Ներդրվում է էլեկտրոնային ծանուցումների ամբողջական մեխանիզմ: Եթե անձն այդ մեխանիզմի բոլոր փուլերով ծանուցվի, ապա համարվելու է պատշաճ ծանուցված: Կարեւոր քայլ է կատարվում ֆիզիկական եւ իրավաբանական անձանց ծանուցումների հարցը կարգավորելու տեսանկյունից:
«Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» եւ կից մի շարք օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվել է Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: Այն ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը:
Ֆիզիկական անձանց պարագայում գործելու է էլեկտրոնային հարթակ, թվային միջավայր, որտեղ անձը մուտք է գործելու խիստ նույնականացման միջոցով՝ նույնականացման քարտի կամ բջջային նույնականացման: Ծանուցումն այդ հարթակում տեղադրվելու է, եւ եթե անձն այդ հարթակ մուտք գործի, համարվելու է ծանուցված: Անձը կարող է նաեւ տրամադրել հավելյալ կապի միջոցներ՝ անձնական էլեկտրոնային փոստ, հեռախոսահամար, որով հավելյալ կտեղեկացվի իր հարթակում ծանուցում տեղադրելու մասին: Եթե հարթակում տեղադրվելուց հետո երեք օրվա ընթացքում անձը մուտք չգործի համակարգ, ապա հիբրիդային առաքանու միջոցով պատվիրված նամակն ուղարկվելու է անձի հաշվառման հասցեով: Հիբրիդային առաքանին այն է, երբ ծանուցողը որեւէ ծրար կամ նամակ չի ուղարկում, այլ էլեկտրոնային ծանուցումն ավտոմատ փոխանցվում է փոստին ու փոստային ծրարավորվում եւ ուղարկում է անձի հաշվառման հասցեով: Եթե այս եղանակով ուղարկվելուց հետո 7 օրվա դրությամբ արձանագրվում է, որ անձը չի ստացել ծանուցումը կամ հրաժարվել է ստանալ, ապա ծանուցումը տեղադրվում է azdarar.am հարթակում, իրականացվում է հրապարակային ծանուցում, որից հետո 7-րդ օրն անձը համարվում է պատշաճ ծանուցված:
Եթե ֆիզիկական անձը հարթակի միջոցով տվել է համաձայնություն, որով հավաստում է, որ իրեն բացառապես էլեկտրոնային եղանակով կարող են ծանուցումներ ուղարկվել, ապա ծանուցումներն իրականացվելու են բացառապես էլեկտրոնային եղանակով, եւ այդ դեպքում ծանուցումը տեղադրելուց հետո 3-րդ օրն անձը համարվելու է պատշաճ ծանուցված անկախ այն հանգամանքից՝ անձը մուտք է գործե՞լ այդ հարթակ, թե՝ ոչ: Այսինքն՝ տվյալ դեպքում այլեւս չի իրականացվելու լրացուցիչ հիբրիդ փոստով եւ azdarar.am հարթակով ծանուցում:
Կարդացեք նաև
Իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերի պարագայում ծանուցման համար օգտագործվելու է հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային կառավարման համակարգը: Սա այն հարթակն է, որտեղ կազմակերպությունները, հատկապես տնտեսավարողները գրեթե ամենօրյա ռեժիմով մուտք են գործում: Կազմակերպություններն աշխատելու համար մտնելու են հարթակ եւ տեսնելու են իրենց ծանուցումներն էլեկտրոնային ոչ միայն ՊԵԿ-ից, այլ նաեւ այլ մարմիններից:
Իրավաբանական անձինք եւ անհատ ձեռնարկատերերը պատշաճ ծանուցվելու են: ՊԵԿ համակարգի իրենց անձնական էջում ծանուցումը տեղադրվելու օրվան հաջորդող երրորդ օրվանից, եթե վերջիններս այդ ընթացքում մուտք չգործեն համակարգ, ապա ծանուցումը միանգամից տեղադրվելու է azdarar.am կայքում: Տեղադրելուց հետո 5-րդ օրը վերջիններս համարվելու են պատշաճ ծանուցված:
Ծանուցումների տեղադրման կարգը եւ տեխնիկական այլ մանրամասներ սահմանվելու են Կառավարության որոշմամբ:
Անձանց կողմից համակարգ մուտք գործելը կամ ծանուցումը կարդալը արձանագրվելու է համակարգի կողմից: Պետական եւ տեղական ինքնակառավարման մարմիններից բացի իրավաբանական անձանց եւ անհատ ձեռնարկատերերին հնարավորություն է տրվելու միանալ այս հարթակին եւ այլ անձանց ծանուցել էլեկտրոնային եղանակով, որը եւս կհամարվի պատշաճ ծանուցում: Այս դեպքում մասնավոր սուբյեկտների համար նախատեսվում է պետական տուրքի սահմանում՝ այդ հարթակի միջոցով ծանուցումների իրականացման համար:
Օրենքի նախագիծն ուժի մեջ է մտնելու 2026 թվականի հունվարի մեկից:
Պատգամավորները հարցուպատասխանի ձեւաչափում անդրադարձել են ծանուցման ընթացակարգերի հասանելիությանը, անձի խիստ նույնականացման համակարգին, անձնական տվյալների պաշտպանության ապահովմանը, բարեխիղճ ծանուցվողների իրավունքների պաշտպանությանը եւ այլ խնդիրների: Կարեւորվել է այս փոփոխությունների վերաբերյալ իրազեկման արշավի կազմակերպումը: Նախարարը պարզաբանել է, որ թղթային ծանուցման տարբերակը պահպանվել է: Թվային ծանուցումը ինչպես պետական մարմինների, այնպես էլ ծանուցվող քաղաքացիների համար լինելու է անվճար: Վճարովի լինելու է միայն այն քաղաքացիների համար, որոնք կցանկանան ինչ-որ մեկին ծանուցել: Այդպես վճարովի է նաեւ փոստային առաքման միջոցով ծանուցման իրականացումը:
Քվեարկության արդյունքում հարցը ստացել է բացասական եզրակացություն:
ԱԺ


















































