«Ժողովրդավարական հաստատություններում վստահության բացակայությունը նվազեցնում է ժողովրդավարական լեգիմիտությունն ու կայունությունը ներքին և արտաքին վտանգների նկատմամբ»,-Ստրասբուրգում անցկացվող «Ժողովրդավարությունը վտանգված է. ինչպե՞ս կարող ենք այն վերակենդանացնել» խորագրով ժողովրդավարության համաշխարհային ֆորում-2025-ի ժամանակ հայտարարեց եվրոպացի լրագրող (Ֆրանսիա, Միացյալ Թագավորություն) Ալեքս Թեյլորը։
Ժողովրդավարության համաշխարհային ֆորումը միավորում է քաղաքականություններ մշակողներին, ակտիվիստներին, փորձագետներին, մտավորականներին և երիտասարդներին ամբողջ աշխարհից։ Նոյեմբերի 5-7-ն անցկացվող ֆորումի ընթացքում նրանք ուսումնասիրում են քաղաքացիների՝ ժողովրդավարությունից հրաժարվելու պատճառները և փնտրում լուծումներ՝ ժողովրդավարական մշակույթն ամրապնդելու, ապատեղեկատվության դեմ պայքարելու և քաղաքացիական մասնակցությունը խթանելու համար։
Ըստ Ալեքս Թեյլորի՝ ժողովրդավարության համար վտանգավոր է հատկապես այն հանգամանքը, երբ քաղաքացիներն այլևս ներդրում չեն կատարում ժողովրդավարական արժեքների հարցում և դուրս են մղվում, մասնակցություն չեն ունենում։ Այս դեպքում լրագրությունը կարևոր դերակատարում ունի։ Լրագրությունը, մշակույթը կարևոր տարրեր են ժողովրդավարական կայունության ապահովման համար՝ ծառայելով որպես կենսական ուղիներ բազմակարծության, ներառականության և հանրային ներգրավվածության ապահովման համար»։
Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության գլոբալ հարցերի վարչության տնօրեն Սալինա Գրենետ-Կատալանոն հրատապ խնդիր համարեց ժողովրդավարության համար պայքարը ու նշեց․ «Եվրոպան արդեն մոբիլիզացված է։ Ամբողջ աշխարհում կա մշտական ձգտում դեպի ժողովրդավարություն, և մենք պետք է հաստատենք դրական օրակարգ ժողովրդավարության համար։ Այսօր մեր դերակատարությունն ավելի մեծ է, քան երբևէ։ ԵԽ-ն ժողովրդավարության լաբորատորիան է»։
Կարդացեք նաև
Ստրասբուրգի քաղաքապետ Ժաննա Բարսեղյանը, ողջունելով ֆորումի մասնակիցներին Ստրասբուրգում, կարևորեց պայքարը ապատեղեկատվության դեմ նաև տեղական մակարդակում․ «Եվրոպայի պատմությունը և ապագան Ստրասբուրգում է գրվում։ Եվրոպայում հաշտության և խաղաղության խորհրդանիշը Ստրասբուրգն է»։
Ստրասբուրգի քաղաքապետն ահազանգեց՝ ժողովրդավարությունն այսօր վտանգված է․ «Մտահոգված եմ ապատեղեկատվության տարածմամբ, որը կատարվում է սոցիալական մեդիայով, լրատվամիջոցներով նաև տեղական մակարդակում։ Ամենևին այն կարծիքին չեմ, որ թվայնացումը ժողովրդավարության թշնամին է, բայց թվայնացումն այժմ մի շարք մարտահրավերներ է առաջացրել, որոնց դեմ պետք է պայքարել նորարարական գործիքների ներդրմամբ»։
Հարցին՝ ինչպե՞ս եք կրթում երիտասարդներին, որ պահպանեն խաղաղությունը, Էլզասի նահանգապետ Պասկալ Ֆեյֆերը նշեց․ «Այստեղ մենք մեծապես տուժել ենք պատերազմից։ Մենք գիտենք՝ ինչ է նշանակում չունենալ խաղաղություն։ Մենք միշտ ցանկացել ենք պատմությունը կենդանի պահել։ Էլզասը մի տարածք է, որը գերմանական-ֆրանսիական հաշտության լավ օրինակ է։ Խաղաղությունը միայն պատմությունը չէ, այլ պահանջում է ամենօրյա աշխատանք է։ Էլզասի եվրոպական իշխանություններն ամեն օր աշխատում են հարևանների հետ, մենք պահպանում ենք նաև պատմությունը: Հանդիպումներ ենք կազմակերպում միջնակարգ դպրոցներում, աշխատում երիտասարդների հետ։ Հարյուրավոր երիտասարդներ հյուրընկալվում են Եվրոպական խորհրդարանում, շատերը դառնում են նաև խաղաղության դեսպաններ։ Այսպես պետք է երիտասարդներին պատրաստենք ապագայի համար»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստրասբուրգ



















































