«Արձանագրել ենք դեպքեր, որ մրցակից ուժերը մրցակից թիմի պաստառները վնասում, ոչնչացնում են, վրան իրենցը փակցնում։ Այս անգամ հայտնաբերել ենք նոր տեսակի խախտումներ։ Տարբեր տեղերում արձանագրել ենք, որ ճանապարհատրանսպորտային տարբերանշանների վրա են փակցնում իրենց պաստառները, ինչը մինչ այժմ չենք արձանագրել»,- «ՀայաՔվե» դիտորդական առաքելության մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Հայաքվե» նախաձեռնության անդամ Արամ Պետրոսյանը՝ անդրադառնալով ՏԻՄ ընտրություններին ընդառաջ խախտումներին։
Նա ահազանգեց՝ ունենք տեղեր, որ գազալցակայանի կամ գազի խողովակի, էլեկտրասյուների համար նախատեսված արկղերի վրա են փակցնում իրենց պաստառները, նույնիսկ կան դեպքեր, երբ 4-5 տարվա վաղեմության նկարներ կան․ «Նույնիսկ հինգ տարում չեն էլ մաքրել իրենց հետևից, ինչը տհաճ է։ Ունենք տեսանյութ, որտեղ լրագրողի կողմից հայտնաբերվել է վարչական ռեսուրսի ամենատարածված դեպքը, երբ համայնքապետարանին պատկանող մեքենայով համայնքապետարանի կողմից վճարվող աշխատողներն աշխատանքային ժամին փակցնում են համայնքի ղեկավարի պաշտոնակատարի պաստառը ոչ նախատեսված վայրում, մինչդեռ ինքը պիտի պայքարի այդ վայրերում ընտրական նյութեր չփակցնելու համար»։
Արամ Պետրոսյանը նաև նշեց․ «Էջմիածին համայնքի ղեկավարի պաշտոնակատարը մրցակից թիմի առաջին համարի բարեկամին աշխատանքից է ազատել»։
Կարդացեք նաև
«ՀայաՔվե« դիտորդական առաքելությունը նաև արձանագրում է՝ ուժային մարմինները կամ իրավապահներն անհամաչափ ուժ են գործադրում։ Ըստ «Հայաքվեի» տվյալների՝ ամենաշատ խախտումները թույլ են տվել «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքը և ՔՊ թեկնածուները։
«ՀայաՔվե» նախաձեռնության ասուլիսն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

















































