«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը
Քանի թեման բացվել է, ասեմ, որ ես տեսել եմ վերջին տարիներին ԶՈւ սպառազինության ընդունած ինքնագնաց, քարշակվող ու համազարկային հրետանային, հակատանկային, հակաօդային, հակառադիոլոկացիոն, հետախուզական, ավիացիոն, ռադիոէլեկտրոնային պայքարի, քիմպաշտպանության, անձնակազմի զրահապատ տեղափոխման, հրաձգային ու սանէվակուացիոն սպառազինություններ ու տեխնիկաներ։
Այդ թվում տեսել եմ տեխնիկաներ ու խոցման միջոցներ, որոնց մասին լսել էի միայն աշխարհի առաջատար բանակների կոնտեքստում… Եվ անգամ զենքեր, որ չգիտեի, որ աշխարհում տենց խոցման միջոց կա։
Հետևել եմ նաև հետևակի ու հրետանավորների մարտական պատրաստության պարապմունքներին։ Տեսել եմ գերժամանակակից վարժասարքերը, որոնք այդ նպատակի համար օգտագործվում են։ Որոշ վարժասարքեր նաև անձամբ եմ փորձարկել։
Կարդացեք նաև
Ընդ որում, այդ ամենի մի զգալի մասը տեղական արտադրության էր, իսկ մեծ մասը` մոլորակի տարբեր (առաջատար) երկրներից գնված։
Եղել եմ հանրապետության տարբեր մասերում կառուցվող ու կառուցված պաշտպանական ինժեներական կառույցներում։
Այս ամենը որակով, սերնդով, անգամ դարաշրջանով այնպիսին է, որ մենք 2020 թվականին չենք էլ երազել այս մակարդակի զենքերի, զինամթերքների, տեխնիկաների, պաշտպանական կառույցների, վարժասարքերի ու մարտական պատրաստության մակարդակի մասին։ Հավատացեք, դուք կնախանձեիք իմ աչքերին։
Ու որքան էլ դժգոհ լինենք բանակում որոշ պրոցեսների դանդաղությունից, պետք է արձանագրենք, որ մենք ունենք բանակ, որից երբեք չենք ունեցել։
Բանակը (և արտաքին քաղաքականությունը) դարձել է այնպիսին, որ մեզ հետ համագործակցելը լինի ավելի շահավետ, քան մեզանից ուժով խլելը։

















































