Լրահոս
Դատավորը
Օրվա լրահոսը

Գյուղը, բնությունը, անըմբռնելի երեւույթները. կյանքն՝ ըստ Քիառոստամիի ֆիլմի

Նոյեմբեր 07,2025 12:30

Երբ երեւանյան երկարատեւ եւ խիտ ժամերից հետո վերադառնում եմ գյուղ, խաղաղության եւ հանդարտության ինչ-որ զգացողություն եմ ապրում։ Հատուկ ուշադրություն չեմ դարձրել այս զգացողությանը, բայց իրանցի կինոռեժիսոր Աբբաս Քիառոստամիի «Քամին մեզ կտանի» ֆիլմը դիտելուց հետո սկսեցի մտորել դրա շուրջ։

Ֆիլմը նկարահանվել է Իրանում՝ 1999 թվականին։ Պարսկերեն է։ Ֆիլմը ծավալվում է թեհրանցի ֆիլմարտադրող Բեհզադի շուրջ։ Նա այցելում է քրդական գյուղ՝ մի հարյուրամյա կնոջ մոտալուտ մահվանն ընդառաջ։ Նա պատրաստվում է կադրեր նկարահանել կնոջ հոգեհանգստյան եւ հուղարկավորության արարողություններից։

Ժամանած լինելով մայրաքաղաք Թեհրանի բանուկ կյանքից՝ Բեհզադը նախնական շրջանում անգոհունակ է գյուղական թվացյալ անհետաքրքիր կյանքի հանդեպ։ Իր միակ սպասելիքը ծեր կնոջ մահն է։ Օրերը շաբաթներ են դառնում, իսկ կինը շարունակում է ապրել։ Առօրյա գյուղական կյանքը Բեհզադին մղում է գնահատել հասարակ, առօրեական, բայցեւ գեղեցիկ կյանքը։ Այդ կյանքի ընթացքում ականատես ենք լինում որոշ մութ, տարօրինակ եւ անբացատրելի դրվագների նույնպես։ «Քամին մեզ կտանին» նվիրված է կյանքի անտեսված մասերին։ Այլ կերպ ասած, ֆիլմը կյանքի մասին է։

Երբ մտածում ենք ֆիլմերի մասին, սովորաբար ակնկալում ենք հարցադրումներ առաջացնող սյուժե՝ անսպասելի զարգացումներով։ Քիառոստամիի ֆիլմերը խախտում են այս տարածված սպասելիքը։ Այսպես ասենք. սյուժե չկա։ Ֆիլմը զարգանում է ոչ թե դեպքերի հաջորդականությամբ, այլ կերպարների եւ բնության միջոցով։ Պատմությունը հիմնված է Բեհզադի եւ առօրեական առարկաների հետ իր «առնչությունների» վրա։

15:20-ին մի պստիկ խնձոր է ընկնում Բեհզադի ձեռքից։ Դիտողն ականատես է լինում գետնի վրա խնձորի 20 վայրկյան տեւող գլորին։ Լեռան գագաթին Բեհզադը մանրազնին ուշադրությամբ է հետեւում կրիայի՝ շրջելով այն մեջքի վրա (1:25:00)։ Ավելի ուշ նա զննում է հողը փորփրող բլոճի (1:33:15): Էկրանի վրա միջին հեռավորությունից են երեւում այս կադրերը։ 37:25-ին Բեհզադի սափրվելու տեսարանը բացառություն է։ Սափրվելն այնքան սովորական եւ հաճախ հոգնեցուցիչ պարտականություն է տղամարդու համար, բայց կադրում մոտիկից տեսնում ենք Բեհզադի դեմքը, ածելին եւ ածիլվելու փրփուրը։ Սա կրկին ի ցույց է դնում Քիառոստամիի գնահատանքը՝ հանդեպ առօրեական երեւույթների։

Ձայները նույնպես բացահայտում են գյուղական պարզ կյանքն ու բնությունը։ Ֆիլմը հարուստ է, ի մասնավորի, թռչունների, շների, աքաղաղների (13:40), ոչխարների (29:50) եւ կովերի (41:40) ձայներով։ Կան տեսարաններ, որտեղ ռադիոյով հնչում է երաժշտություն։ Կարծես թե հենց քրդական երաժշտություն է։ Նշանակալի են նաեւ դեպի լեռան գագաթ Բեհզադի՝ մեքենա վարելու կրկնվող տեսարանները, որտեղ ընդգծված լսվում է մեքենայի շարժիչի եւ վարի ձայնը։ Անշուշտ, մեքենայի ձայնը կարելի է ասոցացնել քաղաքային կյանքին։ Մեքենայի եւ մոտոցիկլով տեսարանները, սակայն, արժանի են առանձնահատուկ ուշադրության, քանի որ մի կադրում երեւում է միայն տվյալ մեքենան կամ մոտոցիկլը։ Եռուզեռով Թեհրանում այդպես չէր լինի։

Չենք կարող անտեսել Ֆերզադին։ Բեհզադն ու այս գյուղացի մանուկ տղան ընկերանում են։ Նրանց շփումները ձգվում են ճանապարհի ուղղության մասին Բեհզադի հարցերից մինչեւ ծեր կնոջ առողջության մասին զրույցներ։ Զայրույթի պահին Բեհզադը վիրավորում է փոքր տղային։ Ի վերջո մեղավորության զգացողությունը տանջում է նրան։ 1:06:10-ին Բեհզադը՝ միջին տարիքի քաղաքաբնակ ֆիլմարտադրողը, գյուղացի 10 տարեկան տղայից հետաքրքրվում է՝ «Ի՞նչ ես կարծում՝ ես վա՞տն եմ»։

– Ոչ։

– Վստա՞հ ես։

– Այո։

– Ինչպե՞ս ես վստահ։

– Գիտեմ։ Դու լավն ես։

Պատասխանելիս Ֆերզադի ամաչկոտ, բայց անկեղծ ժպիտը խոսուն է։ Ֆերզադը մարմնավորում է գյուղի պարզությունն ու անաղարտությունը։ Հենց ա՛յս պատճառով Բեհզադը, մի կողմ դնելով իր տարիքային գերակայությունը, Ֆերզադին ուղղում է այս բարոյական լիցք կրող հարցը։ Կարծես խոսակցություն լինի ընկերների միջեւ։ Իսկ որքա՞ն արտասովոր է, խորթ է տարիքային այս նկատելի տարբերությամբ անձանց ընկերանալը։

Վերոգրյալը դանդաղորեն նպաստում է Բեհզադի կողմից գյուղական կյանքի եւ ընդհանրապես կյանքի գնահատմանը։ Քանի որ նա եւ իր անձնակազմը գյուղում պետք է մի քանի օր անցկացնեին միայն, մի քանի շաբաթ շարունակ այնտեղ սպասելը խնդիրներ է առաջացնում։ Բեհզադի մտքի խաղաղությունն ընդհատվում է թեհրանցի իր խմբագրի՝ տիկին Գոդարզիի, կողմից անընդհատ զանգերով, որը հետաքրքրվում է աշխատանքների ընթացքով (ինչպես երեւում է 31:00-ին, 52:30-ին կամ 1:32:00-ին): Քիառոստամին կողք կողքի է ցուցադրում գյուղական խաղաղությունն ու վերջնաժամկետներով լի քաղաքային կյանքը, որի բարդությունները շատերին են ծանոթ։

1:10:50-ին, Բեհզադը արտասանում է իրանցի բանաստեղծ Ֆորուղ Ֆարոխզադի բանաստեղծությունը, որի անունն է կրում ֆիլմը։ Բանաստեղծությունը եզրափակվում է հետեւյալ տողով. «Քամին մեզ կտանի»։ Սա վերահաստատում է ֆիլմի ուղերձն, այն է՝ չշտապել եւ թույլ տալ, որ կյանքն, այլաբանորեն՝ քամին, մեզ առաջ շարժի։ Հարց է առաջանում՝ այսօրվա արագաշարժ աշխարհում դա հնարավո՞ր է։

Այս տեսարանը հատկանշական է մեկ այլ տեսանկյունից եւս։ Մութ անասնագոմում 16 տարեկան ամուսնացյալ կինը կով է կթում՝ Բեհզադին կաթ վաճառելու համար։ Կնոջ դեմքը տեսնում է ո՛չ դիտողը, ո՛չ Բեհզադը, չնայած դեմքը լուսավորելու իր հորդորներին։ Լուսարձակը լուսավորում է միայն կովին՝ կթելու համար։ Կինը լռակյաց է։ Բեհզադն արտասանում է բանաստեղծությունը։ Թվում է՝ անհետաքրքիր է Բեհզադի ասմունքը։ Այնուամենայնիվ, շփման ավարտին կինը հետաքրքրվում է՝ քանի՞ տարի է դպրոցում ուսանել Ֆորուղ Ֆարոխզադը։ Բեհզադը պատասխանում է, որ բանաստեղծություն գրելու համար տաղանդ է պետք, կրթությունը պարտադիր չէ։ Բեհզադի կողմից մտերմության այս դրսեւորումը նույնպես խորթ է, ոչ սովորական, հատկապես երբ հաշվի ենք առնում պարսկական եւ քրդական նահապետական մշակույթներում կին-տղամարդ փոխհարաբերությունների սահմանափակումները։ Մեզ հետ էլ պատահում են նման խորթ, ոչ սովորական դեպքեր, բայց այնքան առօրեական են դրանք, որ անցնում են աննկատ։

Ֆիլմի ավարտական տեսարաններից մեկում Բեհզադը բժշկի հետ մոտոցիկլով վերադառնում է հիվանդանոցից։ Բեհզադը փրկել է Յուսեֆին, որը քիչ էր մնում ողջ-ողջ թաղվեր (կրկին, շատ դժվարըմբռնելի հանգամանքներում)։ Հատելով չոր չքնաղ եւ մուգ դեղին ծղոտների դաշտը՝ Բեհզադն ու բժիշկը քննարկում են մեռելադեմ ծերունու առողջական վիճակը։ Բժիշկը կարծիք է հայտնում, որ մահը վատագույն հիվանդությունն է։

Նա ասում է. «Երբ աչքերդ ծածկում ես այս կյանքի, բնության տարերքների, Աստծու բարեպաշտության վրա, նշանակում է, որ այլեւս հետ չես գա»։ Խոսակցությունում դադար է տիրում։ Այս մեկնաբանությունը չափազանց կարեւոր է՝ Քիառոստամիի ուղերձն ընկալելու համար։ Արձագանքելիս՝ Բեհզադը միամտորեն ասում է.

– Ասում են՝ մյուս կյանքն ավելի գեղեցիկ է։

– Բայց…ո՞վ է երբեւէ վերադարձել այնտեղից, որ ասի՝ գեղեցի՞կ է, թե՞ չէ։ «Նախընտրի՛ր ներկան, ոչ գեղադեմ խոստումները։ Անգամ թմբուկի ձայնն է հեռվից հաճոյական հնչում…Նախընտրի՛ր ներկան»։

«3 խոհ «Քամին մեզ կտանիի» մասին» հոդվածում կարդում ենք. «Այն մարդկային, հուզական եւ կյանքը գովերգող երկխոսություն է։ Այն հաստատապես հետք է թողնում Բեհզադի վրա»։

Ինչպես «Եվ կյանքը շարունակվում է» ֆիլմում, Քիառոստամին ներբող է հնչեցնում կյանքի հասցեին։ The Conversation-ում տպագրված հոդվածում Օզլեմ Քոկսալը գրել է. «…որպես ռեժիսոր՝ նա մշտապես տարված է եղել կյանքի առօրեական դետալներով. ընկերասիրություն, փոխհարաբերություններ, խոչընդոտներ, գեղագիտություն, եսասիրություն, փոխօգնություն, գռեհկություն. այս բոլոր երեւույթներն ուսումնասիրվել են»։ Համառոտ ասած, Քիառոստամին պատրաստել է ֆիլմեր՝ կյանքի մասին։ Հետեւաբար, անակնկալի չենք գալիս՝ իմանալով, որ «Քամին մեզ կտանին» ձոն է՝ կյանքին։

Դիտելով Աբբաս Քիառոստամիի ֆիլմը՝ ես այժմ ավելի շատ եմ գնահատում իմ գյուղական կյանքը։ Տեսնում եմ նաեւ, որ կյանքն իսկապես լեցուն է ինչ-որ անըմբռնելի, զարմանալի, մութ դրվագներով։ Այդպես չէ՞։

Հասկացա նաեւ, որ կյանքը հաճելի կլինի, եթե քամո՛ւն թույլ տամ՝ ինձ առաջ մղի։ Սա, բնավ, չի նշանակում, որ կյանքը պետք է «թմրեցնի» մեզ։ Այո, պետք է հաշվարկված որոշումներ կայացնել կյանքի այս կամ այն հատվածի մասին։ Այո, երբեմն պետք է հոսանքին հակառակ գնալ։ Չպետք է արագացնել կյանքի բնական հունը։ Կյանքը դանդաղ է ընթանում, որպեսզի կարողանանք վայելել այն։ Գրում եմ ու մտածում, որ «հաճելի» կամ «վայելել» բառերը տարբեր կերպ են ընկալվում հայերիս մոտ։ Ինձ համար, եւ կարծում եմ՝ ռեժիսորի համար եւս, կյանքի «հաճույք» եւ «վայելք» ասվածի գլխավոր դերում գումարային, այսրոպեական, մակերեսային բավարարությունները չեն։

Այնուամենայնիվ, պետք է վստահել կյանքին, գնահատել այն, հոգ տանել նրա մասին եւ ապրել ներկայում։ Չնայած քրիստոնեական ամուր հավատքիս, «Քամին մեզ կտանին» հետաքրքիր մի ուղերձ է թողել ինձ մոտ. ոչ ոք չի վերադարձել հավերժական կյանքից՝ հաստատելու համար այդ կյանքի բուն եղելությունը։

Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ

Լուսանկարում՝ բժշկի եւ Բեհզադի զրույցը մոտոցիկլի վրա

«Առավոտ» օրաթերթ
06.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930