Լոռե բերդաքաղաքում Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախմբի (արշավախմբի պետ՝ Ա. Նալբանդյան) 2025 թ. իրականացրած փրկարարական-հետախուզական պեղումները բավականին հետաքրքիր և լուրջ արդյունքներ տվեցին։
Վերականգնման ծրագրի շրջանակներում իրականացվող աշխատանքների ժամանակ պեղվեց և ուսումնասիրվեց երկրորդ (արքայական) բաղնիքի լողասրահի՝ ձորին հարող հատվածը, որը, ձորի եզրին գտնվելու պատճառով, կիսով չափ քանդված էր։ Այստեղ բացվեցին պատերի հիմքեր, երկու ջրավազան՝ ջրամատակարարման ու ջրահեռացման համակարգերով։
Գտնվեցին մեծ թվով ջնարակված և հասարակ խեցեղեն, և որպես բացառիկ նմուշ՝ սիրամարգի պատկերով շքաղյուսը։
Հետաքրքիր էին պեղումները նաև պարսպի տարբեր հատվածներում, այդ թվում՝ պարսպի կենտրոնում, մոտ 5 մ բարձրության վրա գտնվող գաղտնարանի մուտքի պեղումները, որի արդյունքում այն բացվեց գրեթե իր ամբողջ լայնությամբ, ինչը կնպաստի վերականգնման նախագծի ավելի ճշգրիտ կազմելուն։
Հատկապես ուշագրավ են պեղումները պարսպի մուտքի մոտ, որտեղ հետախուզական աշխատանքների ընթացքում ի հայտ եկավ միջնադարյան ճանապարհ՝ շարված սալաքարերով, տապանաքարերով, ինչպես նաև այդ ճանապարհի եզրաքարերը, որտեղ նույնպես օգտագործված են մեծ թվով զանազան կոթողների, այդ թվում՝ որմնակամարներով պատվանդանի հետաքրքիր բեկորներ։
Կարդացեք նաև
Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն


















































