ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում հանդիպել է Formula 1-ի մայր կազմակերպություն հանդիսացող Միջազգային ավտոմոբիլային ֆեդերացիայի (Fédération Internationale de l’Automobile, FIA) զարգացման գծով գլխավոր տնօրեն Հաբիբ Տուրկիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի և FIA-ի (այդ թվում՝ Formula 1-ի) միջև հնարավոր համագործակցության ուղղությունները՝ շարժունակության և ճանապարհային անվտանգության քաղաքականության կատարելագործման, քաղաքային տրանսպորտային համակարգերի արդիականացման, ինչպես նաև ավտոմոբիլային և նորարարական տեխնոլոգիաների ներդրումային նախաձեռնությունների զարգացման ոլորտներում։
Գևորգ Պապոյանը ներկայացրել է Հայաստանի տնտեսական զարգացման ռազմավարական առաջնահերթությունները, խոշոր ենթակառուցվածքային ծրագրերը և տարածաշրջանային փոխկապակցվածության ամրապնդման տեսլականը՝ ընդգծելով միջազգային գործընկերների և մասնավոր հատվածի ներգրավման կարևորությունը։
Հաբիբ Տուրկին նշել է, որ FIA-ն պատրաստ է քննարկել Հայաստանի հետ համատեղ նախաձեռնությունների ձևավորման հնարավորությունները՝ ուղղված ոլորտային կարողությունների զարգացմանը և ենթակառուցվածքների կատարելագործմանը։
Կարդացեք նաև
Կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային կապը՝ նպատակ ունենալով ձևակերպել համագործակցության հստակ օրակարգ և մշակել առաջիկա քայլերը։
ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


















































