-Ձեւակերպումն այսպես էր, չէ՞՝ ցարական քարտեզներում չկա Սեւան, կա Գյոյչա; Չեմ կարծում, որ Ալիեւն ասում է՝ այսօր չկա Սեւան, կա Գյոյչա: Իհարկե, սա ամենակառուցողական ձեւակերպումը չէ, եւ չէինք ասի՝ տեղավորվում է խաղաղության նարատիվի մեջ,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով Ալիեւի վերջին սկանդալային հայտարարությունը, որով հայկական մի շարք տեղանունների տվել էր ադրբեջանական անուններ:
-Ես ել կարող եմ ասել, որ կան բազմաթիվ ցարական քարտեզներ, որտեղ կա Սեւան: Չեմ ուզում պատմության մեջ ավելի հետ գնալ , որովհետեւ կարող է շատ անհարմար վիճակ ստեղծվի եւ հայկական տեղանուններ տեսնենք մի քիչ ավելի լայն տարածքի վրա: Եկեք խոսենք իրական Հայաստանի, Ադրբեջանի կողմից ճանաչված սահմանների մասին,- հավելեց Միրզոյանը:
Պատասխանելով ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ հարցին՝ Միրզոյանը շարունակեց.
-Ոնց որ թե ինչ-որ կոմպոնենտ ապաշրջափակման արդեն եղավ: Հենց հիմա մտել են ՀՀ սահման կամ մոտենում են ՀՀ սահմանին բեռներ, որոնք շարժվում են ՌԴ-ից եւ Ղազախստանից եւ անցնում են ադրբեջանական երկաթուղիներով: Կարո՞ղ ենք ասել, որ ապաշրջափակման մի կոմպոնենտ եղավ: Կարծում եմ՝ այո: Կլինի հետո ուրիշ կոմպոնենտ: Կլինի նաեւ ՀՀ -Ադրբեջան ուղիղ կապող երկաթուղի: Ինտենսիվ քննարկումներ են ընթանում, չեմ կարող ասել՝ երբ կդրվի առաջին ռելսը, երբ կգնա առաջին վագոնը, մենք շահագրգռված ենք, որ դա լինի օր առաջ:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին՝ նախարարն ասաց, որ Թուրքիայի հետ ունեն գրեթե ամենօրյա երկխոսություն, դրա վերջնանպատակը դիվանագիտական հարաբերություններ հաստատելն ու սահմանների բացումն է:
-Այս ճանապարհին առաջիկայում կունենանք շոշափելի արդյունքներ,- հավելեց նա:
Միրզոյանը դժվարացավ հստակ ժամկետ նշել, թե ի վերջո, երբ կստորագրվի խաղաղության համաձայնագիրը, ասաց՝ նախաստորագրմամբ ՀՀ եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունն արդեն հաստատված ու արձանագրված է;
Լրագրողի դիտարկմանը, թե Բաքվի կողմից ապակառուցողական հայտարարությունները շարունակվում են, ի պատասխան ասաց. «Բաքվից կառուցողական քայլերն էլ են շարունակվում, հը՞: Մենք մի րոպե առաջ խոսում էինք Ադրբեջանով ՀՀ մտնող բեռների մասին, կարո՞ղ եք սա ապակառուցողական նկարագրել, կարծում եմ՝ ոչ այդքան»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































