«Հրապարակի» զրուցակիցն աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար, «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աշոտ Եսայանն է:
– Վերջին տարիներին երեխաների հետ կապված այնպիսի ահասարսուռ իրադարձություններ են տեղի ունենում, որ հասարակությունն ամիսներով չի կարողանում ուշքի գալ: Մի տեղ մայրն է երեխաներին սեռական բռնության ենթարկում եւ դաժանաբար ծեծում, ապա տեսանկարահանում եւ վաճառում, մի ուրիշ տեղ մայրը հաշմանդամ դստերն այնքան է ծեծում, որ սպանում է, այլ դեպքում հայր կոչվածը երեք տարեկան երեխային է դաժանաբար խեղդամահ անում եւ դիակը տեղափոխում: Ի՞նչն է նման դեպքերի պատճառը, գուցե դրանք չեն շատացել, այլ պարզապես հանրային հնչեղություն են ստացել: Ի՞նչ նախադեպ է սա:
– Մարդկության ողջ պատմության ընթացքում, ցավալիորեն, միշտ էլ նման դեպքեր եղել են: Սպանությունն ինքնին սարսափելի երեւույթ է, սակայն գոնե կարելի է ընկալել, եթե այն տեղի է ունենում չափահասների վիճաբանության եւ կռվի ժամանակ: Այդ ժամանակ գոնե ինչ-որ կերպ գլխիդ մեջ կարողանում ես տեղավորել կատարվածը, բայց այն, որ 3 տարեկան երեխային հայրը կարող է դաժանորեն սպանել, ընկալելի չէ: Որտե՞ղ էիք, մարդ Աստծո: Ի վերջո, գյուղ է, կան հարեւաններ, չկան 16 հարկանի բազմաբնակարան շենքեր, բոլորն էլ իրար ճանաչում են: Օրենք ունենք ընտանեկան բռնության վերաբերյալ, տարատեսակ ՀԿ-ներ: Հասարակության մեջ կարծիք կար, որ ընտանեկան բռնությունն ամեն մեկի ընտանիքի հարցն է, եւ չարժե դրան միջամտել, սակայն օրենքն իրականում հստակ կարգավորում է խնդիրը: Որտե՞ղ են սոցիալական ծառայությունները, որտե՞ղ է ոստիկանությունը: Սրանք հարցեր են, որոնք պետք է տալ, բայց միեւնույն ժամանակ, իմ կարծիքով, այս պատմության ամենամեծ մեղավորները հարեւաններն են: Հարեւանները վստահաբար գիտեն՝ ով ով է: Եթե Երեւանի բազմաբնակարան շենքերում շատերն իրար չեն էլ ճանաչում, ապա գյուղերում դա բացառված բան է: Այդ ընտանիքում անպայման ինչ-որ շեղումներ նկատել են տեղացիները, սակայն լռել են: Մարդը եթե հոգեկան հիվանդ է եղել, ապա ինչո՞ւ համապատասխան ծառայությունները չեն զբաղվել, ինչպես նաեւ հարց է ծագում` այդ տղամարդը եղե՞լ է հոգեբուժական ծառայությունում, գուցե բուժման ենթակա է եղել, գուցե` ոչ, սակայն այս ամենը փաստում է այն մասին, որ անտարբերությունը մեր ժողովրդի համար դարձել է մեծ ողբերգություն:
– Բայց արդյո՞ք հարեւաններն են այս ամենի պատասխանատուն: Սոցիալական ինստիտուտներ Հայաստանում գոյություն չունե՞ն:
– Այժմ ցավալիորեն մեծ անտարբերություն է նկատվում: Մենք այն կարող ենք ուղղակի ոչնչացնել: Սոցիալական ծառայությունը չի կարող այնքան ակնոց ունենալ, որ կարողանա հերթով տեսնել, թե ում ընտանիքում ինչ է կատարվում: Դա առաջին հերթին պետք է գա դպրոցից, մանկապարտեզից, ինչպես նաեւ՝ հարեւաններից: Պետք է ահազանգել եւ կանխարգելել: Հայաստանում 450 ՀԿ է գրանցված, բայց արդյո՞ք դրանցից գոնե 100-ը գործում է մշտապես: Երբեմն ոմանք հպարտանում են, որ Հայաստանն այնքան դեմոկրատ երկիր է, որ այդքան հասարակական կազմակերպություններ են գործում, բայց ինչո՞վ են դրանք զբաղվում:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































