Լրահոս
Օրվա լրահոսը

«Էլեկտրոնային ծանուցումից 5 օր հետո ծանուցումն իրականացվելու է փոստով, ապա հաջորդելու են ծանուցման մյուս եղանակները»

Մայիս 10,2024 16:35

Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի եւ հանգամանքների շրջանակը:

Ազգային ժողովի պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը մայիսի 10-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Հրաչյա Սարգսյանը: Առաջարկվում է օրենքի 20-րդ հոդվածը լրացնել 4-րդ, 5-րդ եւ 6-րդ մասերով: Սահմանվում է, որ սույն հոդվածի 4-րդ մասի համաձայն քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք են համարվում` ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը, փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում` ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը, անհատական ծանուցման դեպքում` «Ինտերնետով հրապարակային եւ անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը, հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված ՀՀ հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում՝ azdarar.am, քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը:

Սահմանվում է, որ քաղաքացուն պատշաճ ծանուցում է համարվում ծանուցագիրը փաստաթղթային կամ փոստային կապի միջոցով կամ անհատական կամ հրապարակային եղանակով տրամադրումը:

Պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը հարցրել է՝ ի՞նչ է լինելու այն պարագայում, երբ որեւէ կերպով քաղաքացին չի ծանուցվում: Հրաչյա Սարգսյանը պարզաբանել է, որ այդ պարագայում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված են պատասխանատվության միջոցներ:

Նշվել է, որ ծանուցումից առաջ ստուգվելու է՝ քաղաքացին երկրո՞ւմ է, թե՝ ոչ:

Մտքերի փոխանակության ձեւաչափում փոխնախարարը հայտնել է, որ նախագծի անհրաժեշտությունն առաջացել է, քանի որ քաղաքացիներին ծանուցելու հետ կապված որոշակի խնդիրներ կանգ շատ հաճախ քաղաքացիները միտումնավոր խուսափում են ծանուցվելուց:

Հրաչյա Սարգսյանը հայտնել է, որ սկզբում քաղաքացին ծանուցվելու է իր պաշտոնական էլեկտրոնային փոստի միջոցով: Պաշտոնական էլեկտրոնային փոստ համարվում է այն էլ. փոստը, որը քաղաքացին ստանում է նույնականացման քարտ ստանալիս: Էլեկտրոնային ծանուցումից 5 օր հետո ծանուցումն իրականացվելու է թղթային եղանակով՝ փոստի միջոցով, այնուհետեւ հաջորդելու են ծանուցման մյուս եղանակները: Վերջին ծանուցումից 10 օր հետո, որը լինելու է azdarar.am կայքով, քաղաքացին համարվելու է պաշտոնապես ծանուցված:

Պատգամավորները եւ փորձագետները ներկայացրել են որոշ առաջարկներ եւ դիտողություններ, որոնք կքննարկվեն հեղինակի կողմից:

Հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031