Շախմատն ահռելի աշխատանք, նվիրում, ֆինանսներ եւ հոգատարություն է պահանջում
Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրեն, «Շախմատ» գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն, միջազգային գրոսմայստեր Սմբատ Լպուտյանի հետ «Առավոտի» զրույցը սկսեցինք՝ անդրադառնալով հայկական շախմատի գործունեությանը:
Սմբատ Լպուտյանը խոսեց ավելի քան 3 տասնամյակ միջազգային մրցաշարերում մեր տղաների գրանցած փայլուն հաղթանակներից եւ 100 տարվա ընթացքում աշխարհում լավագույն շախմատային երկիր դառնալուց: Ասաց, որ բոլոր մեծ հաղթանակները մեր հավաքականը ձեռք է բերել, երբ եղել է խիստ միասնական: Ընդգծեց, որ հայ շախմատիստների ուժեղ կողմերից մեկը յուրօրինակ ստեղծագործական միտքն է:
«Ուղղակի հրաշք է, լինելով փոքրիկ երկիր, ունենալով այդքան հաղթանակներ՝ օլիմպիադաներում, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում, աշխարհում ընդհանուր հաշվարկով համարվել ենք լավագույնը: Սա, ինչ խոսք, մեծ հպարտություն եւ ուրախություն է, բայց միեւնույն ժամանակ պահպանելը հեշտ չէ: Ահռելի աշխատանք, նվիրում, ֆինանսներ եւ հոգատարություն է պահանջվում՝ շախմատում աշխարհի լավագույն երկրներից մեկը համարվելու համար», -ասաց Սմբատ Լպուտյանը:
Կարդացեք նաև
Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ շախմատը կրթական համակարգում թեմային, ինչը շատ է կարեւորվում աշխարհում: «Հայաստանի դպրոցներում 14 տարի է՝ շախմատը որպես առարկա է դասավանդվում: Բացի դրանից, ունենք աշխարհում միակ՝ Շախմատի գիտահետազոտական ինստիտուտը, որի իրականացրած հետազոտությունները կարեւորվում են, հրապարակվում ամենահայտնի ամսագրերում: ԵՄ-ի նախաձեռնությամբ իրականացվել է հետազոտություն, որում արձանագրվել է, որ 150 երկիր ցանկություն ունի շախմատ առարկան ընդգրկել իրենց կրթական համակարգում»,-նշեց Լպուտյանը:
Մեր զրուցակիցը շախմատը բարիք է որակում հասարակության համար, որովհետեւ նրա խոսքով, շախմատով զբաղվող երեխան այնպիսի ստեղծագործական եւ մտավոր որակներ է ձեռք բերում, որոնք կարեւոր են նրա ողջ կյանքի ընթացքում, շախմատն էապես փոխում է մարդու մտածելակերպը, որը դրական է անդրադառնում հասարակության միջավայրին: Դրա համար, ըստ Սմբատ Լպուտյանի, պետք է փայփայել ու զարգացնել շախմատը կրթական համակարգում:
Շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրենին խնդրեցինք որոշ «փակագծեր» բացել, թե ի՞նչ նկատի ունի՝ շախմատի հանդեպ հոգատարություն ասելով: Արդյոք զգո՞ւմ են հոգածություն, հոգատարություն պետական մակարդակով, մի բան, որ նախկինում ընդգծված էր:
«Ինչպես արդեն նշեցի, անցյալ տարի հայտարարվեց, որ Հայաստանն առաջինն է ամբողջ աշխարհում շախմատի իր արդյունքներով: Չնայած սրան՝ այս տարի Ֆեդերացիայի ֆինանսավորումը պակասեց 10 միլիոնով, որը բավականին դժվարացնում է ֆեդերացիայի պլանավորված գործունեությունը:
Ինչ վերաբերում է ակադեմիային, որն ուներ 53 մասնաճյուղ՝ բոլոր քաղաքներում եւ մեծ գյուղերում, այժմ այդ մասնաճյուղերից միայն 28-ն է մնացել: Ցավոք, վտանգ եմ տեսնում հետագա զարգացման գործընթացում՝ հաշվի առնելով մեծ ներդրումները Հնդկաստանում, ԱՄՆ-ում, Եվրոպայում, ասիական երկրներում, անգամ Միջին Ասիայում, ինչը կհանգեցնի մեր դիրքերի զիջմանը աշխարհում»,-ասաց Շախմատի ակադեմիայի հիմնադիր տնօրենը:
Նա ընդգծեց, որ լավագույն սաների հետ հնարավորինս աշխատում են, բայց ամեն դեպքում պետք է ավելին արվի՝ նրանք պետք է հաճախակի մրցաշարերի մասնակցեն, լավագույն գրոսմայստերների հետ շփումներ ունենան, իսկ այդ ամենը ֆինանսների հետ է կապված, ինչն էլ դժվարություններ է առաջացնում. «Իհարկե, այլ խնդիր էլ եմ տեսնում: Նախկինում ավելի նպատակասլաց էինք, համառ, պայքարող, իսկ այսօր տեսնում ենք կամքով ավելի թույլ պատանիների: Դա նկատվում է տարբեր միջազգային մրցաշարերում եւ շախմատային հավաքներում: Այստեղ հասարակության ձգտումների եւ ուժեղ մարդկային որակների բացակայության խնդիրն եմ տեսնում…Այս բոլորը եւ լավ արդյունքներ ունենալը փոխկապակցված են»:
Իսկ որո՞նք են Շախմատի ֆեդերացիայի ռազմավարության հիմնական ուղղությունները հարցին պարոն Լպուտյանը պատասխանեց, որ դա մասսայականությունն է, մրցաշարերը, մարզիչների, մրցավարների, ուսուցիչների, վերապատրաստումները, ուժեղագույն շախմատիստների հանդեպ հոգատարությունը, հավաքականի լավ մարզավիճակում լինելը:
Կանանց եւ աղջիկներին էլ անդրադարձ եղավ: Նա փաստեց, որ վերջերս Եվրոպայի առաջնությունում Հայաստանի շախմատի կանանց հավաքականը 5-րդ տեղն է գրավել, որոշ զարգացում տեսնում է, սակայն հարկ է մտածել նոր ուժեր ներգրավելու եւ փոխարինողներ ունենալու մասին:
Շախմատին ցուցաբերած աջակցության մասին խոսելիս, մեր զրուցակիցը նշեց, որ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ միասին են հիմնադրել Շախմատի ակադեմիան, իսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման օրոք 4 անընդմեջ օլիմպիադաներից 3 անգամ օլիմիպական չեմպիոն են դարձել, եւ նման հաջողություն աշխարհում երբեւիցե չի եղել:
Միջազգային գրոսմայստերը մեկ այլ կարեւոր արձանագրում էլ արեց՝ Շախմատի ակադեմիան 23 տարվա ընթացքում ավելի քան 80 միջազգային մրցաշար է անցկացրել, որոնցից առանձնացնում է Գյումրիում կայացած հաշմանդամների աշխարհի առաջնությունը: Այն որակում է բարդ եւ բարի մրցաշար, միայն ափսոսում է, որ նման հեղինակավոր իրադարձությունն աննկատ մնաց մամուլի կողմից այն դեպքում, երբ Գյումրիում երբեւէ աշխարհի առաջնություն, այն էլ նման մասշտաբի՝ որեւէ սպորտաձեւում չէր անցկացվել: Նա տեղեկացրեց, որ այս օրերին նաեւ Գորիսում էր միջազգային մրցաշար իրականացվում, եւ ուրախալի է, որ մարզերը եւս մասնակից են դառնում:
Մեր զրույցի ավարտին Սմբատ Լպուտյանին հարցրինք՝ ի՞նչ է տվել ինքը շախմատին եւ ի՞նչ է վերցրել շախմատից: «Թե ինչ եմ տվել շախմատին, գուցե ժամանակը կասի, իսկ ի՞նչ եմ վերցրել… Երջանկություն եմ վերցրել…Իմ ամբողջ կյանքը եղել է շախմատի մեջ, շախմատի շնորհիվ ես կայացել եմ, հնարավորություն եմ ունեցել տեսնել աշխարհը, շփվել հետաքրքիր մարդկանց հետ, կրթվել եւ լինել օգտակար աշխարհին… Այնպես որ՝ շնորհակալ եմ շախմատին»,-ասաց նա:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
15.11.2025


















































