Լրահոս
Օրվա լրահոսը

Նոյեմբերի 5-ի դրությամբ Անկախ դիտորդ դաշինքի դիտարկումները շարունակում են մտահոգող լինել

Նոյեմբեր 06,2025 18:45

📌Դիտորդական առաքելությունը սեփական աղբյուրներից ահազանգեր է ստացել ընտրակաշառքի տրամադրման և քաղաքական դրդապատճառներով համայնքային կամ պետական ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցներին աշխատանքից ազատելու մասին։

📌Միաժամանակ, նաև մամուլում է լայնորեն տարածվել Հանրապետություն կուսակցության քարոզչություն իրականացնելու խոչընդոտման վերաբերյալ ահազանգը, որի հետևանքով իրականացված կալանավորումների համաչափությունը հարցեր է առաջացնում։

📝Հարկ է նշել, որ վերոնշյալ ահազանգերի վերաբերյալ Դաշինքը ջանքեր է գործադրում տեղեկությունների վերաբերյալ այլընտրանքային աղբյուրներից, հաստատող կամ մերժող տեղեկություններ ստանալ։

▸Հակիրճ անդրադարձ նախորդ դիտարկումներին

📌Մրցակից քաղաքական ուժերը շարունակում են փոխադարձաբար վնասել քարոզչական պաստառները և / կամ փակցնել դրանք չնախատեսված վայրերում։ Այս իրավիճակի հետ կապված, Դաշինքի տվյալներով, Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը չի ներկայացրել որևէ դիմում համայնքի ղեկավարներին՝ չնախատեսված վայրերում փակցված պաստառները վերացնելու համար։ Պաստառների վնասման համար չի նախաձեռնվում որևէ վարույթ և չի կիրառվում օրենքով նախատեսված պատասխանատվությունը։

📌Ընդդիմադիր ուժերին դահլիճներ չտրամադրելու հարցում նկատելի են երկու օրինաչափություններ։ Հաղթանակ դաշինքի, Հայրենիք և Մայր Հայաստան կուսակցությունների դիմումների մի մասը վերաբերվել է այն օրերին, երբ Վաղարշապատի մշակույթի պալատը չէր կարող տրամադրվել համաձայն նախապես հրապարակված համայնքի ղեկավարի որոշման։ Միաժամանակ Հաղթանակ և Մայր Հայաստան կուսակցությունների այլ օրերի վերաբերյալ դիմումներում կուսակցությունները դահլիճը խնդրում էին տրամադրել 4 ժամով՝ օրենքով նախատեսված առավելագույնը 3 ժամերի փոխարեն։ Այս հիմքով մերժումները, սակայն, հանդիսանում են Վարչարարություն հիմունքների և վարչական վարույթի մասին օրենքի 5-րդ հոդվածի՝ Ձևական պահանջները չարաշահելու արգելքի խախտում։ Այն է վարչարարության հիմնական սկզբունքների խախտմամբ կատարված քարոզչություն իրականացնելու խոչընդոտ։

🗣️Ընտրակաշառքի վերաբերյալ խոսակցությունների սկզբնաղբյուրը հանդիսանում են միաժամանակ մի քանի քաղաքական ուժերի քարոզչությունում ներգրավված թիմերի անդամներ։ Ընդ որում, թե՛ ահազանգող, թե՛ «կասկածյալ»  ուժերը ներկայացնում են ընդդիմությունը։

❗Հիշեցնենք, որ Ընտրական օրենսգրքի համաձայն ընտրակաշառք է համարվում ընտրությանը որևէ ձևով քվեարկելու պայմանով գույք, ներառյալ դրամական միջոց, արժեթուղթ, վճարային այլ գործիք, գույքի նկատմամբ իրավունք, ծառայություն կամ որևէ այլ առավելություն տրամադրելը՝ այդ թվում մասնակից քաղաքական ուժերի, թեկնածուների և նրանց հետ ասոցացվող կառույցների կողմից բարեգործության իրականացումը։ Այս համատեքստում Դաշինքը ջանքեր է գործադրում նաև բնակչության առանձին խոցելի խմբերին՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց, սոցիալապես անապահով անձանց որևէ աջակցություն տրամադրելու մասին ստացված ահազանգերի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար։

Համայնքային և պետական իշխանությունների կողմից քաղաքական դրդապատճառներով աշխատանքից ազատման մասին ահազանգել են ընդդիմադիր թեկնածուները նշելով նման 5 դեպքի մասին, սակայն հրաժարվել են տրամադրել լրացուցիչ տեղեկություններ։

❗Այնուամենայնիվ, ահազանգերն արժանահավատ համարելով, հորդորում ենք քաղաքական դրդապատճառներով աշխատանքից անհիմն ազատված մարդկանց դիմել Անկախ դիտորդ դաշինքի անդամ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՝ իրենց աշխատանքային խախտված իրավունքների վերականգնման նպատակով։

📌Ոսկեհատ գյուղում ընտրողների հետ Հանրապետություն կուսակցության հանդիպմանը և դրան նախորդած տպագիր նյութերի տարածմանը խոչընդոտելու վերաբերյալ տեղեկությունների ստուգման համար Դաշինքի դիտորդը այցեր է իրականացրել բնակավայր, զրուցել բնակիչների հետ, ինչպես նաև դիմել է կուսակցության շտաբ՝ դեպքի մասնակիցների հետ հարցազրույց իրականացնելու խնդրանքով։ Շտաբի ներկայացուցիչը, հղվելով նախաքննական գաղտնիք պահպանելու անհրաժեշտությանը, նշել է, որ թիմի դիրքորոշումն է մեկնաբանություններից զերծ մնալը։ Բնակավայրից զրուցակիցները չեն հաստատում նշված օրը և ժամին բնակավայրի հրապարակի տարածքում լարված իրավիճակի, աղմուկի, բնակիչների կամ քարոզչական հանդիպման մասնակիցների հանդեպ սպառնալից վերաբերմունքի փաստը։

📌Միաժամանակ հարկ է նշել, որ մեր զրուցակիցները կանխակալ վերաբերմունք էին արտահայտում Հանրապետություն կուսակցության բողոքի վերաբերյալ՝ կալանավորված անձանց տուն քարոզչական բուկլետը տանելը գնահատելով «սադրանք»։ Լիահույս ենք, որ տարածքում եղած տեսախցիկների տեսագրության, բնակիչների, ինչպես նաև ներգրավված կողմերի ցուցմունքներով իրավապահ մարմինները կկարողանան վերականգնել իրողությունները։ Ընտրական գործընթացներում հավասարապես անընդունելի է քարոզչություն իրականացնելուն խոչընդոտելը և կալանքը, քաղաքական նպատակահարմարությամբ, որպես պատժիչ միջոց օգտագործելը։

📌Հարկ է նշել, որ դիտարկման ընթացքում բազմաթիվ դեպքեր են արձանագրվել, երբ թեկնածուները, նրանց աջակցող ուժերը և քաղաքացիները վեճի են բռնվել և իրավապահ մարմինների վերաբերմունքը նույնական չի եղել։ Հատկապես Վաղարշապատ համայնքում առանց այդ էլ բևեռացված քաղաքական իրավիճակում իրավապահ մարմինների նման անհամաչափ գործողությունները ոչ թե կանխարգելիչ նշանակություն կարող են ունենալ, այլ էլ ավելի սրել իրավիճակը։

📝Տեղում իրավիճակի վերաբերյալ դիտարկումներին զուգահեռ Անկախ դիտորդ դաշինքը հարկ է համարում արձանագրել, որ ԿԸՀ Վերահսկիչ-վերստուգիչ ծառայությանը տրամադրած հայտարարագրերից երևում է օրենսդրության փոփոխության և իրավակիրառ պրակտիկայի անհամապատասխանությունը։ Այժմ ուժի մեջ մտած կարգավորումներով նախընտրական հիմնադրամ մուտքերը կարող են իրականացվել միայն կուսակցության (կամ դաշինքի անդամ կուսակցությունների) հաշվեհամարներից։ Այնուամենայնիվ, Հայրենիք և Ժառանգություն կուսակցությունների հայտարարագրերից պարզ է, որ նախընտրական հիմնադրամներին փոխանցումներ են իրականացվել ֆիզիկական անձանց կողմից։ Այս նվիրատվությունները պետք է վերադարձվեն։ Միաժամանակ կարևոր է, որ թե՛ կուսակցությունների հաշվեհամարների և թե՛ նախընտրական հիմնադրամի դեպքում գործեն ինքնաշխատ համակարգերը, որոնք կբացառեն օրենքով արգելված աղբյուրներից մուտքերը։ Հակառակ դեպքում՝ հաշվի առնելով սխալ կամ սահմանաչափը գերազանցող նվիրատվությունների վերադարձի համար օրենքով նախատեսված ժամկետները (երկու շաբաթ բնեղենով կամ անուղղակի նվիրատվությունը և 3 ամսում՝ այլ ուղիղ նվիրատվությունը), իրավակիրառ պրակտիկայի այս բացը կարող է օգտագործվել ապօրինի միջոցների միջանկյալ ներգրավման համար։

 

«Անկախ դիտորդ» դաշինք

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930