Լրահոս
Օրվա լրահոսը

«Ենթադրաբար ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից, ես իրավասու եմ այդպիսի ենթադրություններ անել»․ Ռոմանոս Պետրոսյան

Նոյեմբեր 13,2025 16:47

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում քննարկվում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։

Լրագրողների հետ ճեպազրույցում ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ասաց, որ իրեն վերապահված իրավասությունների շրջանակներում իրականացնելով մի շարք վերահսկողական եւ ստուգողական գործառույթներ ՀԷՑ-ում՝ մի քանի շաբաթ անց պարզել է, որ տեւական շրջան, ՀԷՑ-ում տիրող իրավիճակը թաքցնելով ՀԾԿՀ-ից եւ վերահսկողական մարմիններից, բերել իրավիճակը հասցրել են նրան, որ ՀԾԿՀ նախագահը ստիպված էր վարչական վարույթ հարուցել եւ կանխարգելիչ միջոցառում իրականացնել։

«Այն կանխատեսումները, որոնք ես մի քանի շաբաթ առաջ արեցի, որ ենթադրաբար ՀԷՑ-ը կզրկվի լիցենզիայից, դրանք պարզապես ժամանակավոր կառավարչի լիազորությունների շրջանակներում իրականացված ստուգումների ու բացահայտումների արդյունք էին։ Եվ ես իրավասու եմ այդպիսի ենթադրություններ անել»,- ասաց Պետրոսյանը։

Նա նշեց, որ քանի դեռ ՍԴ-ն չունի կայացրած վճիռ, որեւէ մեկն իրավունք չունի ասելու, որ այս գործընթացը հակասահմանադրական է։

Դիտարկմանը, որ ՀՀ կառավարությունն արհամարհել է նաեւ միջազգային արբիտրաժի որոշումը, նա պատասխանեց․ «Այդ հարցերի հասցեատերը ես չեմ, գործադիր իշխանությունն է եւ ՀԾԿՀ-ն։ Ես վստահ եմ, որ այս գործընթացն օրենքի շրջանակներում է, ես վստահ եմ, քանի դեռ ՍԴ-ն հակառակը չի վճռել»։

Պետրոսյանը հավելեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեում ու Քննչական կոմիտեում նախաձեռնված են 1,5 տասնյակից ավելի քրեական վարույթներ, քննվում են բոլոր փաստերը, եւ այդ փաստերին կտրվեն քրեաիրավական գնահատականներ։

Հարցին, թե ինչո՞ւ այդ փաստերը սկսեցին քննել այն փուլում, երբ Սամվել Կարապետյանը եկեղեցուն սատարելու հայտարարություններ արեց, Ռոմանոս Պետրոսյանը պատասխանեց․ «Գուցե հարցը տաք իրավապահների՞ն։ Ասեմ՝ ինչու, որովհետեւ ՀԷՑ-ի նախկին ղեկավարները եւ կառավարիչները գուցե հակված չեն եղել իրենց ներքին խոհանոցը հասու դարձնել իրավապահ մարմիններին։ Եվ բոլոր առերեւույթ իրավախախտումները պարզապես որեւէ կերպ թաքցվել են ՀԷՑ-ում»։

Ռոմանոս Պետրոսյանը մեղադրեց նաեւ ՀԾԿՀ նախկին նախագահ Գարեգին Բաղրամյանին։

Մանրամասները՝ տեսանյութում

Լրագրողները նաեւ հարց ուղղեցին Ռոմանոս Պետրոսյանին․ «Չեք ամաչո՞ւմ, որ Սամվել Կարապետյանի հաշվին 5,5 մլն դրամ աշխատավարձ եք ստանում»։

«Թե ինչքան աշխատավարձ եմ ստանում, դա իմ անձնական հարցն է։ Ես հայտարարատու պաշտոնատար անձ եմ, իմ աշխատավարձը հայտարարագրում կտեսնեք։ Բայց ես ձեր հարցին ի պատասխան կարող եմ ասել՝ ես եւ իմ նշանակած թիմը կամովին հրաժարվել ենք այն միլիոնավոր ու տասնյակ միլիոնավոր դրամ պարգեւավճարներից, որոնք ստացել են այս որոշումը վիճարկող ու ազատված պաշտոնյաները»,- պատասխանեց Ռոմանոս Պետրոսյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930