ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի հետ։ Կողմերը քննարկել են Հայաստան–ԵԽ համագործակցության ընթացիկ հարցերն ու կրթության, գիտության, մշակույթի և մարդու իրավունքների ոլորտներում փոխգործակցության զարգացման ուղիները։
Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվորեն մասնակցել Հայաստան–ԵԽ նոր գործողությունների ծրագրի մշակմանն ու իրականացմանը՝ հատկապես կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում։ Նա շեշտել է, որ այս համագործակցությունը կնպաստի եվրոպական արժեքների ամրապնդմանը և ժողովրդավարության զարգացմանը։
Ժաննա Անդրեասյանը հատուկ կարևորել է կրթության դերակատարությունը ժողովրդավարական մշակույթի ձևավորման գործում՝ ընդգծելով քաղաքացիական և մարդու իրավունքների կրթության ամրապնդման անհրաժեշտությունը։ Այս համատեքստում նախարարն առաջարկել է ընդլայնել ԵԽ-ի հետ համագործակցությունը՝ զարգացնելով մեդիագրագիտության, հանդուրժողականության և ժողովրդավարական մշակույթի ուսուցմանն ուղղված համատեղ ծրագրերը Հայաստանում։
Ներկայացնելով Հայաստանում տեղի ունեցող կրթական բարեփոխումները՝ նախարարը տեղեկացրել է, որ ոլորտում իրականացվում են լայնածավալ և համակարգային փոփոխություններ․ մշակվել և ներդրվել է հանրակրթության պետական նոր չափորոշիչը, որը համահունչ է եվրոպական կրթական արժեքներին ու մոտեցումներին։ Նա ներկայացրել է նաև բարձրագույն կրթության և գիտության ոլորտներում ընթացող բարեփոխումները, անդրադարձել նոր օրենքի ընդունման գործընթացին և ներկայացրել «Ակադեմիական քաղաք» ռազմավարական նախաձեռնությունը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով մշակույթի ոլորտում համագործակցության խորացմանը՝ Ժաննա Անդրեասյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է առավել ակտիվ մասնակցել Եվրոպայի խորհրդի «Cultural Routes» և «Heritage Education» ծրագրերին՝ կարևորելով մշակութային ժառանգության պահպանությունը և դրա միջոցով խաղաղության ու երկխոսության խթանումը։ Նա նաև տեղեկացրել է, որ Կառավարությունը նպատակ ունի զարգացնել մշակութային և ստեղծարար արդյունաբերությունները՝ դիտարկելով մշակութային ժառանգությունը՝ որպես սոցիալ-տնտեսական զարգացման շարժիչ ուժ։ Ժաննա Անդրեասյանը հայտնել է, որ 2025 թվականի նոյեմբերի 26–28-ը Երևանում տեղի կունենա միջազգային «Մշակութային խաչմերուկ. Երևան» համաժողովը, որը նվիրված է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային արտահայտությունների բազմազանության պաշտպանության և խթանման մասին կոնվենցիայի 20-ամյակին։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ԵԽ գլխավոր քարտուղարի նախաձեռնությունը՝ Նոր ժողովրդավարական պակտը։ Նա ընդգծել է՝ նախաձեռնությունն ավելի քան ժամանակին և կարևոր է, և Հայաստանի կառավարությունը լիովին աջակցում է դրան։ Կողմերը քննարկել են մարդու իրավունքների պաշտպանությանը և կրթական անվտանգ միջավայրի ապահովմանը, երիտասարդության ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր՝ կարևորելով բռնության և խտրականության կանխարգելման մեխանիզմների կատարելագործումը։
Հանդիպման ավարտին Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեին՝ Հայաստանի հանդեպ ցուցաբերած ուշադրության և համագործակցության պատրաստակամության համար։ Նա վստահություն է հայտնել, որ այս հանդիպումը նոր էջ կբացի Հայաստան–ԵԽ գործնական համագործակցության պատմության մեջ՝ ի նպաստ Հայաստանի համայնքների, ուսումնական հաստատությունների, մշակութային կառույցների և քաղաքացիների բարօրության։
ՀՀ ԿԳՄՍ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ


















































