Լրահոս
Օրվա լրահոսը

Գրում եմ, որովհետև հավատում եմ մարդուն. Կայացավ հայտնի դրամատուրգ Մատեի Վիշնիեկի թատերկերի շնորհանդեսը

Նոյեմբեր 04,2025 11:55

«Արմատներով ռումինացի եմ, բայց ինձ Ֆրանսիան է թեւեր տվել։ Գուցե իմ բոլոր պիեսները կարողացել են բոլոր երկրներում ուղեղի լվացումը դադարեցնել, բայց մարդկությունը դասեր չի վերցնում։ Ճգնաժամերն ու պատերազմները կրկնվում են։ Իմ ներսի հեղինակը, սակայն, ավելի լավատես է։ Միշտ պետք է հիշենք՝ մարդը կարող է լուծումներ առաջարկել, իր լուսավոր կողմերը ցույց տալ։ Ես գրում եմ, որովհետև հավատում եմ մարդուն»,-իր թատերկերի շնորհանդեսի ժամանակ ասաց ճանաչված դրամատուրգ Մատեի Վիշնիեկը։

«Գրականությունը կարողանում է այնքան գնալ, որ հասնի մարդկու հակասությունների խորությանը: Այդ պատճառով եմ գրում եւ հավատում եմ խոսքին: Գրականությունը որպես դիմադրության տարածք… Դիմադրությունը պահանջում է հեգնանք, ինքնահեգնանք, հումոր, պոեզիա: Որովհետեւ պոեզիայի միջոցով հնարավոր է շրջանցել քննադատությունը: Այսպես եմ սովորել գրել: Միշտ փորձել եմ լինել իմ անցյալի ու ներկայի միջև»,-հավելեց նա:

«Մատեի Վիշնիեկ․ բազմաձայն թատերական հյուսվածք» խորագրով ֆրանկոֆոն թատերական հանդիպումների 7-րդ թողարկման շրջանակում «Էպիիգրաֆում» կայացավ Վիշնիեկի թատերկերի հայերեն հրատարակության շնորհանդեսը։ Հայերեն են թարգմանվել նրա «Վերջին Գոդոն», «Ինչպես խխունջին վարժեցրի ստինքներիդ», «Չեխով մաքինա», «Նինա կամ հարդալից ճայերի փխրունության մասին», «Արեւմտյան ճեպընթաց» պիեսները: Թարգմանիչներն են՝ Գրիգոր Ջանիկյանը, Լուսինե Աբգարյանը եւ Աննա Մանուկյանը:

«Վիշնիեկը նրբորեն պոեզիայից դեպի դրամատուրգիա է գալիս։ Նրա ստեղծած տեքստը անցնում է լեզվի սահմաններն ու ընդհանրապես մշակույթները։ 50-ից ավելի երկրներում են բեմադրվել նրա պիեսները։ Մատեի Վիշնիեկի արվեստն այնպիսին է, որ թույլ է տալիս ինտեգրվել։ Պատերազմներ, սեր, էմիգրացիա, հիվանդություններ…Նա զգայուն ու կրեատիվ կերպով արձագանքում է այս ամենին։ Հումորով ու հեգնանքով է անում, բայց նաեւ շատ լրջորեն, ծանրությամբ։ Հրատապության զգացում է փոխանցում»,- նշեց Սորբոնի համալսարանի դասախոս, գրականագետ Կրինա Բուդը:

Հավելենք, որ Մատեի Վիշնիեկի դրամատուրգիան մեծ ուշադրության է արժանացել թատերարվեստի ոլորտում իր յուրահատուկ ոճի, կառուցվածքի, ամենատարբեր թեմաների արտացոլման շնորհիվ։ Նա համարվում է ժամանակակից ֆրանկոֆոն թատրոնի նշանավոր հեղինակներից մեկը, որի պիեսները բեմադրվել են աշխարհի բազմաթիվ թատերաբեմերում՝ մեծ հետաքրքրություն առաջացնելով թե մասնագետների, թե հանդիսատեսի շրջանում։

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930