Նոյեմբերի 10-ը կարող է ստեփանավանցիների համար դառնալ պատմական: Ավելի քան 30 տարի է, ինչ Լոռու մարզի ամենագեղեցիկ քաղաքներից մեկը՝ Ստեփանավանը, չունի թատրոն: Նախկինում եղել է ժողթատրոն իր դերասանախմբով, ներկայացումներով, սակայն ինչ-ինչ պատճառներով այն փակվել է:
1964 թ. սեպտեմբերի 21-ից 28-ը Մոսկվայում՝ Կրեմլյան թատրոնի գեղարվեստական ակադեմիական թատրոնի մասնաճյուղում, Ստեփանավանի ժողովրդական թատրոնը ներկայացրել է Գուրգեն Բորյանի «Նույն հարկի տակ» ներկայացումը (ռեժիսոր՝ Ս․ Խամբեկյան), որում հանդես են եկել ստեփանավանցի դերասանները, իսկ նոյեմբերի 4-ին Մոսկվայում այդ ներկայուցումով հյուրախաղերի համար Ժողովրդական թատրոնը պարգևատրվել է ՀՍՍՀ Գերագույն Սովետի պատվոգրով։
Aravot.am-ին մշակութաբան, մշակույթի վաստակավոր գործիչ Սերգեյ Առաքելյանն այս թեմայի առնչությամբ ասաց, որ Ստեփանավանում թատերական կյանքին վերաբերող առաջին տեղեկություններում հիշատակվում են 1880-ականների վերջերը, երբ այնտեղ Կուբանի կազակական գնդի սպաները Լոռու հայոց և ռուսաց ուսումնարանների սովորողների համար հանդես են եկել ներկայացումներով: «Փաստորեն, այդ գյուղաքաղաքում, այդպիսով մշակութային կյանքը կամաց-կամաց առաջ է շարժվել, ի դեպ, ստեփանավանցի մեծահարուստ մի տիկնոջ աջակցությամբ: Առաջին ներկայացումը եղել է Սունդուկյանի «Պեպոն»,- հայտնեց պարոն Առաքելյանը»:
Կարդացեք նաև
Իսկ այսօր թատրոն ունենալու, հիմնելու գաղափարը Ստեփանավանի քաղաքապետի խորհրդական, բանաստեղծ-թարգմանիչ Գագիկ Շիրմազանինն է, որը նախաձեռնեց ստեղծել նոր՝ համայնքապետարանին պատկանող թատրոն: Այդ բարդ ծրագիրն իրականացնելու համար նա դիմեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետթատրոնի առաջատար դերասաններից, միջազգային մրցանակների դափնեկիր, դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանին, որը հայտնի է իր մշակութային ակտիվ գործունեությամբ:
Գիտակցելով առաջարկի կարևորությունը՝ Էլֆիք Զոհրաբյանը պատրաստակամություն հայտնեց աջակցելու նախաձեռնությանը գեղարվեստական հարցերով: Ստացան նաև համայնքապետ Արմեն Գրիգորյանի աջակցությունը: «Առանց քաղաքապետ պարոն Գրիգորյանի, ինչպես նաև պարոն Շիրմազանի անձնական ներդրումների, չէր կարող իրականություն դառնալ այս բարդ ու կարևոր նախաձեռնությունը, – մեզ հետ զրույցում նշեց գեղարվեստական ղեկավարի գործառույթը ստանձնած Զոհրաբյանը, – այնքան ոգևորված ու լավատես էր պարոն Շիրմազանը, որ վարակում էր բոլորիս: Ստեփանավանից ընտրեցինք չորս օժտված մարդկանց, նաև Վանաձորի Աբելյանի անվան պետթատրոնից պրոֆեսիոնալ երեք արտիստների, իսկ մինչև փորձերը սկսելն ավելի քան մեկ ամիս ծանրութեթև ենք արել՝ ինչ պիես ընտրել, հաշվի ենք առել քաղաքի հանդիսատեսի թիրախային խմբերին… Վերջապես կանգ առանք ֆրանսիական հայտնի մի պիեսի՝ Շենոյի «Առողջ եղեք» կատակերգության վրա, կատարեցինք դերաբաշխումը, իսկ ռեժիսորական գործը վստահեցի դերասան Արման Կոլոսովին, որը հաջողությամբ այն իրագործեց: Մինչև փորձերի սկսելը` դերակատարների հետ մոտ 4 ամիս տարվել է նախապատրաստական աշխատանք՝ ձայնի ու շնչառության վարժանքներ և այլն: Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի անձնակազմը ևս պատրաստակամ էր բոլոր հարցերում: Մի շարք հարցեր էլ պարոն Շիրմազանը լուծում էր իր անձնական միջոցներով… Դժվար է, բայց թատրոն ունենալուց հետո, այն պետք է լինի պրոֆեսիոնալ բառի լայն իմաստով…» , – նշեց պարոն Զոհրաբյանը:
Դերակատարներն էին Արման Սաքանյանը, Մարիամ Ղևոնդյանը, Արման Կոլոսովը, Գայանե Մելիքյանը, Մելինե Հարությունյանը, Մանե Գևորգյանը և Ջոն Մկրտումյանը: Երաժշտական ու նկարչական ձևավորումը ևս իրականացրել է բեմադրիչը՝ Կոլոսովը:
Մինչ ներկայացման սկիզբը, պալատի ճեմասրահում կենդանի կատարմամբ հնչում էր դասական երաժշտություն, և հանդիսատեսը ժպտալով, մի տեսակ հպարտորեն էր մտնում հանդիսասրահ:
Այսպիսով, 4-ամսյա աշխատանքից հետո կայացավ շատ սպասված պրեմիերային առաջին ներկայացումը՝ Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի բեմում: Ինչպես նշում են ականատեսները, ստեփանավանցիները մեկ ժամ առաջ արդեն հավաքվել էին պալատի բակում, իսկ կես ժամ առաջ դահլիճում գրեթե տեղ չկար: Բազմաթիվ հանդիսատեսներ մոտ մեկ ժամ քսան րոպե կանգնած են դիտել դինամիկ ու թեթևաշունչ ներկայացումը: Քաղաքապետ Արմեն Գրիգորյանի սպասելիքները գերազանցված էին, իսկ հանդիսատեսը բավականին ջերմությամբ ընդունեց բեմադրությունը, որին ներկա էին բազմաթիվ մտավորականներ նաև Վանաձորից:
Վերջում բեմ հրավիրվեցին Գ. Շիրմազանին և Է. Զոհրաբյանին: Վերջինս իր խոսքում նշեց, որ քաղաքապետի վերջնական որոշումից է կախված՝ հիմք կդրվի՞ Ստեփանավանում թատրոնի, թե՞ ոչ, իսկ քաղաքապետը, բարձր գնահատելով արված աշխատանքը բարձրաձայնեց, որ «հանդիսատեսն արդեն իսկ որոշումը կայացրել է, և հիմք է դրվում նոր թատրոնի…»: Այսպիսով, հանդիսատեսի բուռն ծափահարությունների ներքո հիմք դրվեց նոր թատրոնի, որի հետագա գործունեության ծրագիրը մշակման փուլում է: Այս հարցում իր կարևոր դերակատարություն կունենա նաև Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղը, որը կարող է կադրերով ապահովել նորաստեղծ թատրոնին: Մոտ ապագայում էլ, 2026 թ. Ստեփանավանի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի ձայնալուսային տեխնիկան ևս կվերազինվի կառավարության կողմից: Այսպիսով, որոշ տեղերում, ավաղ, թատրոններ են փակվում, որոշ տեղեր՝ բացվում…
Սամվել Դանիելյան
Լուսանկարներում՝ Թատրոնի հանդիսավոր բացման և ներկայացման դրվագներից
























































