«1990-ականներին, երբ ինտերնետի հանրայնացումը սկսեց լայն գործածություն գտնել աշխարհում, դա իր արձագանքը գտավ Հայաստանում արդեն 2000-ականներին, երբ այն սկսեց ազդել կենցաղի, սոցիալ-հոգեբանության, արդյունաբերության, կապի համակարգերի, մարդկանց առօրյա ապրելակերպերի վրա: Մենք սիրում ենք արագ շարժվել, բայց կտրուկ զարգացումներին այնքան ուշադրություն չդարձնել, միեւնույն ժամանակ պետք է արձանագրել, որ ինտերնետն ընդհանրապես մարդկության ամբողջ կյանքը եւ կենցաղը փոխել է… Այսօր առերեսվում ենք մի իրավիճակի հետ, երբ արհեստական բանականությունը փոխում է ամբողջական արդյունաբերական ոլորտներ»,- Ինտերնետ կառավարման հայաստանյան 10-րդ համաժողովի՝ ArmIGF2025-ի բացմանը նշեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը:
Նրա ձեւակերպմամբ, նախկինում, երբ մարդիկ որեւէ երկիր գնալիս առաջնորդվում էին տպագիր քարտեզներով, այժմ անգամ ճանապարհորդության ինդուստրիան է փոխվել, եւ քարտեզները տպագրվում են արխիվների կամ իրավական փաստաթղթերի համար, եթե դրանք թվայնացված չեն, եւ մարդիկ գործածում են իրենց հետախոսները ամեն ինչի համար, այլեւս քաղաքային հեռախոսներ չեն գործում, փոխվել են կրթական համակարգերը, փոխվել է ամեն ինչ:
Կարդացեք նաև
Նա օրինակներ բերեց. «Երբ Հենրի Ֆորդը բոլորի համար մատչելի իր մեքենաներն էր թողարկում, կառքի կառապանները, եւ ձիերով տեղափոխումից գումար աշխատողներն ու օգտվողները քարերով խփում էին այդ մեքենաներին, երբ լվացքի մեքենայի գյուտն էին արել եւ կանանց կենցաղային այդ աշխատանքից ազատություն էր տրվում, մարդիկ լվացքի մեքենաներին փայտերով խփում էին: Այդ նորարությունները շատերի կողմից քարկոծվում էին… Մենք առաջիկայում ականատես կլինենք այն բանին, որ կենցաղային հոգսերն այլեւս հոգալու են մարդանման ռոբոտները՝ արհեստական բանականությամբ զինված, եւ մարդիկ ունենալու են ավելի մեծ հնարավորություններ հոգատարությամբ դաստիարակելու իրենց երեխաներին, զբաղվելու նրանով, ինչը շատ են սիրում»,-ի թիվս այլնի՝ հավելեց Արշակյանը:
Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանի խոսքով, հոբելյանական համաժողովի համատեքստում կարեւոր հարթակ է ստեղծվել, ու մասնավոր, ակադեմիական, մասնագիտական, պետական հատվածը միասին քննարկում է ինտերնետի հասանելիության, անվտանգության եւ զարգացման խնդիրները:
«Վստահության միջավայրը գալիս է ինտերնետ միջավայրի վստահությունից, որն ուղղակիորեն առնչվում է նաեւ կիբերանվտանգության ռիսկերի հետ, որի հետ մեր գործակալությունն առնչվում է, եւ ինստիտուցիոնալ հենքերն է ձեւավորում՝ ազգային մակարդակով այդ խնդիրը լուծելու տեսակետից:
Հիմքը միասնական ստանդարտներն են եւ խթանների ձեւավորումը, որպեսզի մասնավոր հատվածը, պետական մարմինները, ակադեմիական հատվածը կարողանան համատեղ ջանքերով համագործակցային միջավայրում առավելագույնի հասցնել ծառայությունների եւ ենթակառուցվածքների հասանելիությունը քաղաքացիներին»,-ասաց Ներսես Երիցյանը:
Հավելենք, որ միջոցառմանը մասնակցում են ICANN, Եվրոպայի կառավարիչ տնօրեն եւ շահագրգիռ կողմերի հետ կապերի գծով փոխնախագահ Քրիստոֆեր Մոնդինին, բարձրաստիճան այլ հյուրեր Հայաստանից եւ արտասահմանից: Միջոցառման հիմնական թեմաներ են՝ թվային կառավարումը, ո՞վ եւ ինչպե՞ս է առաջնորդելու թվային զարգացումները մեր երկրում, որպեսզի գործընթացը լինի ներառական, հաշվետու եւ արդյունավետ, կապի կայունությունը, որը մարտահրավեր է դեպի ծով ելք չունեցող Հայաստանի համար։ Անդրադարձ է արվելու նաեւ այն թեմային, թե ինչ հնարավորություններ կան՝ արբանյակային ինտերնետ, այլընտրանքային մալուխային երթուղիներ, տեղայնացված թրաֆիք, ինչպես նաեւ թվային ենթակառուցվածքներին, ինտերնետի անվտանգությանը, VPN-ացմանը, բովանդակության կարգավորումներին իրավական համատեքստին, օգտատերերի իրավունքների հավասարակշռման հարցերին եւ այլնին։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ




















































