«Մեկը մի բան չարած՝ ձեռքերը ոլորում, տանում են, էս եթե խոսում ենք 70 միլիարդ կորելու մասին, ինչո՞ւ գլխավոր դատախազությունը և իրավապահները չզբաղվեցին», «Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված ՀԷՑ-ի «լիցենզիան դադարեցնելու» հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նիստի ընթացքում իր եզրափակիչ ելույթում հայտարարեց ՀԷՑ նախկին տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։
Նա նկատեց՝ միգուցե դիտավորություն կար, որ բազաները ջնջվում էին․ «Միգուցե դա նրա համար էր, որ մեր արած ապօրինություննե՞րը չբացահայտվեին։ Իմ կարծիքով՝ ոչ թե դրա համար, այլ քանի որ բոլոր մարմինները գիտեին՝ ինչ է կատարվել, ամբողջի բացահայտումը բերելու էր նրան, որ ՀԷՑ-ը՝ որպես այդպիսին ամեն դեպքում մեղավորություն չի ունեցել»։
Ըստ Դավիթ Ղազինյանի՝ այն անձինք, որոնք զեկուցագիր կոչվածը ստորագրել են, կառավարիչը այս մասով պետք է երկրորդ անգամ ծառայողական քննություն կատարեր․ «Հանձնաժողովը կամ իր մոնիտորինգը իր հնարավոր բոլոր միջոցներով պետք է պարզեր՝ ինչ է եղել ամենավերջում։ Եթե այդ ամբողջը չի էլ արվել, թող այստեղ հրավիրեին վկաներին։ Դա էլ չարվեց»։
Կարդացեք նաև
Անդրադառնալով վարույթի կետերից թերգրանցումներին ու հավելագրումներին, որոնցում իրենց մեղադրում են, Դավիթ Ղազինյանն արձագանքեց․ «Անգամ իմ դաստիարակությանը ոչ հարիր բաներ են ինձ վերագրում, թե ես ինչ եմ ասել մեր աշխատակիցներին հավելագրում կատարելու կամ կիլովատ վաճառելու համար։ Մեր ժողովրդին եմ դիմում, թե մենք մեր ձևով ինչպես էինք պայքարում այս երևույթների դեմ։ Կառավարչի պաշտոնում նշանակված անձն այժմ նշանակում է մարդկանց, որոնք բացարձակ կոմպետենտ չեն։ Ես ոչ մեկի հետ անձնական խնդիր չունեմ՝ մանավանդ իմ տեղը նշանակված անձի հետ»։
Դավիթ Ղազինյանի կարծիքով՝ ՀԷՑ կառավարչի աշխատակազմը չի կարողանում ցույց տալ, գողացող գտե՞լ են, թե՞ ոչ։
Անդրադառնալով վարույթի մյուս կետերին՝ Դավիթ Ղազինյանն ասաց․ «Ներկայացվում է, որ մենք ուղղակի անընդհատ խաբել ենք հանձնաժողովին։ Առաջինը՝ ձեզ դա չի սազում։ Եթե մենք կարողացել ենք անընդհատ խաբել հանձնաժողովին, կներեք, ՀԷՑ-ը չպիտի փոխվի, այլ հանձնաժողովը․ անսահմանափակ գործիքակազմ ունենալով հանդերձ՝ ձեզ անգործության մասին է վկայում, կներեք, եթե ներկայացվում է, որ ՀԷՑ-ն անընդհատ խաբել է հանձնաժողովին»։
Հանձնաժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































