ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը «Հայելի» ակումբում անդրադառնալով հատկապես վերջին օրերին Ալիեւի արած հակահայ հայտարարություններին՝ ասաց. «Ալիեւի հայտարարությունների մասով ինձ համար որեւէ նորություն չկա: Ալիեւի հայտարարությունը գալիս է ապացուցելու այն պարզ ճշմարտությունը, որ խաղաղության օրակարգ չկա եւ չի կարող լինել: Գոյություն ունի բացառապես Հայաստանի ադրբեջանացման օրակարգ: Եվ Նիկոլ Փաշինյանի խաղաղության օրակարգը ֆեյք է, սուտ է, կեղծիք է: Մենք դրա մասին խոսել ենք: Ամեն գնով խաղաղությունը ստրկացում է, Ադրբեջանի պայմաններով, միակողմանի զիջումներով խաղաղությունը ստրկացում է:
Մեկ անգամ չէ, որ նշել եմ. Արցախում էլ է այսօր խաղաղ, բայց այլեւս հայ չկա, գերեզմանում էլ է խաղաղ, բայց ողջ մարդ չկա: Հետեւաբար, ասել, որ խաղաղություն է եկել, մեծ ցանկության դեպքում դա կարելի է անվանել Հայաստանի ադրբեջանացում:
Ես չեմ զարմանում Ալիեւի հայտարարություններից, որովհետեւ Ալիեւը տարիներ շարունակ նշել է, որ խաղաղության պայմանագիր ինքը կկնքի միայն այն պարագայում, երբ Հայաստանի Հանրապետությունն ունենա նոր սահմանադրություն: Այսինքն, Հայաստանի Հանրապետությունը հրաժարվի իր անձնագրից՝ Անկախության Հռչակագրից: Անկախության Հռչակագիրը մեր պետության, Երրորդ Հանրապետության անձնագիրն է, հավատամքն է, քաղաքական կրոնն է:
Երբ մարդը քրիստոնեությունից դառնում է մահմեդական կամ զրադաշտ, անունը փոխում է չէ՞: Հիմա Նիկոլ Փաշինյանը Հայաստանի անունը չի փոխում, բայց բովանդակությունը ոտքից գլուխ փոխվում է: Երբ իմ գործընկերներն ասում են Երրորդ Հանրապետություն, դասական իմաստով Երրորդ Հանրապետություն այլեւս գոյություն չունի: Դասական իմաստով: Երրորդ Հանրապետությունը Անկախության Հռչակագրի հիմքերն է, եւ Նիկոլ Փաշինյանի ռեժիմը պատերազմ է հայտարարել Անկախության հիմքերին, Անկախության Հռչակագրի հիմքերին:
Կարդացեք նաև
Երրորդ Հանրապետությունը առանց Արցախի ինքնորոշման իրավունքի, առանց Արցախի հայկականության, առանց Արցախի հայ քաղաքացիների, նոնսենս է: Երրորդ Հանրապետությունը առանց ցեղասպանության միջազգային ճանաչման, նոնսենս է, Երրորդ Հանրապետությունը առանց ժողովրդավարության, առանց իշխանությունների տարանջատման սկզբունքի, նոնսենս է:
Ի՞նչ ժողովրդավարության մասին կարելի է խոսել, եթե վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը sms-ով դատական իշխանության ղեկավարին է ազատում: Ու սա դեռ մի խայտառակ արարն է: Երկրորդն էլ կա: Որ միջազգային կազմակերպությունները ծպտուն չեն հանում:
Ալիեւը ինչի՞ պետք է խաղաղության պայմանագիր կնքի, եթե առանց որեւէ խաղաղության պայմանագրի ամեն ինչ ստանում է: Հիշեք, թե նոյեմբերի 9-ից հետո ինչ է ստացել Ալիեւը: Ստացել է Լաչինի միջանցք, ամբողջ Արցախի Հանրապետություն, ստացել է 240 քկմ Հայաստանի օկուպացված տարածք, Սեւ Լճի 30 %, ստացել է Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-ի վերահսկողություն, դելիմիտացիայի եւ դեմարկացիայի անվան տակ ստացել է Տավուշի չորս գյուղեր, ստացել է հայ գերիների իրավունքների պաշտպանությունից հրաժարում: Եվ ինքը շանտաժով Նիկոլ Փաշինյանից ամեն ինչ ստանալու է:
Այդ ամեն ինչը Ալիեւը հո պայմանագրո՞վ չի ստացել: Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ Ստեփանակերտը, Ասկերանը, Մարտակերտը, Ճարտարը, հարյուրից ավել համայնքներ մնում էին հայկական վերահսկողության տակ: Լաչինը իր ամբողջ շրջանով Նիկոլը այդ պայմանագրով է տվե՞լ այդքանը: Իհարկե, ոչ: Զորքերն էլ տեղակայվելու-մնալու էին այնտեղ, որտեղ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 00:00-ի դրությամբ տեղակայված էին:
Մեր զորքերը հիմա՞ որտեղ են: Հետեւաբար, Ալիեւը ամեն ինչ ուզելու է: Ես որպես պատմաբան նշեմ եւ ոչ որպես միայն քաղաքական գործիչ, թուրք-ադրբեջանական քաղաքական ստրատեգիայի մեջ դասական իմաստով Անկախ Հայաստան գոյություն չունի:
Եվ երրորդը: Ալիեւը հենց այնպես չի ասել, որ իրենց պատմական հողերն են: Եվ սա եւս մեկ անգամ ապացույց է, որ ինքը չի ճանաչում Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը: Այն, որ Նիկոլն անընդհատ գոռում է ՝ 29 743, որ ասում է՝ սա ոչ թե Արցախի հանձնում էր, այլ Հայաստանի անկախության ճանաչում էր, Հայաստանի Անկախությունը ճանաչվել է վաղուց: Հայաստանը 1992 թվականի մարտից ՄԱԿ-ի անդամ է, Հայաստանի Հանրապետությունը միջազգային բոլոր հեղինակավոր կառույցների անդամ է վաղուց՝ թե ՄԱԿ-ի, թե ԵԽԽՎ-ի, թե ԵԱՀԿ-ի, թե ԱՊՀ-ի: Ինչի՞ մասին է խոսքը:
Եվ կանգնել, մարդկանց կերակրել, որ ես ձեզ խաղաղություն եմ բերում, կկրկնում եմ, խաղաղություն չէ, դա ստրկացում է: Նիկոլ Փաշինյանը չէ՞ր, որ 2021 թվականի ընտրություններից հետո իր ամբողջ թիմով կանգնում, հայտարարում էր, որ Արցախում ապագա կա, ու ծափահարում էին պառլամենտում: Հիմա կա՞ Արցախում ապագա: Ապագա կա, բայց ադրբեջանցիների համար: Եվ այսօր Հայաստանի Հանրապետությունը, Հայաստանի քաղաքական վերնախավը, քաղաքացիները պետք է դա գիտակցեն: Ինձ մոտ տպավորություն է, որ անտարբերությունը կերել է մեր հասարակության մեծ մասին»:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































