Լրահոս
Դատավորը
Օրվա լրահոսը

«Գյոյչան» ու «Զանգեզուրի միջանցքը» վտանգ չե՞ն

Նոյեմբեր 07,2025 12:00

Ինչո՞ւ ադրբեջանցիները մեքենաներով կարող են գալ Հայաստան, իսկ արցախցիները չեն կարող վերադառնալ Արցախ

Երբ Իլհամ Ալիեւը Սեւանա լիճը «Գյոյչա» է անվանում ու շարունակ խոսում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, դա, պարզվում է, պահանջատիրություն չի: Սակայն, եթե Հայաստանում խոսեն Արարատ լեռան մասին, կամ հիշեն Արցախի ու արցախահայության իրավունքների մասին` դա արդեն պահանջատիրություն է: Այսպիսին է Հայաստանի իշխանությունների բացատրությունների բովանդակությունը:

Հայաստանի վարչապետը ոչ թե խաղաղությանը հակասող եւ հետքայլ է որակում Ադրբեջանի նախագահի՝ Սեւանա լիճը Գյոյչա անվանելու հայտարարությունը, այլ բացատրում է, թե ինչու է Ալիեւը հայկական տարածքն այդպես անվանել. «Ադրբեջանի նախագահն ասել է, որ «ցարական քարտեզներում եթե նայենք, Սեւանա լիճ չկա», կա այլ անուն»:

Ալիեւը, հիշեցնենք, ելույթ ունենալով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտարարել էր, թե տարիներ շարունակ հայկական կողմը եւ սփյուռքը խեղաթյուրել են իրենց պատմությունը, եւ այժմ էլ քարոզչությունը շարունակվում է. «Մենք պետք է դրանց հակադրենք մեր գիտական ճշմարտությունները։ 20-րդ դարի սկզբի հին ռուսական կայսերական քարտեզները հստակ ցույց են տալիս, որ տարածքում գրեթե բոլոր տեղանունները, այսօրվա Հայաստանի բոլոր շրջանները ադրբեջանական ծագում ունեն. Սեւանա լիճ չկա, կա Գյոյչա»: Ահա, Նիկոլ Փաշինյանը պատասխանում է. «Ոչ թե ասել է, որ Սեւանա լճի անունը Գյոյչա է, այլ ասել է, որ եթե նայենք ցարական…»:

Դարձյալ պնդելով, թե Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կոնֆլիկտն ավարտված է, Փաշինյանն օրերս «Օրբելի» վերլուծական կենտրոնի միջոցառման ժամանակ հորդորեց չմոռանալով պատմությունը՝ չմտնել պատմությունը վերարտադրողի վիճելի դերակատարման մեջ. «Որովհետեւ եթե նայենք ցարական ժամանակների քարտեզներին, դե գնանք ուրեմն նայենք, ես բաների մասին ասեցի, Կիրովաբադի եւ Կիրովականի մասին ասեցի, Ելիզավետպոլի ու Ալեքսանդրապոլի մասին չասեցի: Այսինքն՝ մենք պետք է ընտրություն կատարենք, մենք պետք է ընտրություն կատարենք»:

Իսկ Ադրբեջանում ինչո՞վ են զբաղված: Նրանք ուղղակի ապագայի ծրագրեր են մշակում`հստակ պահանջելով, որ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, ու դա կանեն` «ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներով»։ «Մեր ժողովուրդը ներդրում է ունեցել այն երկրների պետականության մեջ, որտեղ ապրում է, եւ այսօր էլ ոչ մի երկրում ադրբեջանցիները խնդիրներ չեն ստեղծում եւ չեն ստեղծի որեւէ պետության կամ որեւէ այլ ժողովրդի համար։ Հետեւաբար, ադրբեջանցիների վերադարձը ժամանակակից Հայաստան չպետք է վախեցնի հայ ժողովրդին եւ պետությանը», օրերս ասել էր Ալիեւը:

Թե ի՞նչ տարածք նկատի ունեն Ադրբեջանում, երբ գործածում են «Զանգեզուրի միջանցք» ձեւակերպումը` ադրբեջանական կողմից հնչող մեկնաբանությունների, գնահատականների համատեքստում պարզ է, որ դա Ադրբեջանի համար ավելի լայն հասկացություն է, եւ այն չի վերաբերում միայն Թրամփի TRIPP-ին:

Փաշինյանն անցյալ ամիս Ալիեւի նշյալ ձեւակերպումների մասով էլ պարզաբանում տվեց` թեման փակված համարելով. «Իմ ընկալումն այն է՝ երբ Ադրբեջանն ասում է «Զանգեզուրի միջանցք», իրենք նկատի ունեն Հորադիզ-Զանգելան ճանապարհը։ Կարող են ասել՝ դա միջանցք է, որը տանում է դեպի Զանգեզուր: Ասում են, թող ասեն, բայց Հայաստանի մասին չէ դա: Այդ երկու ելույթը եւ արձագանքները վերլուծելով՝ ես հասկացա, որ խոսքը Հորադիզ-Զանգելան ճանապարհի մասին է»:

Բացի այդ, արդյո՞ք նույնկերպ, ինչպես Հայաստանի իշխանությունները, Ադրբեջանում էլ համարում են, որ Հայաստանի հետ արդեն խաղաղություն է հաստատվել եւ մնում է միայն հոգ տանել այդ խաղաղության մասին: Ո՛չ:

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը օրերս բացատրեց, թե ինչու Ադրբեջանի նախագահը չի գա Երեւան: Նա հնարավոր չի համարում Ալիեւի մասնակցությունը Երեւանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. «Նախ՝ պաշտոնական հրավեր՝ Ադրբեջանի նախագահի մասնակցության համար դեռ չի ստացվել։ Երկրորդ՝ ներկա պայմաններում մենք չենք կարծում, որ Ադրբեջանի մասնակցությունը այս միջոցառմանը ամենաբարձր մակարդակով հնարավոր կլինի»։

Իսկ ադրբեջանական իշխանական Caliber.az-ը, հղում անելով «դիվանագիտական աղբյուրներին», տեղեկատվություն տարածելով, որ Ալիեւը չի ընդունի այդ հրավերը` պարզաբանելով, թե ինչու. «Ադրբեջանը հավատարիմ է իրական գործողությունների սկզբունքին: Առանց ստորագրված համաձայնագրի եւ գործնական մեխանիզմների գործարկման բարձր մակարդակի՝ այցը կարող է կեղծ տպավորություն ստեղծել գործընթացի ավարտի մասին: Մինչեւ իրավական շրջանակի ստեղծումը եւ պարտավորությունների իրականացումը, նման քայլերը վաղաժամ կլինեն»։

Այնուհետեւ իշխանամետ կայքի հոդվածագիրը շարունակում էր. «Ապագայում բարձր մակարդակի այցելությունների հնարավորությունը չի բացառվում: Ընդհակառակը, խաղաղության պայմանագրի ստորագրումից եւ իրականացումից հետո սա կլինի գործընթացի տրամաբանական շարունակությունը: Այժմ անհրաժեշտ են գործնական քայլեր՝ նախկինում համաձայնեցված պարտավորությունները կատարելու համար, որոնք կամրապնդեն խաղաղությունը ոչ միայն դե ֆակտո, այլեւ դե յուրե»։

Այսինքն, Երեւանից շարունակում են քայլեր ակնկալել ու այդ պահանջները չեն ավարտվելու։ Հենց այդ տրամաբանությամբ էլ Ալիեւն օրերս կրկին հայտարարեց՝ ադրբեջանցիները պետք է վերադառնան Հայաստան, ընդգծելով՝ դա չպետք է վախեցնի հայ ժողովրդին եւ պետությանը։ Ելույթ ունենալով Ադրբեջանի գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման 80-ամյակին նվիրված միջոցառմանը, նա նշեց, թե իր ժողովուրդը «որոշների նման» անջատողականության հակված չէ եւ «ծաղկեցնում է այն հողը, ուր բնակվում է»: Եվ խոսելով վերադարձի մասին՝ Ադրբեջանի նախագահը կրկնել է նախկինում հնչեցրած իր միտքը, թե ադրբեջանցիները Հայաստան պետք է վերադառնան «ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներով»։

Չնայած խաղաղության մասին հայտարարություններին ու Վաշինգտոնում անցած օգոստոսին ստորագրված փաստաթղթերին՝ Ալիեւը կրկին մեղադրանքներ է հնչեցրել հայերի հասցեին ու պնդել, թե Ադրբեջանը 44-օրյա պատերազմում տարել է աննախադեպ, «փայլուն, ամբողջական եւ բացարձակ հաղթանակ»։ «Մեր գիտնականները պետք է աշխատեն պատմական ճշմարտությունները տարածելու ուղղությամբ», – հավելել է Ալիեւը, որի խոսքով՝ Ադրբեջանը դարերի պատմություն ունի, իսկ հայերը Իրանից են բերվել՝ ռուսների ձեռքով. «Մենք չենք ստեղծել այս քարտեզները. դրանք կազմել է ցարական Ռուսաստանը, որը հայերին Իրանից եւ Արեւելյան Անատոլիայից բերել, վերաբնակեցրել է Ղարաբաղում՝ էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզներն արտացոլում են պատմական ճշմարտությունը։ Մենք պետք է ուսումնասիրենք եւ տարածենք դրանք»։

Հայաստանի իշխանությունները Ալիեւի վերոնշյալ ելույթի շեշտադրումներում էլ խնդիր չեն տեսնում: Հայաստանի Ազգային ժողովի նախագահը, որ ավելի վաղ կարծիք էր հայտնել, թե Բաքուն «Արեւմտյան Ադրբեջանի» մասին խոսում է զուտ Ղարաբաղ հայերի վերադարձի պահանջներին ի պատասխան, այժմ էլ պնդել է՝ Ալիեւը շարունակում է այդ հայտարարությունները ներքին լսարանի համար։ Ալեն Սիմոնյանը այդ ելույթում վտանգներ չի տեսնում, ուշադրություն է հրավիրում, որ Ալիեւը մտադիր է «ոչ թե տանկերով, այլ՝ մեքենաներով վերադառնալ»։

Դե իսկ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը նախ նկատել էր, որ Ալիեւի նշյալ ելույթը չի լսել, բայց դատելով նախորդներից ու սահմանի իրավիճակից, կարող է պնդել, որ խաղաղությունը հաստատված փաստ է, եւ որ Ադրբեջանի հռետորաբանությունը կտրուկ օգոստոսի 8-ից փոխվել է:

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն էլ մեկ այլ փաստի անդրադառնալով մատնանշեց հաստատված խաղաղության հանգամանքը. «Ղազախական ցորենից բացի, երկաթուղով Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան հիմա էլ ճանապարհ է ընկել ռուսական ծագման ցորենը: Այսինքն՝ ոչ միայն Ղազախստանից, այլ նաեւ ՌԴ-ից է 90-ականների սկզբից ի վեր առաջին անգամ երկաթուղով Հայաստան որեւէ բան ներմուծվում Ադրբեջանի տարածքով: Խաղաղությունը սա է: Առաջ գնալը սա է»:

Իսկ ինչո՞ւ արցախցիները մեքենաներով չեն կարող վերադառնալ իրենց հայրենիք: Արցախցիների` Արցախ վերադարձի թեմայով քննարկումները, արցախցիների իրավունքների մասին հիշատակումները, ուրեմն, «պահանջատիրություն» են, Արարատի մասին խոսելը` նույնպես, իսկ Բաքվից հնչող բոլոր պահանջները լիովին օրինակա՞ն…

Ի դեպ, Ադրբեջանում նախապատրաստվում են նոյեմբերի 8-ի տոնակատարությունների, Արցախի դեմ 44-օրյա պատերազմում տարած հաղթանակի օրն են նշելու։ Ինչպես հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները` այդ օրը Ադրբեջանում տոնական միջոցառումներ ու Հաղթանակի շքերթ կանցկացվի։ Թուրքիայի նախագահ Էրդողանը կայցելի Ադրբեջան։

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930