Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ երաժիշտը հայտնվել է աշխարհում միակ մասնագիտական International Piano պարբերականի շապիկին

Նոյեմբեր 10,2025 16:34

Աշխարհում թիվ 1 և միակ մասնագիտական International Piano պարբերականն իր գործունեության ընթացքում (հիմնադրվել է 1999 թ.-ին՝ Լոնդոնում), առաջին անգամ վերջերս անդրադարձել է ամերիկաբնակ հայ դաշնակահար, կոմպոզիտոր Գրիգոր Խաչատրյանի արվեստին՝ նրա լուսանկարը տեղադրելով ամսագրի շապիկին։

Ինչպես խորագրից կարելի է եզրակացնել, այս պարբերականում ամեն ինչ դաշնամուրի և բոլոր ժամանակների երևելի դաշնակահարների մասին է, որոնց հեղինակները ոլորտի ոչ պակաս երևելի մասնագետներ են՝ մշակութային լրագրողներ։

Մի հետաքրքիր փաստ բերենք առանց մեկնաբանությունների․ դաշնակահարի մասին ծավալուն հոդվածի հեղինակը՝ Անդրու Մելլորը, այն սկսում է այսպես. «Գրիգոր Խաչատրյանը մեծացել է պատերազմով քայքայված Հայաստանում՝ երաժշտություն ստեղծելով։ Այս փորձառությունն ազդեցություն է ունեցել նրա՝ որպես դաշնակահար, կոմպոզիտոր և մանկավարժ ձևավորման վրա։ Հայաստանի պատմությունը հիշեցնում է Սիզիփոսի պայքարը՝ կայսրությունների տիրապետության տակ անցկացրած դարերի ընթացքում՝ վեր ու վար արշավելով։ Երկիրը զրկվեց իր անկախությունից Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ՝ ցեղասպանության հետևանքով, և ապա միացվեց Սովետական Միությանը։ Այն անկախացավ 1991-ին, սակայն անմիջապես հայտնվեց Ադրբեջանի հետ պատերազմի մեջ, ինչը խոչընդոտեց նրա արագ առաջընթացը՝ ի տարբերություն հյուսիսային Եվրոպայի իր սովետական հարևանների»։

Հոդվածի հեղինակը՝ Անդրու Մելլորը, մանրամասնորեն ներկայացնում է, թե ինչպես են հայ երաժշտի դեպքում երեք մասնագիտությունները՝ դաշնակահար, կոմպոզիտոր և մանկավարժ, անքակտելիորեն դարձել նրա՝ իբրև երաժշտի ինքնության մասը։

Aravot.am-ը Գրիգոր Խաչատրյանին հանդիպեց Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում և զրույց ունեցավ նրա հետ։ Ի պատասխան մեր հետաքրքրությանը, արվեստագետը նախ պատմեց, թե ինչպես է հայտնվել ԱՄՆ-ում։

«Իննը տարեկան էի, ցանկություն ունեի կիթառ նվագել, բայց հայրս, չգիտեմ ինչու, համոզված էր, որ երաժիշտը գործիքի առջև պետք է նստի սիմետրիկ, և որոշում կայացրեց՝ ես պետք է հաճախեմ դաշնամուրի դասերի։ Այդպես էլ եղավ։ Ուսումս սկսեցի Բարսեղ Կանաչյանի անվան երաժշտական դպրոցում։

2002 թ., 15 տարեկանում, F-1 վիզայով մեկնեցի ԱՄՆ և սկսեցի ուսանել Ինդիանայի նահանգի Բեթֆորդ քաղաքի ավագ դպրոցում։ Ընդամենը երկու տարի անց ընդունվեցի Ինդիանայի հռչակավոր Ջեյքոբսի կոնսերվատորիա՝ ուկրաինացի-հրեա աշխարհահռչակ դաշնակահար Էդլինա Դուբինսկիի դասարան։ Պրոֆեսորս ինձ հարազատի նման էր վերաբերվում, հավանաբար նաև այն պատճառով, որ մեր դասերը ռուսերենով էին անցնում։ Նշեմ, որ նա մեծանուն Յակով Ֆլիերից էր դասեր առել և անընդհատ կրկնում էր, թե լեգենդար երաժիշտները, այդ թվում՝ Ֆլիերը, Գիլելսը, Ռիխտերը, Օյստրախը, չէին նվագում միայն տեխնիկայով, նրանք ապրում էին երաժշտությամբ»։

Հայ դաշնակահարը հաջողություններ է գրանցել մի շարք մրցույթներում, սակայն, իր խոսքերով, արդեն այն ժամանակ «մեջս արթնանում էր կոմպոզիտորը». «Երբ քեզ ասում են, որ լավ ես նվագում, դու ուզում ես ապացուցել, թե դա պատահական չէ։ Դու ուզում ես կյանքի կոչել քո իդեալները։ Երբ այս մոտեցումը կիրառեցի մրցույթներում, հասկացա, թե որքան սահմանափակող կարող է լինել մրցակցային միջավայրը։ Դու պետք է համապատասխանես որոշ չափանիշների, և պետք է ասեմ, որ արդյունքը հաճախ կախված է տվյալ օրվա ժյուրիի տրամադրությունից։ Թվով 23 մրցույթների եմ մասնակցել։ Վերջինում, երբ հասել էի կիսաեզրափակիչ, որոշեցի Շումանի «Ֆանտազիայի» կողքին նվագել իմ՝ 25 րոպե տևողությամբ երկմասանի սոնատը՝ «Սասունցի Դավիթ», որը մեր հերոսի մասին պատմող ստեղծագործություն է։ Եվ ստացվեց ինչ… Ստացվեց այն, որ ես մրցութային փուլերից մեկում հանդգնել եմ ներկայացնել նաև իմ գործը»,- հայտնեց արվեստագետը։

Նա հավելեց նաև, որ այս պահին միաժամանակ աշխատում է երկու CD-ի վրա, որոնք թողարկելու են հեղինակավոր Parma Recordings-ը և Albany Records-ը (խոսքը «Սասունցի Դավիթ» և «Ավարայրի ճակատամարտ» սոնատների մասին է — Ս.Դ.)։

Վստահեցրեց նաև. «Ցանկությունս մեծ է, ջանում եմ ստեղծել մարդկանց համար սրտից բխող, ոգեշնչող և կյանքի պայծառ գույներն արտացոլող երաժշտություն։ Ականջիս մշտապես հնչում է տաղանդավոր դաշնակահար Միխայիլ Պլետնյովի խոսքը․ նա ասում է, որ եթե երբեք սիրահարված չես եղել, չես կարող այն արտահայտել ստեղծագործություններում։ Իհարկե, համաձայն եմ և ասվածը մեկնաբանում եմ այսպես․ եթե չես ստեղծում, չես կարող նաև կատարող լինել»։

Ռեպլիկին՝ «մեկ անգամը բավական է սիրահարվելու համար», արվեստագետը հետևյալն ասաց․ «2026 թ. լրանում է անվանի կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի 100-ամյակը։ Ստեղծում եմ իմ երաժշտությունը ավետիսյանական սիրո երգերի մեղեդիներով։ Ինչ վերաբերում է սիրահարվածությանը՝ ցանկացած մարդ պետք է ապրի կյանքը՝ մշտապես սիրահարված»։

Հարցին, թե ինչու իրեն՝ իբրև դաշնակահարի կամ կոմպոզիտորի, չենք տեսել հայրենիքում, կամ, այլ կերպ ասած, գուցե մասնագիտական շրջաններում ճանաչում ունենա, բայց մեր հանդիսատեսը բացարձակ տեղեկություն չունի երաժշտի գոյության մասին, Գրիգոր Խաչատրյանը պատասխանեց․ «Չեք էլ կարող պատկերացնել, թե ինչքան մեծ կամ շատ է եղել ցանկությունս, բայց հիմա տասնամյակները հետ բերել չենք կարող։ Ասեմ, որ տարիներ անց առաջին այցիս նպատակն է հանդիպել Երևանի կոնսերվատորիայի գործընկերներիս հետ, շրջել երաժշտական դպրոցներով։ Որոշներում արդեն եղել եմ, և ի՜նչ տաղանդավոր երեխաներ ունենք։ Ի դեպ, կոնսերվատորիայի ռեկտոր Ծովինար Մոսիսյանը, ով ինձ բարեկամաբար ընդունեց, հանդիպման ավարտին միտք հայտնեց, թե մոտ ապագայում կարող է հրավիրել ինձ՝ անցկացնել վարպետության դասեր և գուցե կազմակերպել մենահամերգս»։

Սամվել Դանիելյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930