ՀԷՑ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանն այսօր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանին հարցրեց, թե ինչո՞ւ են ոստիկանները համազգեստով լցվել նիստերի դահլիճ: Կա՞ արդյոք դահլիճում անձ, որն անկարգություններ անելու առումով ռիսկ է ներկայացնում:
«Ես գտնում եմ, որ նախագահը պետք է հայտարարի՝ ռիսկն ումից է»,- ասաց Ղազինյանը:
Հանձնաժողովի նախագահ Մեսրոպյանն էլ ասաց, նիստի անցկացման կարգ կա, դռնբաց նիստերին իրավունք ունեն մասնակցել ՀՀ բոլոր այն քաղաքացիները, որոնք գրանցվել են նախապես, հետեւաբար հարցադրում անել, թե այս կամ այն անձնավորությունն ինչ գործ ունի դահլիճում, անընդունելի պնդում է:
Ղազինյանը շեշտեց՝ ոստիկաններ են համազգեստով: Նիստին ոստիկանի գտնվելու հիմնավորումը ո՞րն է, դռնից այն կողմ չե՞ն կարող գտնվել. «Չի սազում»:
Կարդացեք նաև
Մեսրոպյանը Ղազինյանի դիտարկումները սադրանքի փորձ որակեց՝ պնդելով դադարեցնել այդ խոսակցությունը:
Հիշեցնենք, որ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստում այսօր շարունակվում է քննարկվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերության էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման №0092 լիցենզիան դադարեցնելու մասին հարցը։
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

















































