«Հրապարակի» զրուցակիցը գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանն է:
– Իշխանությունները ցնծության մեջ են․ Ռուսաստանից, ապա Ղազախստանից` Ադրբեջանի տարածքով Հայաստան ցորեն են ներմուծել, ինչը մենք պարզել ենք, որ վարակված ցորեն է, որը բացառապես որպես անասնակեր կարելի է օգտագործել: Փաստորեն, չկա պատշաճ վերահսկողություն, եւ վտանգավոր ցորենից կարող են հաց թխել: Ըստ Ձեզ` ի՞նչ հետեւանքներ այն կարող է ունենալ:
– Ես դեռ վաղուց եմ կասկածներ ունեցել` որակի հետ կապված: Բնական է, դրսից է գալիս, ինչ ասես, կարող է լինել, բայց ո՞վ պետք է վերահսկի, որպեսզի հիվանդություններ չլինեն, վնասատուներ ու վարակներ չլինեն: Այն ոչ միայն վտանգավոր է որպես սնունդ կիրառելու համար, այլեւ` հողերի վարակման համար: Կարող են ցանել այն եւ հողերը վարակել, ինչն ամբողջապես կվտանգի ոլորտը: Հացի ցորենը պետք է, միանշանակ, բարձրակարգ լինի: Վերջին դասի ցորենը, մեկ բառով ասած, «ֆուրաժ» է` անասնակեր եւ չի կարող մարդկության համար պիտանի լինել, բայց ի՞նչ ասես, ո՞ւմ ասես, սրանց համար Արցախը բեռ էր` տվեցին, ուրախացան: Ունենք այսքան նահատակներ, մեր տղերքը չկան, բայց իրենք երջանիկ են, ողջ օրը համերգներ, ֆեստիվառներ, քեֆեր: Ի՞նչ կարող ես ասել սրանց, ո՞ւմ ասես: Ինչքան ծանր օրեր կան՝ սրանց համար ուրախալի, տոն օրեր են: Իրենք իրենց հանձնառությունը կատարում են, իսկ հասկացող մարդիկ շվարած մտածում են, թե էս ինչ է կատարվում: Ժողովուրդը մոլորվել է սրանց ձեռքին, բայց մոլորվելուն էլ չափ պիտի լինի:
– Ինչպե՞ս եք տեսնում այս խնդրի լուծումը: Ինչպե՞ս բացառել վարակված եւ կասկածելի ցորենի կիրառումը Հայաստանում: Առաջ ինչպե՞ս էին լուծվում նման խնդիրները։
Կարդացեք նաև
– Առողջ ցորենի խնդիր մենք չենք ունեցել: 99 տոկոս բարձր կարգի ցորեն Հայաստան է մտել Ռուսաստանի Դաշնությունից: Որպես ԵԱՏՄ երկիր, որպես ՀԱՊԿ անդամ ու բարեկամ երկիր՝ Հայաստանն ունեցել է այդ հնարավորությունները: Հիմա սրանք արտաքին քաղաքական վեկտորը փոխում են, ասում են` ցորենի տեղը թող գրող ուտեն, պետք եղած դեպքում եկեք այս հարցն էլ շրջանցենք: Խնդիրները շատ-շատ են: Նույնիսկ եթե այս պահի դրությամբ նույն ուղով ներկրվեր սերմացու ցորեն, այլ ոչ թե հացի, ես՝ որպես մասնագետ, խնդրելու էի մանրակրկիտ ստուգել լաբորատորիաներում: Կարանտին հիվանդություն կա, կան վնասատուներ: Չի բացառվում, որ ՌԴ-ից եկած ցորենը որոշ ժամանակ ղազախականի անվան տակ կիրառեն, մարդկանց թմրեցնեն, սակայն թե հետո ինչ որակի ցորեն կգա, դա կմնա գաղտնի: Այդ եղանակով կարող են մարդկանց սթափությունը նվազեցնել, սակայն այստեղ խնդիրը ոչ միայն մարդկային կյանքեր վտանգելու հարցն է, այլեւ` դաշտերի վարակման: Ոչ վաղ անցյալում` առաջին նախագահի տարիներին, Թուրքիայից Հայաստան ներմուծվեց վարակված կարտոֆիլ, որը մինչ օրս Արագածոտնի մարզում մեծ խնդիր է: Կարանտինը որոշ դաշտերում չեն կարողանում վերացնել, հողը բուժել: Ինչ վերաբերում է այս «շնորհակալություններին», «ցնծություններին», ապա այդ ամենի փոխարեն լավ կանեն՝ սերմացուի հարց լուծեն, վտանգները կանխեն, գարնանացանով ապահովեն, անտեղի ինչ-որ քայլեր են անում եւ մարդկանց հույզերի հետ են խաղում: 1000 տոննա այդ «աննախադեպ» ցորենի ներկրումը Հայաստանի համար մի քանի ժամվա խնդիր է լուծում, այն էլ՝ միայն սննդի համար, այլ ոչ թե անասնակերի եւ մյուս հարցերի: Մենք, այսինքն, ամեն օր պիտի լարված սպասենք, թե երբ ցորենը կգա, որտեղից եւ ինչ վիճակով:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:


















































