Լրահոս
Օրվա լրահոսը

Մեր ամսագրերի՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներգրավվածությունն ունի ռազմավարական և անվտանգային նշանակություն. Ժաննա Անդրեասյան

Նոյեմբեր 10,2025 17:58

 Գիտությունների ազգային ակադեմիայում գիտական հանրությունը նշել է Գիտության միջազգային օրը, որը կրում է «Հանուն խաղաղության և զարգացման» խորագիրը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանը,  ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, գիտնականներ:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է ներկաներին տոնի, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի հիմնադրման օրվա կապակցությամբ՝ օրը համարելով խորհրդանշական: «Այս օրն իսկապես շատ կարևոր է գիտության հանրային նշանակության և գիտության ազդեցության մասին խոսելու տեսանկյունից: Այս համատեքստում չափազանց կարևոր են պետության կարիքների և գիտական արդյունքի համապատասխանեցումն ու անհրաժեշտ գործիքակազմերի ու խողովակների առկայությունը: Գիտության նշանակությունը նաև հանրային զարգացման ուղենիշներ է դնում, և այստեղ ևս բազմաթիվ անելիքներ կան»,- ասել է նախարարը և շնորհակալություն հայտնել ակադեմիային ակտիվ գործունեության համար՝ կարևորելով գիտական համայնքի՝ տարբեր մրցույթներում ցուցաբերած բարձր մասնակցությունը:

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ անելիքների մեծ մասն ուղղված է երեխաներին դեպի գիտություն ուղղորդելուն, գիտնականի կարիերան իբրև գրավիչ և մրցունակ ներկայացնելուն, ինչպես նաև գիտական արդյունքը ոչ միայն մասնագիտական շրջանակներին, այլև հանրային լայն լսարաններին հասանելի դարձնելուն:

Նա շեշտել է Գիտությունների ազգային ակադեմիայի դերակատարումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքից բխող վերափոխումների ճանապարհին՝ որպես ակադեմիայի զարգացման նոր շրջափուլ՝ ի նպաստ թե՛ գիտության, թե՛ պետության ու հանրության զարգացման:

Նախարարը միաժամանակ կարևորել է գիտության միջազգայնացմանն ուղղված աշխատանքներն ու գիտության զարգացումը հայերենով։ «Մեր ամսագրերի՝ միջազգային գիտատեղեկատվական շտեմարաններում ներգրավվածությունն ունի ռազմավարական և անվտանգային նշանակություն: Այս  առումով կարևոր է խրախուսել և զարգացնել հայերենով գիտությունը, որպեսզի թե՛ մեր, և թե՛ տարբեր երկրների գիտնականներ հնարավորություն ունենան տպագրվելու որակյալ ամսագրերում նաև հայերենով: Այս ուղղությամբ քննարկվելու է հավելյալ ծրագրեր և աջակցության գործիքակազմեր ներդնելու հնարավորությունը»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Այս համատեքստում նա հիշեցրել է Մատենադարանում կազմակերպված Հայագիտական կոնգրեսը, որը միավորում է տարբեր երկրներում գործող հայագիտական առաջատար կենտրոններին։ Նա նշել է՝ նպատակ կա առաջիկայում հայագիտության զարգացման առանձին հայեցակարգային փաստաթուղթ ունենալ։

Ժաննա Անդրեասյանն անդրադարձել է ՀՀ գիտության ոլորտի զարգացման 2026-2030 թվականների ռազմավարությանը, որը, ըստ նրա, կնախանշի այն քայլերը, որոնք բերելու են ավելի զարգացած և մրցունակ գիտություն:

Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Աշոտ Սաղյանը, ողջունելով ներկաներին, նշել է՝ այսօր, ավելի քան երբևէ, կարևոր է ընդգծել գիտության նշանակությունը և արդիականությունը մեր առօրյա կյանքում՝ համարձակ քայլերով շարժվելով դեպի նորարարություններ, բարձր տեխնոլոգիաներ և արհեստական բանականություն. «Մենք ապրում ենք գիտական հրաշքների դարաշրջանում՝ արհեստական բանականություն, գենետիկական տեխնոլոգիաներ, տիեզերական հետազոտություններ։ Սակայն, միևնույն ժամանակ, աշխարհը և, մասնավորապես, մեր հասարակությունը, կանգնած են գիտության նկատմամբ վստահության ճգնաժամի առաջ: Նշանակալից է, որ հենց այս օրերին ընթանում է Հայաստանի գիտության զարգացման ռազմավարության խորքային վերանայում, ինչպես նաև Գիտությունների ազգային ակադեմիայի կարգավիճակի և գործառույթների արդիականացման գործընթաց։ Հանրապետության նախագահը ստորագրել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» նոր օրենքը, ըստ որի՝ ակադեմիան ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակից անցնում է հիմնադրամի»:

Նրա խոսքով՝ սա նշանակում է, որ ակադեմիան վերափոխվում է վարչակազմակերպչական կառույցից գիտամեթոդական և փորձագիտական կենտրոնի, որի հիմնական առաքելությունը կլինի գիտահետազոտական ինստիտուտների, կենտրոնների և լաբորատորիաների գործունեության գնահատումն ու մշտադիտարկումը՝ բազային և ծրագրային արդյունավետության, ինչպես նաև միջազգային չափանիշների համապատասխանության տեսանկյունից։ Բացի այդ՝ ակադեմիան կզբաղվի գիտության ոլորտի ընդհանուր քաղաքականության ձևավորմամբ և Կառավարությանն առաջարկությունների ներկայացմամբ, ինչպես նաև հրատարակչական գործունեությամբ:

Միջոցառման շրջանակում տեղի են ունեցել ԳԱԱ 2025 թ․ մրցույթի հաղթողների պարգևատրման արարողությունը, ինչպես նաև Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական պետական մրցանակի դրամական միջոցների շրջանակում հայտարարված մրցույթի հավաստագրերի հանձնման արարողությունը։ «Գիտության աշխարհում» հանդեսի 20-ամյակի առթիվ շնորհակալագրեր են հանձնվել առավել ակտիվ հեղինակներին։

Միջոցառման ընթացքում ներկայացվել են գիտական զեկուցումներ ոչ միայն տեղի, այլև միջազգային տարբեր կառույցներ ներկայացնող գիտնականների կողմից:

ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930