«Կառավարության նիստում ընդունվեց որոշում, որը էական նշանակություն կունենա կենսաթոշակների նշանակման, վճարման եւ ստաժի հաշվարկման ժամանակ»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կենսաթոշակային ապահովության եւ այլ դրամական վճարների վարչության պետ Անահիտ Գալստյանը՝ անդրադառնալով կառավարության կողմից կենսաթոշակների նշանակման ընթացակարգերի պարզեցմանը:
«Մենք խնդիր ունեինք տեղեկատվական բազաների տվյալների հետ, որոշները չէին հավաքագրվել, որոշները չէին պահպանվել, եւ դրանց առումով աշխատանքային ստաժի կանոնները բաժանել ենք 3 խմբի՝ մինչեւ 1992 թվականը, 1992-2004թ, 2004-2012թ եւ 2013թ.-ից հետո: Այն ժամանակահատվածները, որ բաժանել ենք եւ իրավական կարգավորումներն էլ տարբեր են, պայմանավորված են նրանով, թե որքանով են առկա տվյալներ: Մինչեւ 1992թ խորհրդային ժամանակահատվածն է, աշխատանքային ստաժը հաստատվում է բացառապես միայն աշխատանքային գրքույկով, իսկ եթե մարդը գրքույկ չի պահել, աշխատանքի ընդունման, ազատման մասին արխիվային փաստաթղթերով, տեղեկանքներով եւ այլն:
1992-2004թթ մեզ համար ստաժ հաստատելու ամենաոչբարենպաստ ժամանակահատվածն է, որովհետեւ այս ժամանակահատվածում տվյալներն ամբողջությամբ չեն պահպանվել:
2004-2012թ արդեն անձնավորված հաշվարկման ժամանակահատվածն է, բավականին տվյալներ ունենք: 2013-ին եւ դրանից հետո հարկային մարմնի կողմից վարվող տեղեկատվական բազայում տվյալներն ամբողջությամբ առկա են: Այնպես որ, աշխատանքային ստաժը հաստատելու մեր աքիլլեսյան գարշապարը 1992-2004 թվականներն են»,-նշեց տիկին Գալստյանը:
Կարդացեք նաև
Նա տեղեկացրեց, որ այժմ առանձնացրել են կազմակերպությունների ցանկ, որտեղ 1992-2004 թթ. աշխատած անձանց ստաժը կհաշվարկվի, եթե աշխատանքային գրքույկը պահպանված լինի։ Այդ ցանկում ընդգրկված կազմակերպություններն են՝ պետական կառույցները, բանկերը, դպրոցները, բուհերը, բուժհաստատությունները, մշակութային կառույցները եւ այլն: Ցանկը հրապարակվելու է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կայքում։
Պաշտոնյան տեղեկացրեց, որ Աշխատանքային ստաժի հաշվարկման նոր մոտեցումը կիրառվելու է նաեւ Արցախից բռնի տեղահանված անձանց նկատմամբ։
Տեսանյութը՝ քիչ անց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ


















































