Լրահոս
Օրվա լրահոսը

«Դեղին թեմաները» եւ ուժային համակարգի աջակցությունը

Նոյեմբեր 08,2025 10:00

Ինչո՞ւ ինձ առանձնապես չի հետաքրքրում, թե արդյոք Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ունի դուստր, թե չունի (ինչի մասին լսում եմ առնվազն 30 տարի): Պատճառները շատ են, եւ դրանցից մեկն այն է, որ Հայ առաքելական եկեղեցու կանոնագրքերին կաթողիկոսի եւ այլ հոգեւորականների համապատասխանության «քննությունն» անցկացնում են մարդիկ, որոնք իրավական եւ բարոյական տեսանկյունից բացարձակապես այդ իրավունքը չունեն: Մարդիկ, որոնց գործողությունների պատճառով մենք կրել ենք տարածքային եւ մարդկային սարսափելի կորուստներ, որոնք պատրաստ են տանել Հայաստանը նոր նվաստացումների՝ իրենց աթոռները պահելու համար: Որոնց քարոզն ուղղված է հասարակության այլասերմանն ու պառակտմանը: Որոնք, վերջապես, այս «դեղին», «տաբլոիդային» թեմաներով ցանկանում են շեղել մարդկանց ուշադրությունն իրենց բերած աղետից:

Այդ աղետը համեմատելի չէ բարձրաստիճան հոգեւորականների անձնական խնդիրների հետ: Գումարած դրան՝ բարձրաստիճան հոգեւորականների հնարավոր մեղքերը, թեեւ ցավալի են (եթե կան), բայց չեն խարխլում ՀԱԵ ինստիտուցիոնալ հիմքերը, հիերարխիան, իսկ ահա կարգալույծ նախկին քահանաներին սադրելը, որ նրանք չենթարկվեն վերադասի որոշումներին, քայլ է՝ ուղղված եկեղեցու թուլացմանը: Իսկ հիմքում «քաղաքականությունն» է, եթե աթոռներին սոսնձվելը կարելի է «քաղաքականություն» անվանել. եկեղեցին կարող է խանգարել նրանց վերարտադրվելուն: Ներկայացնել դա որպես պայքար բարձր բարոյականության համար՝ պարզապես անհեթեթ է՝ այստեղ արժեքային, բարոյական բաղադրիչ ընդհանրապես չկա:

Լսել եմ նաեւ այսպիսի կարծիք՝ երկու կողմն էլ իրար արժեն: Համաձայն չեմ՝ այստեղ սիմետրիա չկա: Մի կողմում եկեղեցին է՝ իր բազմաթիվ խնդիրներով, մյուս կողմում իշխանությունն է՝ ոստիկանական մահակներով, ԱԱԾ-ական «ժուչոկներով», հոգեւորականների դեմ «թխած» գործերով եւ ձեռնասուն դատարաններով: Իշխանությունն այդ գործիքներով փորձում է հասնել իր քաղաքական նպատակներին:

…Ես էլ եմ շատ բան գրել բարձրաստիճան հոգեւորականների մասին: Բայց իմ ձեռքին մահակներ եւ «ժուչոկներ» չկան:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Van says:

    «Իրար արժանի լինել» չի նշանակում «հավասար հնարավորություններ ունենալ»։
    Եթե ներկայիս կաթողիկոսի նկատմամբ ուղղված մեղադրանքները ճիշտ են (ինչն ավելի հավանական է, քանի որ նա դրանք չի հերքել), ապա «սիմետրիա» կա։ Երկուսն էլ ունեն իշխանություն, երկուսն էլ խախտել են իրենց սահմանված օրենքները և երկուսն էլ մինչ օրս իշխում են հանրության տոլերանտության շնորհիվ։ Ինչպես ժողովրդի ու պաշտոնյաների մեծամասնությունը դեմ չէ վարչապետին, այնպես էլ հավատացյալների ու հոգևորականների մեծամասնությունը դեմ չէ կաթողիկոսին։
    Եկեղեցին կարող էր կանխել իշխանության կողմից իր դեմ ուղղված ներկայիս հարձակումները՝ կամ հերքելով բոլոր մեղադրանքները, կամ կաթողիկոսին փոխելով։ Սակայն երկու քայլերից ոչ մեկը չի ձեռնարկվում։ Եվ ամենամտահոգիչը այն է, որ կարծես այդ քայլերը չեն ձեռնարկվում ոչ թե չուզելու, այլ չկարողանալու պատճառով

  2. Հ.Շ. says:

    Կաթողիկէ Եկեղեցւոյ մէջ, համաշխարհային տարողութեամբ եւ երկար ժամանակ ՝ կղերականներու կողմէ մանկապղծութեան լայնատարած, համակարգային իրականութիւնը, պարզուեցաւ: Առաւել, անցեալում նաեւ այլ բնոյթի հրէշութիւնները, դպրոցներու, որբանոցներու մէջ, եւայլն.

    Աշխարհում որեւէ երկրի կառավարութեան ղեկավարը – ներառեալ մահմետական երկիրները – երբեւիցէ պահանջեցի՞ն՝ ոեւէ Պապի հրաժարականը… Միտում ունենալով՝ ձեռք առնել այդ Եկեղեցին, որպէսզի օրուայ Պապին տեղը, քաղաքական գետնի վրայ ընդունելի նոր Պապ մը նշանակելու:

    Այդ Եկեղեցին, ինք իրեն, ինքն իրմով, ձեռնարկեց հարկաւոր քայլերին, վերջ գտան այդ ամէնը, ու վերջ: Որեւէ քաղաքական շահագործում տեղի չունեցաւ որեւէ քաղաքական մարմնի կողմէ, ոչ իսկ՝ որեւէ կրօնական շահագործում, այլ կրօնքներու ղեկավարներուն կողմէ:

    Եւ միմիայն հայ մը կրնայ համարել թէ ինք, թէկուզ աշխարհական մըն է, սակայն ունի Երկնային գերագոյն հեղինակութիւն: Թէ ինք աւելի իրաւասու է՝ խօսելու Աստուծոյ անունով, գործելու յանուն Աստուծոյ, քան թէ Եկեղեցւոյ պաշտօնական ղեկավարները, հոգեւորական գործիչները, ատեաններն ու մարմինները:

    Ոչ միայն հայկական միւս յարանուանութիւնները, այլ մահմետականնե՛րը, անհամեմատօրէն աւելի կը յարգեն Հայոց Եկեղեցին, քան թէ Փաշինյանը եւ այս նիւթին մէջ իրեն հետեւող հայերը:

    Ճեհեննեմը իրենց է սպասում:

    Մ. Հայդուկ Շամլեան

  3. Van, սիմետրիա չկա: Պետությունը հեղուկ բան է` այսօր մի ռեժիմ է, վաղը մեկ այլ: Մեր եկեղեցին կարծր է` ժայռի պես:

    Մեղադրանքը ընդամենը մեղադրանք է: Այն ապացուցելը մեղադրողի կամքն է ու չարչարանքը: Էսօր եթե մեկը ինձ մեղադրի, որ բարոյական նորմերից զուրկ եմ (բնզ), ես մտադիր չեմ հերքել այն: Ես ինձ չեմ զգում բնզ ու շարունակում եմ իմ կյանքը:
    Վաղը եթե այդ մեկը ինձ մեղադրի մեկ այլ բանում ես անվրդով կշարունակեմ ապրել իմ կյանքը:
    Սա է նորմալ տրամաբանությունը: Պարզապես հայաստանցի քաղքենիները առավոտը դիմավորում են բամբասելու, նսեմացնող կուտ համաքելու, կզցնելու ակնկալիքով:

    Այնպես որ կա երրորդ տարբերակը` քայրել չեն ձեռնարկում որովհետև ՀԱԵ որոշումներ ընդունելու իր >17-դար ստուգված, աշխատող համակարգ ունի: ԴԻՄԱԴՐՈՒՄ Է արհեստական, համպատրաստի, դրսի միջամտելու անցք բացելու (ապագայում լայնացնելու մտադրությամբ) նույնիսկ մոծակային փորձը: Այս rigidity -ն պահել է եկեղեցին 301-ից մինչև հիմա; Սա են թիրախավորում օտար և ‘հարազատ’ թշնամիները:

    Հպարտ է պետք լինել, որ այսպիսի կուռ համակարգ է գործում մեր ջրիկացած (պետականության ամեն ինստիտուտուն անորոշակիություն, բառերի ժոնգլյորություն) պետականությունում:

  4. Ասֆալտին պառկեցված says:

    Դրսում նիկոլին ծաղրում ու նվաստացնում են (ալիևն ու լուկաշենկոն բացահայտ բառերով, իսկ մնացածները քմծիծաղներով), սա էլ դրսից գալիս ու երկրի ներսում վրեժ է լուծում՝ դատախազությունով, քննչական կոմիտեով, ԱԱԾ-ով, իր հպատակ դատավորներով հարձակվում է արժանապատիվ ու սկզբունքային մարդկանց վրա, նրանց ձերբակալում, կալանավորում և ուզում է վախի մթնոլորտ ստեղծի, որ հանկարծ իրեն իր պաշտած աթոռից չգցեն։ Նույն կերպ նա ուզում է վախի մթնոլորտ ստեղծի նաև իր ստեղծած քպ-ում (աղազարյան հովիկի վրա կատարված հարձակումը նախազգուշացում էր յուրայիններին)։ Էս մարդը դրսում կռանալուց և ներսում կռացնելուց բացի ուրիշ կառավարման մեթոդի չի տիրապետում։ Նրա մոտ դա դեռ ստացվում է, քանի դեռ մեր հասարակությունը ազգային արժեքների հիմքով համախմբվելու փոխարեն, իրեն մոտիկ-ծանոթ այս կամ այն քաղաքական լիդերի հետ է հույսը կապում, որ նրա քաղաքական հաջողության դեպքում՝ ինքը և իր տան անդամներն ավելի լավ «պռախոդներ» ունենան էս կյանքում։ Իսկ նորմալ մտավորականները, ցավոք, շատ քիչ են և նրանց լսողներն ու գնահատողները՝ նույնպես։

  5. Հ.Շ. says:

    Արդարեւ, «երկու կողմն էլ իրար արժեն»ի (չ)կեցուածքը՝ ամենազզուելին է: Այսինքն, այդ տեսակի փախստական, դասալիք, որձեւէգ ու տկար արարածը, մինչ ինքզինք աւելի խելացի, աւելի նրբամիտ կը կարծէ քան թէ՝ հաստատ դիրք բռնողները, խորքին մէջ աւելի վատ ու լկտի է, քան թէ՝ երկու կողմերը, իրարու գումարուած: Քանզի կողմերը, գոնէ կո՛ղմ մը ունին:

    Եւ այս խնդիրը չի վերաբերիր միայն վերեւի խմբագրականի նիւթին:

    Հայդուկ Շամլեան

  6. Sarkis says:

    մարդկանց խումբ, ովքեր ընտրում են առաջնորդ կամ համակարգ, որը, ի վերջո, հանգեցնում է իրենց սեփական կործանմանը, հաճախ այն պատճառով, որ նրանց խաբում է ընդհանուր ինքնության կամ ընդհանուր շահի կեղծ զգացումը։

Պատասխանել Van

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930