Սպորտի կառավարման կենտրոնում՝ նախկին «Միկա» մարզահամալիրում, ընթացող բռնցքամարտի Եվրոպայի մինչեւ 23 տարեկանների եւ երիտասարդների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները մինչեւ այս պահը գերազանց մրցելույթներ են ունեցել:
Վաղը երեկոյան անցկացվելու են երիտասարդների առաջնության եզրափակիչ մենամարտերը: Աղջիկների պայքարին մասնակցող մեր հինգ մարզուհիներից երեքը՝ 50 կգ քաշային Հեղինե Պետրոսյանը, 54 կգ՝ Վարդուհի Ասատրյանը եւ 57 կգ՝ Էլեն Պապյանը մենամարտելու են ոսկե մեդալի համար: Իսկ տղաների մրցակցությունում 13 քաշային կարգերից 9-ում Հայաստանի ներկայացուցիչները վիճարկելու են չեմպիոնական տիտղոսները: Իսկ մնացած չորսը, որոնք եզրափակիչ չեն մտել արդեն իսկ բրոնզե մեդալակիր են:
Վաղը ժամը 16-ին կսկսվեն աղջիկների եզրափակիչները, իսկ ժամը 18:00-ին կտրվի տղաների վճռորոշ մենամարտերի մեկնարկը: Մարզասերները ռինգում կարող են հետեւել Հարություն Մարտիրոսյանի՝ 48 կգ քաշային կարգ, Վահրամ Դովլաթբեկյանի՝ 51 կգ, Վաղարշակ Քեյանի՝ 54 կգ, Տիգրան Հովսեփյանի՝ 57 կգ, Տիգրան Մակիչյանի՝ 60 կգ, Անդրանիկ Մարտիրոսյանի՝ 63,5 կգ, Արգիշտի Հակոբյանի՝ 67 կգ, Սամվել Սիրամարգյանի՝ 75 կգ, Ալբերտ Հարությունյանի՝ 80 կգ, Րաֆֆի Խաչատրյանի՝ 86 կգ եւ Տիգրան Խաչատրյանի՝ +92 կգ մենամարտերին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































