«Պարզապես լավ ապրելն» իմաստ չէ
Ինչո՞ւ են վերանում պետությունները: Շատերն այդ գործընթացը պատկերացնում են այսպես՝ ավելի խոշոր, ավելի հարուստ, տնտեսական եւ ռազմական առումով ավելի հզոր երկրները հարձակվում են, նվաճում են, ասպատակում են եւ այլն: Բայց, եթե այդպես լիներ, ապա Վիետնամը կամ Աֆղանստանը վաղուց արդեն գոյություն չէին ունենա: Իսկ Խորհրդային Միությունը չէր փլուզվի: Ուրեմն, ինչ-որ դեպքերում ուրիշի կողմից նվաճման հետեւանքով պետության ոչնչացումը ստացվում է, իսկ որոշ դեպքերում՝ չի ստացվում: Ինչի՞ց կարելի է եզրակացնել, որ խոշորությունն ու փոքրությունը որոշիչ նշանակություն չունեն, իսկ տնտեսական կամ ռազմական հզորությունն ավելի շուտ հետեւանք են, քան պատճառ:
Իմ աչքի առաջ փլուզվել է մի հսկայական երկիր՝ Խորհրդային Միությունը, իսկ հիմա կարող է փլուզվել Հայաստանի Հանրապետությունը: Մասշտաբներով եւ բազմաթիվ այլ չափանիշներով այդ երկու երկրները բացարձակապես իրար նման չեն, անհամեմատելի են: Բայց ինձ թվում է, ԽՍՀՄ փլուզումն, այնուամենայնիվ, ուսանելի է մեզ համար թե՛ բուն փլուզման մեխանիզմները հասկանալու, եւ թե՛ բարոյահոգեբանական «ժառանգության» առումով:
Միանգամից փակագծերից դուրս եմ բերում Գորբաչովի սխալները, արեւմտյան հատուկ ծառայությունների նպատակաուղղված աշխատանքը, տնտեսական դժվարությունները եւ այլն: Այդ ամենը կար, բայց դարձյալ՝ դրանք, իմ կարծիքով, հետեւանք էին:
Կարդացեք նաև
Ո՞ր ժամանակահատվածից սկսած՝ կարող էր միտք առաջանալ, որ Խորհրդային Միությունը կարող է փլուզվել: Կարծում եմ՝ 1970-ականներից: Դա չի նշանակում, որ այդ շրջանում մենք՝ այդ երկրում ապրողներս, վստահ էինք, որ դա լինելու է: Նման բան ենթադրում էին, կանխատեսում էին հաշված մարդիկ: Բայց հիմա, երբ հետադարձ հայացքով նայում ենք այդ ժամանակաշրջանին, ի հայտ են գալիս հոգեւոր այլասերման այնպիսի նշաններ, որոնք վկայում էին խորը ճգնաժամի մասին:
Այդ ճգնաժամը վարպետորեն ներկայացված է, մասնավորապես, այն ժամանակվա լավագույն գրողների՝ Յուրի Տրիֆոնովի, Վալենտին Ռասպուտինի, Չինգիզ Այթմաթովի, Հրանտ Մաթեւոսյանի ստեղծագործություններում:
Մասնավորապես, Տրիֆոնովի գործերում մարդիկ ապրում են՝ ինչ-որ բան «ճարելու» մոլուցքով: Մթերք, կահույք, թեկնածուական աստիճան, անգլիական դպրոց երեխայի համար, կարիերա, անգամ՝ գիրք, սրբապատկեր… այդ բոլորը դառնում էր «լավ ապրելու» նշան: Եթե մարդը կարողանում էր այդ ամենը «ճարել», հայթայթել, ասում էին՝ «այ, նա ապրել գիտի»: Կամ, եթե զուտ հայկական հողի վրա տեղափոխենք՝ «աչքաբաց» է, «շուստրի»:
Իսկ հիմա եկեք հիշենք, թե ո՞րն էր «Խորհրդային Միություն» նախագծի պաշտոնապես հայտարարագրված նպատակը՝ մարդկանց հավասարությունը, համերաշխությունը, առանց դասակարգերի հասարակության կառուցումը: Կարեւոր չէ՝ դա ուտոպիա էր, թե չէ, էական չէ, թե ինչպես էր այդ նախագիծն իրականացվում՝ հայտնի է, որ ահասարսուռ հանցագործություններով: Տվյալ դեպքում պետք է արձանագրել, որ 1970-ականներին այդ հայտարարագրված նպատակներին ոչ ոք՝ այդ թվում պետական որոշումներ ընդունողները, չէին հավատում: Մինչդեռ 1920-30-ականներին հավատացողները շատ էին: Բրեժնեւյան «լճացման» ժամանակ պետությունը կորցրել էր այն նպատակը, այն իմաստը, որի համար ստեղծվել էր: Իսկ «պարզապես լավ ապրելը» չի կարող լինել պետության նպատակ:
Երբ ստեղծվում էր Հայաստանի ներկայիս հանրապետությունը, կային պատումներ (նարատիվներ), որոնք ուղենշում էին պետության իմաստը: Այդ պատումները, այդ թվում՝ ցեղասպանության մասին հիշողությունը եւ Արցախի խնդիրը, այո, ձեւավորվել էին Խորհրդային Հայաստանում՝ նախորդ տասնամյակների ընթացքում: Ժամանակի հետ՝ դրանք շպրտվեցին աղբարկղ: Եվ դա տեղի ունեցավ ոչ թե 2018 թվականից հետո, այլ՝ դրանից առաջ: Փաշինյանն ու նրա թիմն այդ հիվանդության ախտանիշներն են, ոչ թե պատճառները:
Իրականում հաղթեցին դարձյալ 70-ականներից եկող սպառողականությունը, ցինիզմը, անհավատությունը՝ «քաղքենիությունը», ինչպես որ դա անվանում էին 50 տարի առաջ: Պետությունը նորից կորցրել է իր իմաստը եւ հիմա կանգնած է վերանալու շեմին: Փաշինյանի ղեկավարությամբ դա տեղի կունենա արագ, սրընթաց: Որեւէ այլ ղեկավարի դեպքում դեռ շանս ունի պահպանվելու:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
12.11.2025



















































«Իրականում հաղթեցին դարձյալ 70-ականներից եկող սպառողականությունը, ցինիզմը, անհավատությունը՝ «քաղքենիությունը», ինչպես որ դա անվանում էին 50 տարի առաջ: Պետությունը նորից կորցրել է իր իմաստը եւ հիմա կանգնած է վերանալու շեմին: Փաշինյանի ղեկավարությամբ դա տեղի կունենա արագ, սրընթաց: Որեւէ այլ ղեկավարի դեպքում դեռ շանս ունի պահպանվելու»:
Վերջում այս բացարձակ անհիմն եզրակացությանը հանգելու համար բոլորովին չարժեր անմիտ զեղումներ անել ու դրանք Հայաստանի եւ այլ ղեկավարի վրա զոռով կիզակետելու։