Լրահոս
Օրվա լրահոսը

Եկեղեցիների միջոցով փորձում աշխարհաքաղաքական խնդիրներ լուծել․ «Հայացք Երևանից»

Նոյեմբեր 09,2025 10:23

Հայաստանի գործող վարչախումբը փորձում է ոչնչացնել Հայ Առաքելական եկեղեցին: Ինչի՞ համար: Ակնհայտորեն կան ե՛ւ ներքաղաքական, ե՛ւ արտաքին քաղաքական շարժառիթներ: Ներքաղաքականը պարզ է՝ իշխանությունն ուզում է վերարտադրվել գալիք ընտրությունների ժամանակ: Եվ ձեռագիրը նույնն է՝ ինչ 2018-ին, երբ հայտարարում էին, թե երկրում անօրինականություն է տիրում, ընտրությունները կեղծվում են, կոռուպցիա է, եւ իրենք գալիս են վերականգնելու արդարությունը: Հիմա նորից պետք է հանրությունը բաժանեն մասերի եւ, համապատասխանաբար, գեներացնեն նոր գաղափարներ: Իսկ նոր գաղափարները, իրենց կարծիքով, փոխարկվելու են նոր քվեների: Համենայն դեպս՝ սա է նպատակը:

Իսկ ո՞րն է արտաքին քաղաքական նախադրյալը: Դա լիարժեք հասկանալու համար պետք է դիմել Ուկրաինայի եւ Վրաստանի օրինակներին: Ընդհանրապես՝ գոյություն ունի կրոնական աշխարհաքաղաքականություն հասկացությունը, որը գերտերություններին հնարավորություն է ընձեռում կրոնների միջոցով վերահսկողություն սահմանել հնարավորինս ավելի ընդարձակ տարածքների նկատմամբ: Պետք է ընդունել, որ կրոնների միջոցով ձեւավորվում է ոչ միայն ազգային գիտակցություն: Կրոնների միջոցով կարող են պետություններ կազմավորվել եւ կարող են պետություններ փլուզվել:

Այն երկրներում, որտեղ որակ են կազմում տարբեր կրոնական խմբավորումները, հեշտ է դրանց միջեւ երկպառակություն մտցնելով՝ այդ երկրներն առնել իրենց վերահսկողության տակ կամ, նույնիսկ, քաղաքացիական պատերազմներ հրահրել այդ երկրներում: Դրա վառ օրինակները մենք ունենք՝ ի դեմս Սիրիայի, Լիբանանի, Իսրայելի եւ այլ երկրների, թվարկումները կարելի է շարունակել: Հայաստանում նման խնդիրներ չկան, սակայն մենք տեսնում ենք, որ հանրությունն արդեն կրոնական առումով պառակտվում է, եւ դրանում մեծ է ՀՀ-ում վարչապետ աշխատող գործչի անձնական «ավանդը»:

Ինչ վերաբերում է Ուկրաինայի եւ Վրաստանի օրինակներին՝ շատ ավելի իմաստալից կլիներ դրանք դիտարկել 2008 թվականի ռուս-վրացական պատերազմի եւ ռուս-ուկրաինական շարունակվող պատերազմի համատեքստում՝ նկատի ունենալով երկու դեպքում էլ ռազմական հակամարտության հետեւանքով այդ երկրների միջեւ վատացած հարաբերությունները: Առաջին դեպքում՝ չնայած Վրաստանի ու Ռուսաստանի միջեւ ցայսօր բացակայող դիվանագիտական հարաբերություններին, վրացական եւ ռուսական եկեղեցիները պահպանեցին իրենց հարաբերությունները: Եվ հակառակ նրան, որ ՌԴ-ն ճանաչեց Հարավային Օսիան եւ Աբխազիան՝ որպես ինքնավար կազմավորումներ, ռուս ուղղափառ եկեղեցին չճանաչեց աբխազական եւ օսեթական թեմերը՝ հայտարարելով, որ դրանք վրացական եկեղեցու տիրույթներ են:

Չպետք է մոռանալ նաեւ, որ վրացական եկեղեցին կարեւոր դեր խաղաց Օսիայում եւ Աբխազիայում տեղի ունեցած իշխանափոխությունների հարցում: Վրացական եկեղեցու դիրքորոշմանը համահունչ ընտրություններում իշխանությունը փոխվեց նաեւ բուն Վրաստանում եւ, զուգահեռաբար, փոխվեց Վրաստանի արտաքին քաղաքականությունը: Երկիրը հրաժարվեց ներքաշվել աշխարհաքաղաքական հակամարտություններում եւ այլոց պատերազմների մեջ: Իշխանությունները վրացական եկեղեցու հետ ձայնակցած՝ հայտարարեցին, որ իրենց պարտադրվող ազատական գաղափարախոսությունները հարիր չեն իրենց ազգային նկարագրին ու քրիստոնեական արժեհամակարգին:

Վրաստանն այսօր կարողանում է հավասարակշռված քաղաքականություն վարել, ինչը չես ասի Ուկրաինայի մասին, որի հետագա գոյությունը գրեթե հարցականի տակ է: Այս երկրում 2014թ. հեղափոխությունից կամ, ավելի ճիշտ, հեղաշրջումից հետո շեշտը դրվել էր ուկրաինական եկեղեցու վրա: Աշխարհաքաղաքական խնդիրների բերումով եկեղեցին պետք է տարանջատվեր ռուս ուղղափառ եկեղեցուց: Եվ դրա համար օգտագործվեց Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունը, ճանաչվեց Ուկրաինայի եկեղեցու ինքնավարությունը, որի պատճառով ռուսական եկեղեցու եւ Կոստանդնուպոլսի պատրիարքության միջեւ կապերը խզվեցին: Շատ ուղղափառ եկեղեցիներ, այդ թվում՝ վրացականը, չճանաչեցին Ուկրաինայի եկեղեցու ինքնուրույնությունը:

Սրանք օրինակներ են՝ ցույց տալու համար, թե ինչպես են եկեղեցիների միջոցով փորձում աշխարհաքաղաքական խնդիրներ լուծել: Հիմա գանք Հայ եկեղեցուն՝ ի՞նչ է այն իրենից ներկայացնում: Հայ եկեղեցին ունի դարավոր դիվանագիտություն, որի շնորհիվ հայերը՝ որպես ազգ, կարողացել են պահպանվել մինչեւ հիմա: Տարբեր կայսրություններում ՀԱԵ-ն կարողացել է համակեցության կանոններ ձեւավորել. նրան երբեք բնորոշ չէր կրոնական մոլեռանդությունը, իսկ հավատի հարցն ավելի խորն էր միշտ դրվում: Այնպես որ, դեռ 5-րդ դարից, երբ կռիվ էր գնում հռոմեական կայսրության ու Պարսկաստանի միջեւ, եւ հայերը հայտնվել էին ռազմական գործողությունների թատերաբեմում, եկեղեցին ի վիճակի եղավ ձեւավորել իր ինքնուրույն դավանաբանությունն ու գոյատեւել այդ տարածքում:

Դանիել ՓԱՆՅԱՆ

Գեւորգ ԲՐՈՒՏԵՆՑ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երևանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930