«Ես չէի կարող չդիմել, լավ եմ արել, դիմել եմ։ Դիմելու եմ»,- ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ անդրադառնալով , «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանին ու Վազգեն Սաղաթելյանին՝ իր հաղորդման հիման վրա ձերբակալմանը։
Նա վստահեցրեց՝ օրենքով բոլորը պատժվելու են, որոնք խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն․ «Ամենակարևորն այստեղ էմոցիայից, վիրավորանքից և զրպարտություն զատ՝ կա քրեական բաղադրիչ, երբ մեկին սպառնում ես։ Այո, օրենքով բոլորը պատժվելու են, որոնք խուլիգանություն կանեն, սպառնալիքներ կհնչեցնեն։ Մի զարմացեք, մեկ այլ հասարակարգ ենք ունենալու, իրար չենք դանակահարելու։ Էդ տղաների պատմության պատճառը եղել է մեկը քրեական ենթամշակույթով ապրելը, մեկը մյուսին ստորացնելը, երբ մեկը մյուսին ստորացնում է, որոշում են իրենք հաշվեհարդար գտնել, մեկը մյուսին վիրավորում է, դանակը վերցնում, կանգառում դանակահարում են։ Էդ որ տենց վրդովված էիք բոլորդ, ասում էիք՝ էդ ի՞նչ դեպք է, հանցագործությունների շարքը մեծացել է և այլն, այ, սա արդարացնելու հետևանք է։ Կոչ եմ անում բոլոր այն մարդկանց, որոնք ենթարկվել են նման բաների, դիմել իրավապահներին»։
Ինչպես տեղեկանում ենք Datalex դատական տեղեկատվական համակարգից, Ալեն Սիմոնյանը նաև պահանջել է հրապարակավ ներողություն խնդրել իրեն ֆեյսբուքյան էջով վիրավորելու համար։ Ալեն Սիմոնյանի ներկայացրած պահանջում մասնավորապես նշված է․ «Վազգեն Արմենի Սաղաթելյանից հօգուտ հայցվոր Ալեն Ռոբերտի Սիմոնյանի բռնագանձել 2 000 000 ՀՀ դրամ՝ որպես հրապարակումների մեջ պարունակվող վիրավորանքի համար նախատեսված փոխհատուցում։ Բռնագանձել ընդհանուր 530 000 ՀՀ դրամ դատական ծախսերի հատուցում, որից 480 000 ՀՀ դրամ՝ փաստաբանի վարձատրության գումար, 50 000 ՀՀ դրամ՝ պետական տուրքի գումար»։
Կարդացեք նաև
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, վաղ առավոտից դիմակավորված անձինք մտել են «Իմնեմնիմի» փոդքասթի հաղորդավարներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի տներ, ապա ձերբակալել նրանց։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Տեսապատկերում՝ ինչպես էր Ալեն Սիմոնյանը վիրավորել Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցը վարողներին:


















































