Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը ելույթ է ունեցել «Հակամենաշնորհային քաղաքականություն. գիտություն, պրակտիկա, կրթություն» հոբելյանական միջազգային գիտագործնական համաժողովի շրջանակում Մոսկվայում տեղի ունեցած Հակամրցակցային համաձայնությունների գծով միջազգային ֆորումում։
«Այսօրվա թվային միջավայրում մրցակցային մարմինները բախվում են եզակի մարտահրավերների, ինչպիսիք են շուկաների արագ կենտրոնացումը, արհեստական բանականության կիրառմամբ հակամրցակցային գործելակերպի նոր ձևերը և բազմակողմանի շուկաները։ Այս մարտահրավերները հաճախ համակցված են այնպիսի երևույթների հետ, ինչպիսիք են ցանցային էֆեկտները, մեծ տվյալները, զրոյական գինը և այլն»,- նշել է ՄՍՇՊՀ նախագահը։
Նա անդրադարձ է կատարել թվային շուկաներում հակամրցակցային գործելակերպի ռիսկերի կանխարգելմանն ուղղված ՀՀ-ում իրականացված օրենսդրական փոփոխություններին, այդ թվում՝ բանակցային ուժեղ դիրքի ինստիտուտի ներդրմանը, ինչպես նաև նոր թվային գործիքներին։
Մասնավորապես նշվել է e-compete համակարգի ներդրումը, հանձնաժողովի կայքում ապրանքների գների մոնիթորինգի գործիքը, որը թույլ է տալիս հետևել խոշոր մանրածախ առևտրի ցանցերում ավելի քան 500 ապրանքների ամենօրյա գնային փոփոխություններին։ ՄՍՇՊՀ նախագահի խոսքով՝ առաջարկվել է ներդնել նաև ավտոմատացված գործիքներ գնումների համակարգում, որոնք հատուկ ալգորիթմների միջոցով կօգնեն բացահայտել հնարավոր հակամրցակցային համաձայնությունները։
Կարդացեք նաև
Համաժողովը կազմակերպվել էր Բրիկս երկրների մրցակցային իրավունքի և քաղաքականության միջազգային կենտրոնի, ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության, Ազգային հետազոտական ինստիտուտի «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցի» կողմից։
Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողով


















































