«Դի Էս Էյ խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն, ՊԵԿ նախկին նախագահ, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանի ֆեյսբուքյան գրառումը
Երբ Բաքուն պետական ֆինանսավորմամբ կազմակերպում է «Վերադարձ դեպի Արևմտյան Ադրբեջան» խորագրով քննարկումներ, հրատարակում գրքեր, քարտեզներ ու վավերագրական ֆիլմեր՝ Հայաստանի տարածքը «պատմական ադրբեջանական հող» ներկայացնելու համար, Երևանում իշխանությունները զբաղված են հացահատիկի մասին ֆեյսբուքյան գրառումներով՝ որպես «խաղաղության հաղթանակ»։
Մինչ Ադրբեջանը պետական մակարդակով հաստատում է ծրագիր՝ դեպի Հայաստան «ադրբեջանցիների վերադարձի» համար, Հայաստանի իշխանությունները փորձում են համոզել, որ եթե խաղաղության պայմանագրին կասկածում ես՝ ուրեմն պատերազմ ես ուզում։ Արդյունքում, խաղաղության մասին խոսողներն իրենք են դարձել պատերազմի իրական հովանավորները՝ լռությամբ ու անգործությամբ։
Այսօր Ադրբեջանը պետական բյուջեից ֆինանսավորում է 51 նախագիծ՝ նվիրված «Արևմտյան Ադրբեջանի վերադարձին», կազմակերպում է միջազգային համաժողովներ Մարոկկոյում ու Բրյուսելում, հրապարակում քարտեզներ, որտեղ Սևանը կոչվում է Գյոյչա, իսկ Զանգեզուրը՝ միջանցք։ Այս ամենը քաղաքական ծրագրավորված քարոզչություն է, որի նպատակը մեկն է՝ փորձ անել ապացուցել, որ Հայաստանը պարզապես «ժամանակավոր գոյություն ունեցող տարածք» է։
Կարդացեք նաև
Եվ հենց այս պահին, երբ Բաքուն քայլ առ քայլ կառուցում է իր պատմական ռևանշը, Հայաստանի իշխանությունները շարունակում են խաղաղություն քարոզել՝ ոչ թե արժանապատվության, այլ հնազանդության լեզվով։ Նրանք վախենում են անգամ արձագանքել՝ վախենում են խանգարել այն «բարիդրացիությանը», որի գինը կարող է լինել պետության գոյությունը։
Սա արդեն դիվանագիտական կաշկանդվածություն չէ։ Սա ազգային ինքնավերծանման մակարդակի վախ է։ Երբ իշխանությունն իր երկրի տարածքային հավակնությունների մասին լռում է, դա արդեն քաղաքական հաշվարկ չէ, դա բարոյական կապիտուլյացիա է։


















































