Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Համբարձումյանի քրեական գործում առկա տեսանյութով փաստվում է, որ դատավորը դատապարտել է անմեղ մարդու. փաստաբան

Նոյեմբեր 04,2025 14:06

Փաստաբան Գայանե Պապոյանի ֆեյսբուքյան գրառումը

Ահա այն տեսանյութը, որը որպես ապացույց առկա է Դավիթ Համբարձումյանի քրեական գործում, և որով փաստվում է, որ դատավոր Ժորա Չիչոյանը դատապարտել է անմեղ մարդու, ավելին՝ այդ հոդվածով նշանակել է այնպիսի պատիժ, որն ըստ դատական պրակտիկայի երբևէ չի արձանագրվել նախորդիվ։

Խնդրում եմ դիտել «Հովտաշատ-Հայանիստ» խ/չ-ի դեպքի տեսանյութը և կարդալ ստորև նշված վերլուծությունները։

Այսպես,
տեսանյութի 00։00-00։02 հստակ երևում է, որ Դավիթ Համբարձումյանն ի սկզբանե չի գտնվում տեղում վիճաբանող անձանց խմբի մեջ, այլ ձախից դեպի աջ քայլելով հասնում է վիճաբանության վայր։
Տեսանյութի 00։03-00։05 վարկյանին պատկերված են սույն գործով տուժող Աբրահամ Ինջիղուլյանը /կարմիր և սև վերնազգեստով/ և Արա Պողոսյանը /ամբողջությամբ սև հագուստով/

Այդ ողջ ընթացում Դավիթ Համբարձումյանը որևէ գործողություն չի կատարում, որևէ մեկին չի հարվածում, չի հայհոյում, չի հրում, նրա պահվածքից պարզ է դառնում, որ վերջինս փորձում է հասկանալ, թե ինչ է կատարվում։

Դավիթ Համբարձումյանը գտնվում է տուժողներից առնվազն 3-4 մետր հեռավորության վրա, ընդ որում իր և տուժողների միջև մի քանի շարք անձինք են կանգնած։

Այնուհետև Արա Պողոսյանի կողմից առաջին հարվածը հասցնելուց հետ տուժողների և անհայտ անձանց միջև տեղի է ունենում թեժ վիճաբանություն, քաշքշուկ, ենթադրվում է նաև հարվածներ։

Ըստ էության սա հենց այն պահն է, որի ընթացքում տուժողները ծեծի են ենթարկվել։ Դավիթ Համբարձումյանն այդ ողջ ժամանակահատվածում կոնկրետ այդ իրադարձություններին ևս չի միջամտում և չի մասնակցում դրանց։

Նախորդող ժամանակահատվածում տեսախցիկը ուղղված է դեպի այն ավտոմեքենայի դիմապակին, որից կատարվել է տեսանկարահանումը, այսինքն` պատկերում է ավտոմեքենայի անմիջապես դիմացի հատվածում տեղի ունեցող իրադարձությունները, որի ընթացում հստակ երևում է, որ Դավիթ Համբարձումյանը ավտոմեքենայից գտնվում է շուրջ 5-6 մետր հեռավորության վրա։

Տեսանյութի 00։14 վայրկյանին տեսախցիկը թեքվում է դեպի աջ և նկարահանում է արդեն այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում ավտոմեքենայի աջ դռանը հարակից տարածքում, որտեղ երևում է տուժող Աբրահամ Ինջիղուլյանը։

0։14-00։22 տեսախցիկի տեսադաշտում հայտնվում են տարբեր անձինք, որոնց թվում չկա Դավիթ Համբարձումյանը:

00։22-ին տեսախցիկի տեսադաշտում է հայտնվում ոստիկանության աշխատակից, որը գալիս է այն ուղղությունից, որտեղ մինչ այդ կանգնած են եղել Դավիթ և Գոռ Համբարձումյանները։

00։16-ի դրությամբ վիճաբանությունը, քաշքշուկը և ծեծկռտուքը տուժողների և անհայտ անձանց միջև արդեն ավարտված է, պարզապես տարբեր կողմերից գոռգոռոցներ են լսվում։

Այսինքն` այդ ծեծն ու ջարդը, որը նկարագրվել է մեղադրանքի որոշմամբ, տևել է ընդամենը 10 վայրկյան:

00։20-00։22 հատվածում հստակ լսվում է գոռոց «Հետ բերեք, հետ բերեք արա» բովանդակությամբ, ըստ էության խոսքը վերաբերում է բերման ենթարկված անձանց ազատ արձակելուն, և, ըստ էության, ուղղված է ոստիկանության աշխատակիցներին։

00։32-ին տեսախցիկի տեսադաշտում է հայտնվում ևս մեկ ոստիկանության աշխատակից և այդ ընթացքում վերջիններս հրելով հեռացնում են տուժողներին դեպի ավտոմեքենայի հետնամաս։

Տեսանյութի 00։32-00։33-ին լսվում է կրակոցի նմանվող պայթյունի ձայն։ Հատկանշական է, որ այդ պահին տեսախցիկի դիրքը այնպիսինն է, որ երևում է այն ավտոմեքենայի աջ հայելին, որից կատարվել է տեսանկարահանումը։Հայելու մեջ հստակ երևում է, որ պայթյունի ձայնից անմիջապես հետո ավտոմեքենայի հետնամասում մեծ քանակությամբ ծուխ է առաջանում։

Այսինքն դա ոչ թե կրակոց է, այլ կամ ոստիկանության կողմից կիրառված հատուկ միջոց, կամ ավտոմեքենայի անսարքության պատճառով խլացուցիչից հնչող պայթյունի ձայն և առաջացող ծուխ։
Նշվածը համընկնում է նաև տուժող Արա Պողոսյանի ցուցմունքի հետ, ով նշել է, որ այդ պահին կրակոց չի եղել, այլ եղել է պայթյուն, որի հետևանքով իր կոշիկները պատռվել են։ Տեսանյութի 00։36-ին տեսադաշտում հայտնվում է թվով երրորդ ոստիկանության աշխատակիցը։

Տեսանյութի 00։38-ին տեսադաշտում հայտնվում է թվով չորրորդ ոստիկանության աշխատակիցը, բջջային հեռախոսը ձեռքին, շատ հանգիստ պահվածքով։

Տեսանյութի 00։48-ին պատկերված են տուժողներ Աբրահամ Ինջիղուլյանը և Արա Պողոսյանը, ովքեր տեսանյութի 00։14 վայրկյանից սկսած գտնվել են ավտոմեքենայի, որից կատարվել է տեսանկարահանումը, աջ հատվածում դեպի հետ, այսինքն` չեն գտնվել այնտեղ, որտեղ գտնվել են Դավիթ և Գոռ Համբարձումյանները։

00։51-ին տուժողները շրջվում և քայլում են դեպի այն անձանց կողմ, ում հետ քիչ առաջ վիճաբանում էին, հստակ երևում է, որ այդ ընթացքում վերջիններիս որևէ մեկը չի հարվածում, ընդհակառակը` փորձում են հանդարտեցնել։

Ըստ տեսանյութի բուն վիճաբանությունը և քաշքշուկը ամբողջությամբ ավարտվում է 00։14-ին։

Հ.Գ. Այս պայմաններում ինչպե՞ս կարող ենք չաղաղակել, որ Դավիթ Համբարձումյանը քաղբանտարկյալ է: Ամեն ինչ շատ ակնհայտ և պարզ է:

Պարզապես մի բան մոռացվում է.

Աստծո դատաստանից ոչ ոք չի կարող փախչել: Չորս երեխայի անմեղ հորը ՔԿՀ ուղարկելը չի կարող լինել ընդունելի՝ ո՛չ բարոյական, ո՛չ իրավական առումով:

Սա հերթական նոնսենսն է, որի նպատակը Դավիթին մեկուսացնելն է քաղաքական գործընթացներից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930