որեւէ լավ բան ակնկալել չենք կարող: Եվ նրանց նպատակն է, որպեսզի Հայաստանում իշխանությունը մնա այնպիսին, ինչպիսին կա այսօր, որպեսզի իրականացնեն իրենց գլոբալ ծրագրերը, այն է՝ տարածաշրջանում հակառուսականություն տարածելը»,-ասաց Գագիկ Մինասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































                        
         
         