2025թ․ նոյեմբերի 5-ին առցանց լրատվամիջոցներով հրապարակվել է տեսանյութ, որում Խոյ համայնքի Գեղակերտի միջնակարգ դպրոցի տնօրեն և Վաղարշապատ համայնքի ավագանու ընտրություններում տեղամասային ընտրական հանձնաժողովներից մեկի նախագահ նշանակված Անուշ Համբարձումյանը բարեգործական փաթեթներ է բաժանում համայնքի սոցիալապես անապահով ընտանիքներին։
Դեպքի մասին լրացուցիչ տեղեկություններ պարզելու համար Անկախ դիտորդը ուսումնասիրել է առկա բաց աղբյուրները, ինչպես նաև կապ է հաստատել Անուշ Համբարձումյանի հետ։
Անուշ Համբարձումյանի հավաստմամբ, ինքն առաջարկել է փաթեթները բաշխել ընտրություններից հետո՝ դրանք քարոզչության հետ չկապելու համար, սակայն բարեգործական կազմակերպությունը պնդել է, որ փաթեթները պիտի տրամադրվեն և նվիրատուին հաշվետվություններ ներկայացվեն մինչև 2025թ նոյեմբերի 15-ը։
Անկախ դիտորդը կապ է հաստատել նաև «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության հետ, որի ներկայացուցիչը հաստատել է, որ պահանջել են փաթեթները տրամադրել մինչև այս տարվա նոյեմբերի 15-ը և պնդել, որ իրենց կազմակերպության ղեկավարը «եվրոպացի է» և իրենք կապ չունեն քաղաքական քարոզչության հետ։ Հավելելով, որ նման բարեգործական գործունեություն իրականացնում են այս նաև այլ համայնքներում՝ Վարդենիսում, Գորիսում, Գյումրիում, Վանաձորում։
Կարդացեք նաև
Բաց աղբյուրների (տարբեր համայնքների սոցիալական ցանցերում էջերի, բարեգործական կազմակերպության գործունության վերաբերյալ հրապարակումերի)` ուսումնասիրությունները հաստատում են, թե Անուշ Համբարձումյանի, թե «Կամրջակ» սոցիալ-բարեգործական հասարակական կազմակերպության խոսքերը։
Անկախ դիտորդ դաշինքը հարկ է համարում ընդգծել, որ նման իրավիճակը հնարավոր է դարձել հասարակական գործունեության մի քանի դերերի և իրար հակասող առաքելությունների համատեղման պատճառով.
ընտրական հանձնաժողովի նախագահի կարգավիճակի համատեղումը հասարակական կազմակերպության և քաղաքական կուսակցության անդամի կարգավիճակների հետ։
Ընտրական գործընթացների հանդեպ հասարակական վստահության ձևավորման տեսակետից անհրաժեշտ է հետևողականորեն պահպանել Ընտրական և Քրեական օրենսգրքերով սահմանված սկզբունքները՝ ընտրական հանձնաժողովի անդամի կողմից քարոզչության արգելքի և կուսակցության անդամի կողմից նախընտրական փուլում բարեգործության արգելքի մասին։
Կոչ ենք անում ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեին քննության առնել նշված բարեգործական նպատակով իրականացվող գործողությունների օրինականությունը, հաշվի առնելով, որ դրանք իրականացվում են նախընտրական փուլում և կարող են հանրության շրջանում ընկալվել որպես ընտրակաշառք։ Նաև քննության արդյունքերի մասին տեղեկացնել հանրությանը։
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն իր հերթին պետք է քննարկի տեղամասային ընտրական հանձնաժողովի նախագահի լիազորությունների վաղաժամկետ դադարեցման հարցը։
Ընդունելով բարեգործական կառույցների գործունեության կարևորությունը՝ Անկախ դիտորդը հիշեցնում է, որ ՀՀ Քրեական օրենսգրքով նախընտրական փուլում բարեգործության սահմանափակումը իրավաչափ նպատակ է հետապնդում․ պաշտպանելու հենց սոցիալապես խոցելի խավերի ընտրական իրավունքը՝ զերծ մնալով բարեգործական գործողություններից, դրանք հնարավոր ընտրակաշառք ընկալվելու ռիսկերից։
Ըստ այդմ Անկախ դիտորդ դաշինքը հորդորում է բարեգործական կազմակերպություններին և նրանց նվիրատուներին կամ աջակիցներին՝ հարգել ՀՀ օրենսդրությամբ սահմանված արգելքը և զերծ մնալ նման գործողություններ կատարելուց կամ դրանց դրդելուց, որոնք կարող են ստվերել ընտրությունների հանդեպ հանրային վստահությունը, խախտելով ազատ և արդար ընտրությունների սկզբունքները։


















































