Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայել Հակոբկոխյան. «Ես օլիմպիական խաղեր չեմ կրել: Իմ ցանկությունն է, որ որդիս կրի»

Նոյեմբեր 11,2025 15:32

Երեւանում անցկացված բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Հարություն Հակոբկոխյանը 71 կգ քաշային կարգում առաջին անգամ նվաճեց 23 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը եւ ճանաչվեց առաջնության լավագույն բռնցքամարտիկ։

Aravot.am-ը զրուցել է նրա հոր՝ սպորտի վաստակավոր վարպետ, աշխարհի, Բարի կամքի խաղերի՝ կրկնակի, Եվրոպայի՝ եռակի, ԽՍՀՄ սպարտակիադաների՝ կրկնակի, ԽՍՀՄ՝ բազմակի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Իսրայել Հակոբկոխյանի հետ, որը Հարությունի մարզիչն է։

-Նախ, շնորհավորում ենք որդուդ եւ սանիդ հաղթանակը։ Որպես մարզիչ եւ որպես ծնող ի՞նչ զգացողություններ ունես։

-Որպես մարզիկ ինձ ավելի հեշտ էր, քան հիմա որպես մարզիչ։ Բայց առավել ծանր է, երբ որդիդ է ռինգում։ Որդին պետք է ծնողից ուժեղ լինի։ Դրա համար սիրտս ավելի արագ է զարկում։ Բայց ինչ կա՝ սա է։ Դիմանում եմ։ Ահավոր երջանիկ եմ։

-Եթե համեմատենք, այս տարիքում դո՞ւ էիր ավելի լավ բռնցքամարտիկ, թե՞ հիմա Հարությունն է։

-Դժվար է ասել։ Բայց այն ժամանակ սովետ էր, մեզ ավելի ուժեղ էին պատրաստում։ Ես այս տարիքում արդեն երեք անգամ Սովետական Միության չեմպիոն էի։ Ուղղակի Եվրոպա, բան չէին տանում։

-Իսկ ի՞նչ ես կարծում, քո որդին քեզ կգերազանցի՞։

-Հիմա չեմ կարող ոչինչ ասել։ Ես օլիմպիական խաղեր չեմ կրել, իմ ցանկությունն է, որ ինքը կրի։

-Քո որդին հատկապես ի՞նչ է ժառանգել քեզնից։ Դու միշտ էլ շատ ծանր ես տարել պարտությունը, մանավանդ, անարդար պարտությունը; Անգամ որդուդ պահով ակցիաներ էիր անում ռինգում: Հարությունը քեզանից այդ գիծը ժառանգե՞լ է։ Մանավանդ միջազգային ռինգում հաղթանակները նրան ու մեր երկրին ի՞նչ են տալիս:

-Հարությունի հաղթանակները մեր երկրին ոչինչ չեն կարող տալ, մինչեւ երկիրը չազատագրենք: Հիմա չեմ կարող ասել, թե երկրին ինչ կարող է տալ: Առայժմ իրեն է տալիս, որ ինքն ավելի ոգեւորվի, ավելի լավ մասնակցի ու մեր ազգին ավելի լավ ներկայացնի։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930