Փաստաբան Էրիկ Բեգլարյանի ֆեյսբուքյան գրառումը
Սա է ներկայիս ՀՀ իշխանության իսկական դեմքը։
Արցախի Հանրապետության երեք նախագահները, ինչպես նաև մեր մի շարք բարձրաստիճան հայրենակիցներ, այսօր դատապարտվում են 16 տարուց սկսած մինչև ցմահ ազատազրկման։ Իսկ գործող ՀՀ իշխանությունը ոչ միայն չի փորձում հակազդել այս անարդարությանը, այլ անգամ չի էլ նկատում այն։
Նույն իշխանությունը, որի ներկայացուցիչները տարիներ շարունակ նույն այս նախագահների հետ անցել են երկար ու դժվար ճանապարհ, կանգնել են պատերազմի առաջ, հաղթահարել են ճակատագրական փորձություններ։
Այսօր, երբ Արցախի ղեկավարության այն անդամները, որոնք երկար տարիներ եղել են Հայաստանի իշխանությունների գործընկերները, տանջվում և նվաստացվում են Բաքվի բանտերում, ներկայիս իշխանավորները Հայաստանում իրենց պահում են լիովին անհոգ՝ կարծես ոչինչ չի եղել։ Նրանք մտածում են միայն մեկ բանի մասին՝ ինչպե՞ս պահպանել իրենց պաշտոններն ու իշխանական դիրքերը։ Մարդկային, ազգային, բարոյական որևէ զգացում կարծես վերացել է նրանց մեջ։
Կարդացեք նաև
Ավելին՝ ցավալի է և վիրավորական, որ այս ամենից հետո դեռ կան մարդիկ, ովքեր շարունակում են սատարել նման իշխանությանը։ Նրանք չեն գիտակցում, որ վաղը նույն վերաբերմունքը, նույն անտարբերությունը ու նույն անպատասխանատվությունը կդառնան իրենց իսկ գլխին։ Այս իշխանությունը չի ճանաչում ընկերություն, գործընկերություն կամ պարտք իր հանդեպ հավատացած մարդկանց նկատմամբ։ Ինչպես այսօր լիակատար անտարբերություն է ցուցաբերում Բաքվում գերի պահվող իր նախկին գործընկերների նկատմամբ, նույն կերպ մի օր կվարվի նաև իրենց աջակիցների հետ։
Այս իշխանության վարքը ոչ միայն քաղաքական անգործություն է, այլ ազգային արժանապատվության բացահայտ ոտնահարում։
Ցավը մեծ է, բայց այդ ցավը պետք է դառնա գիտակցություն։

















































