«Եթե 44-օրյա պատերազմի ժամանակ ես լինեի երկրի ղեկավարը, ապա կվարվեի այնպես, ինչպես ապրիլյան քառօրյա պատերազմը սկսվելու օրը վարվեցի»,- AntiFake TV-ի յութուբյան ալիքի «Իմնեմնիմի» փոթքաստի ժամանակ ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ հավելելով, որ նաեւ իշխանություններն են մի քանի անգամ ասել, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան սկսվելու են ռազմական գործողություններ։
«Նախ կզանգահարեի Գլխավոր շտաբի պետին, կասեի՝ արդյոք զորքերը բերել են առաջին մարտական պատրաստականության։ Դրական կամ բացասական պատասխան ստանալուց հետո միեւնույնն է՝ կզանգահարեի Արցախի պաշտպանության բանակի հրամանատարին ու կտայի նույն հարցը։ Բացասական պատասխանի դեպքում, պարզ է, թե ի՞նչ տեղի կունենար, որովհետեւ այդպիսի վերաբերմունքն ուղղակի բոլոր նորմերից դուրս է։ Հանցավոր է։ Հետո կհարցնեի՝ համալրե՞ք եք առաջնագիծը, տեղափոխե՞լ եք հակաօդային պաշտպանության միջոցները, տեղափոխե՞լ եք մեր հրետանային միջոցները, արձակուրդից հե՞տ եք կանչել արձակուրդում գտնվող հրամանատարներին, այդպիսի բազմաթիվ հարցեր։ Ես սա չեմ ասում հետին թվով՝ արդեն իմանալով, որ ինչպես ասում են, առաջին օրը մեր հակաօդային պաշտպանության միջոցների կեսն արդեն ոչնչացվել էին, նաեւ հրետանային միջոցներից։ Սրանք այն պարզունակ բաներ էին, որ պետք էր անել»,-ասաց Սերժ Սարգսյանը՝ զարմանալով՝ ինչպե՞ս է հնարավոր մի քանի ժամում կորցնել հակաօդային պաշտպանության միջոցների կեսը․ «Անհնար է»։
«Գլխավոր շտաբի պետից ստանալով պատասխան՝ այո, ես արդեն կհարցնեի՝ արդյոք նույն պատրաստականության են բերել նաեւ մեր հեռահար հարվածային միջոցները։ Դրական պատասխանից հետո, բնականաբար, արդեն վստահ կլինեի, որ եթե սկսվեն ռազմական գործողությունները, առաջինը դրանք պետք է արվեին։ Այն ժամանակ մենք ունեինք անօդաչու թռչող սարքեր, ճիշտ է, հետախուզական, գիշերային դիտարկման սարքավորումներ եւ հստակ կարելի էր տեսնել այն գործողությունները որոնք առավոտյան պետք է սկսվեին, արդեն սկսվո՞ւմ են, թե ոչ, որովհետեւ զորքերի համախմբում կլիներ, անհնար էր չնկատել այդ ամենը։ Կսպասեի մինչեւ այն պահը, երբ իրենց առաջին հարձակումը լիներ, կօգտագործեինք հզոր միջոցները։ Դա կարող էր բերել նույնիսկ այդ հարձակողական օպերացիայի կանխարգելմանը, ձախողմանը»։
Սերժ Սարգսյանը հիշեցրեց ապրիլյան քառօրյա պատերազմը, որը հանկարծակի էր եւ այդ մասին իրեն զեկուցել են օդանավում, երբ ԱՄՆ էր մեկնում․ «Ընդամենը զանգել եմ պաշտպանության նախարարին եւ ասել եմ մեր պաշտպանողական պլանը, գործողությունների պլանը դրե՞լ եք գործողության մեջ, թե՞ ոչ։ Ասաց՝ այո։ Զանգել եմ պաշտպանության բանակի հրամանատարին, ուղղակի իմ աջակցությունն եմ հայտնել, ասել եմ, որ …սպասեք»։
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































