Ստրասբուրգում անցկացվող «Ժողովրդավարությունը վտանգված է. ինչպե՞ս կարող ենք այն վերակենդանացնել» խորագրով ժողովրդավարության համաշխարհային ֆորում-2025-ի շրջանակներում Aravot.am-ի հետ զրույցում Լրագրողների պաշտպանության կոմիտեի պաշտպանության գծով փոխտնօրեն Թոմ Գիբսոնը մտահոգություն հայտնեց, որ ամբողջ աշխարհում լրագրության նկատմամբ սպառնալիքներն անմիջականորեն կապվում են մասնագիտական գործունեությունն իրականացնելու համար լրագրողներին քրեական հետապնդման ենթարկելու հետ, երբ գործի է դրվում նաև դատական համակարգը։
Թոմ Գիբսոնը նշեց, որ Լրագրողների պաշտպանության կոմիտեն կատարում է ուսումնասիրություններ՝ կապված տարբեր երկրներում լրագրողների նկատմամբ ճնշումների, նրանց մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպքերի վերաբերյալ, ապահովում իրավական աջակցություն լրագրողներին, ինչպես նաև տրամադրում աջակցություն ճգնաժամային իրավիճակներում։ Թոմ Գիբսոնը պատասխանատու է Եվրոպայի տարածքում իրավական աջակցության տրամադրման հարցերի համար։ Նրա համոզմամբ՝ կարևոր է, որ բոլոր այս միջադեպերը փաստագրվեն, որոնք հետագայում իրավական հիմք կարող են դառնալ լրագրողներին իրավական աջակցության տրամադրման հարցում։
Նշենք, որ Կոմիտեի ուշադրության կենտրոնում է նաև Հարավային Կովկասը, այս տարածաշրջանում մամուլի ազատության և լրագրողական համայնքին առնչվող հարցերով զբաղվող առանձին փորձագետ է աշխատում։
Թոմ Գիբսոնը մեզ հետ զրույցում ցավով նշեց, որ շատ երկրներում ականատես ենք լինում, որ լրագրողները պատժվում են միայն նրա համար, որ իրականացնում են իրենց մասնագիտական գործունեությունը՝ արտահայտում են կարծիք, կատարում լրագրողական հետաքննություն․ «Մեր ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ կառավարությունները և պետական համակարգերն օրեցօր ավելի շատ սպառնալիքներ են ներկայացնում լրատվամիջոցներին, ճնշումներ գործադրում լրագրողների նկատմամբ։ Մինչդեռ յուրաքանչյուր կառավարության պոզիտիվ պարտականությունն է ապահովել իրավական, հոգեբանական, ֆիզիկական աջակցություն լրագրողների համար, որպեսզի նրանք կարողանան իրականացնել իրենց մասնագիտական գործունեությունը»։
Կարդացեք նաև
Մեր դիտարկմանը՝ չե՞ք կարծում, որ այս ամենն իրականացնելու համար նաև քաղաքական կամք է անհրաժեշտ, Թոմ Գիբսոնը պատասխանեց․ «Բազմակողմանի ինստիտուտները մեծ դերակատարություն ունեն կառավարությունների վրա՝ իրենց հանձնառությունները կատարելու հարցում ճնշում գործադրելու առումով։ Սակայն ցավալի է, որ այսպես կոչված գործարքային քաղաքականությանը զուգահեռ՝ բազմակողմանի ինստիտուտների դերակատարությունը կառավարություններին հաշվետվողականության պարտադրման հարցում թուլանում է»։
Փորձագետը կարևորեց ԵԽ գլխավոր քարտուղար Ալեն Բերսեի նախաձեռնությունը՝ ստեղծել ժողովրդավարության նոր դաշնագիր, բայց միևնույն ժամանակ վստահեցրեց՝ անհրաժեշտ է, որ այն վերածվի գործուն քայլերի։ Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ կառավարությունները գիտակցում են, որ պետք է հավատարիմ մնան իրենց հանձնառություններին պաշտպանել ազատ խոսքը, անկախ լրագրությունը․ «Ինչ վերաբերում է բազմակողմանի ինստիտուտների ներգրավվածությանը ՝ օրինակ՝ ԵՄ-ն, ՄԱԿ-ը պետք է մշտապես հաղորդակցության մեջ լինեն և հստակորեն քննարկեն, թե ինչ քայլեր պետք է արվեն, որպեսզի պաշտպանվի մամուլի ազատությունը։ Օրինակ՝ Ադրբեջանի պարագայում դա կարող է ներառել անհապաղ կալանավորված անձանց ազատ արձակումը, լրագրողների նկատմամբ իրավական հետապնդումների դադարեցումը։ Այս քայլերը հստակորեն պետք է արձանագրվեն, և պետք է կառավարություններին պահանջ ներկայացվի, որպեսզի այդ գործողություններն իրականացվեն»։
Ըստ Թոմ Գիբսոնի՝ լրագրողների նկատմամբ ճնշումների և տարբեր այլ միջադեպերի փաստարկումը, իրավական աջակցության տրամադրումը հնարավորություն կտա ճանապարհ հարթել ազատ մամուլի համար։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Ստրասբուրգ


















































