Լրահոս
Օրվա լրահոսը

Ներկայացված է նաեւ պատժամիջոցների ազդեցությունը Հարավային Կովկասի վերափոխումների վրա

Նոյեմբեր 08,2025 12:00

«Վերջին տասնամյակների ընթացքում պատժամիջոցները դարձել են միջազգային հարաբերությունների սուբյեկտների կողմից տարածաշրջանային եւ համաշխարհային քաղաքականությունում կիրառվող ամենատարածված գործիքներից: Միջուկային եւ մասսայական ոչնչացման զենքերի առկայության պայմաններում գերտերությունների միջեւ զինված հակամատությունը կարող է կործանարար հետեւանքներ ունենալ դրանում ներգրավված բոլոր կողմերի համար»,-գրում է Գոռ Պետրոսյանը, որի «Պատժամիջոցները ժամանակակից միջազգային հարաբերություններում» ուսումնամեթոդական ձեռնարկը լույս է տեսել վերջերս (ԵՊՀ հրատարակչություն):

Պատժամիջոցները, որպես միջազգային քաղաքականության գործիք, հանրաճանաչություն ձեռք բերեցին 1945թ.-ին`միջուկային աշխարհակարգի ձեւավորումից հետո:

Գրքի առաջաբանում հեղինակը նշում է, որ 1990-2000թթ. ժամանակահատվածում պատժամիջոցներ կիրառվել են 67 անգամ, նույնքան պատժամիջոցներ են կիրառվել 1915-1975 թվականների ընթացքում: Իսկ 2022 թվականին Ռուսաստանի Դաշնության դեմ կիրառված պատժամիջոցներն աննախադեպ են իրենց քանակով, խորությամբ եւ համաշխարհային քաղաքական գործընթացների վրա ազդեցությամբ:

Գիրքը բաղկացած է երկու մասից` «Պատժամիջոցների հայեցակարգային հիմքերը» եւ «Ռուսատանի դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցները գլոբալ քաղաքական գործընթացների համատեքստում»:

Առաջին մասում ընդգրկված են վեց, երկրորդ մասում յոթ թեմաներ:

Ինչպես հեղինակն է գրել, ձեռնարկի նպատակներն են տրամադրել համապարփակ պատկերացում միջազգային հարաբերություններում պատժամիջոցների կիրառման բնույթի, նպատակի, արդյունավետության եւ ազդեցության վերաբերյալ, ՌԴ օրինակով ուսանողներին ծանոթացնել պատժամիջոցների կիրառման փոփոխակններին, պատժամիջոցներին դիմակայելու հակամիջոցներին: Ներկայացված է նաեւ պատժամիջոցների ազդեցությունը Հարավային Կովկասի աշխարհաքաղաքական վերափոխումների վրա:

Հեղինակը պատասխանում է նաեւ մտովի մեզանից յուրաքանչյուրի հարցերից մեկին` ինչու Ռուսաստանի պատժամիջոցների վերաբերյալ առանձին մաս կա. «Հայաստանը եւ Ռուսաստանը միավորված են ռազմաքաղաքական դաշինքով եւ սերտ առեւտրատնտեսական կապերով, Ռուսաստանը Հայաստանի առեւտրային խոշորագույն գործընկերն է, նաեւ առանցքային է նրա դերակատարությունը անվտանգային ճարտարապետությունում: Ռուսական ռազմաբազայի զինծառայողները հսկում են հայ-թուրքական եւ հայ-իրանական սահմանը: Հետեւապես, Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցներն ուղղակի եւ անուղղակի տնտեսական ու քաղաքական ազդեցություն ունեն Հայաստանի եւ Ռուսաստանի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում վարվող քաղաքականության վրա»:

Ձեռնարկում ներառված նյութերը հասցեագրված են քաղաքագետներին, միջազգայնագետներին եւ հարցի քննությամբ հետաքրքրված այլ մասնագետներին ու գիտական հանրությանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.11.2025

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930