Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ ծավալի հարցումներով են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները դիմել սոցիալական մեդիա հարթակներին.Media.am

Նոյեմբեր 17,2025 13:08

Media.am. Գլոբալ թվային հարթակների թափանցիկության զեկույցները բացահայտում են, թե ինչ պարբերականությամբ և ինչ ծավալի հարցումներով են Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունները դիմել սոցիալական մեդիա ընկերություններին՝ օգտատերերի վերաբերյալ տվյալներ ստանալու կամ բովանդակություն հեռացնելու նպատակով։

Հավաքագրել ենք 2020-2024 թվականներին Meta-ի, TikTok-ի, Google-ի, Apple-ի և Yandex-ի թափանցիկության զեկույցների տվյալները՝ բովանդակության և օգտատերերի արգելափակումից մինչև օգտատերերի և հաշիվների վերաբերյալ տեղեկատվության հարցումներ, ինտերնետի անջատումներից մինչև հակակառավարական և կառավարամետ մեդիա արաշվներ և Ռոսկոմնադզորի պահանջներ։

TikTok

Թաքնված ազդեցության քարոզչական գործունեություն (Covert Influence Operations)

Հավաքագրել ենք թաքնված ազդեցության գործողությունների մասին տվյալները, որոնք կանխվել են հարթակի կողմից՝ թափանցիկությունն ու բարեվարքությունն ապահովելու նպատակով։

2024 թվականի հուլիս ամսին հարթակը զեկուցում է այն մասին, որ հայտնաբերել է Ադրբեջանում գործող և ադրբեջանական լսարանին թիրախավորող ցանցային թաքնված գործողությունների շարք։ Ցանցի հետևում կանգնած անձինք ստեղծել են կեղծ հաշիվներ՝ արհեստականորեն ուժեղացնելու ներկայիս ադրբեջանական վարչակարգի բարենպաստ պատմույթները։ Ցանցի անդամները, սովորաբար, իրենց հաշիվների նկարներում օգտագործել են Ադրբեջանի պետական զինանշանի պատկերները։ Ցանցի բացահայտման արդյունքում հարթակն արգելափակել է 51 հաշիվ՝ 31,090 հետևորդներով։

Մի քանի ամիս անց՝ 2024-ի հոկտեմբերին հարթակը բացահայտում է մեկ այլ ներքին թաքնված գործողությունների շարք՝ արդեն Հայաստանում, որը թիրախավորել է հայկական լսարանին։ Այս պարագայում ևս ցանցի հետևում կանգնած անձինք ստեղծել են կեղծ հաշիվներ՝ արհեստականորեն ուժեղացնելու ներկայիս վարչակարգին քննադատող պատմույթները։ Զեկույցում հարթակն ընդգծում է, որ ցանցը հաճախ իր հաշիվների նկարներում օգտագործել է Գարեգին Նժդեհի պատկերները։ Այս բացահայտման արդյունքում հարթակն արգելափակել է 132 օգտահաշիվ՝ 88,667 հետևորդներով։

Կառավարությունների կողմից բովանդակության հեռացման հարցումների զեկույց (Government Removal Requests Report)

TikTok-ի թափանցիկության զեկույցները ցույց են տալիս, թե ինչպես են կառավարությունները դիմում բովանդակության հեռացման կամ սահմանափակման հարցումներով։

TikTok-ի թափանցիկության տվյալները վկայում են, որ վերջին տարիներին թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը շարունակաբար դիմում են հարթակին՝ բովանդակության հեռացման կամ հաշիվների սահմանափակման պահանջներով։

Ընդհանուր առմամբ՝ 5 տարիների ընթացքում Հայաստանը TikTok-ին ներկայացրել է 35 հարցում, որոնցում նշված է եղել 54 բովանդակություն և 48 օգտահաշիվ, մինչդեռ Ադրբեջանը ներկայացրել է 205 հարցում՝ նշելով 809 բովանդակություն և 600 օգտահաշիվ։

Այսպիսով, Ադրբեջանն ունեցել է 4 անգամ ավելի շատ հարցումներ, որոնցում նշել է 15 անգամ ավելի բովանդակություն և 13 անգամ ավելի հաշիվներ, քան Հայաստանը։ TikTok-ը Ադրբեջանի բովանդակության վերաբերյալ հարցումներին մերժել է 203 միավոր ծավալով, Հայաստանին՝ 3 միավորով, օգտահաշիվների պարագայում՝ համապատասխանաբար 163 և 3 միավորով։

Տեղեկատվության հարցումների զեկույց (Information Requests Report)

TikTok-ի հրապարակած «Տեղեկատվության հարցումների զեկույցը» վկայում է, որ հարթակը պարբերաբար ստանում է կառավարություններից և իրավապահ մարմիններից օգտատերերի տվյալների կամ բովանդակության բացահայտման, պահպանման և հեռացման պահանջներ։

TikTok-ի օգտատերերի տվյալների վերաբերյալ կառավարական հարցումների տվյալները ցույց են տալիս զգալի տարբերություն Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Հայաստանը տվյալների ստացման հարցումներ մինչև 2022 թվականը ներառյալ չի ներկայացրել, նույն ժամանակահատվածում Ադրբեջանը ներկայացրել է ընդմանեկը 1 հարցում։ 2023-ին երկու երկրների դեպքում տեսանելի է փոքր աճ, այնուհետև, 2024-ին Հայաստանը ներկայացրել է 13 հարցում, որոնք բոլորը եղել են տվյալների պահպանման հարցումներ՝ (preservation requests – իրավապահ կամ կառավարական մարմնի դիմում, որ հարթակը ժամանակավոր պահպանի օգտվողի տվյալները՝ առանց դրանք փոխանցելու, մինչև օրենքով սահմանված հաջորդ քայլը, օրինակ՝ դատական որոշում) ներառելով 26 միավոր օգտատիրոջ հաշիվ կամ որևէ այլ տվյալ։ Սա փաստում է, որ ուսումնասիրված ժամանակաշրջանի վերջին երկու տարիներին Հայաստանը սկսել է ավելի կառուցվածքային կերպով օգտագործել իրավական գործիքները՝ թվային ապացույցների պահպանման կամ իրավապահ նպատակներով տվյալների հայցման համար։

Նույն տարում Ադրբեջանն ունեցել է 27 հարցում, որոնցից 7-ը իրավական (ներառել է 13 հաշիվ), 19-ը արտակարգ իրավիճակների (ներառել է 20 հաշիվ), և 1-ը տվյալների պահպանման հարցումներ։ Հարթակի կողմից բավարարվել է միայն արտակարգ իրավիճակների վերաբերյալ հարցումների շուրջ 21%-ը, մնացած բոլորը մերժվել են։ Սա նշանակում է, որ Ադրբեջանի կողմից դիմումների զգալի մասը չեն եղել փաստաթղթավորված և հիմնավոր, ինչով պայմանավորված հարթակը մերժել է հայցված տվյալների տրամադրման դիմումները։

Meta

Meta-ն նույնպես թափանցիկության զեկույցների մի քանի ենթատեսակներ ունի, որոնցից առանձնացրել ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին առնչվող տվյալները՝ վերջին 5 տարիների համար։ Այս տվյալները վերաբերում են ընկերության Facebook (Messenger) և Instagram ծառայություններին։

Կառավարությունների կողմից օգտատերերի տվյալների հարցումներ (Government Requests for User Data)

Meta-ի թափանցիկության տվյալները ցույց են տալիս, որ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը պարբերաբար դիմում են հարթակին՝ օգտատերերի տվյալների բացահայտման կամ տրամադրման պահանջներով, սակայն դրանց բնույթն ու ծավալը էականորեն տարբեր են։ Հարցումներով պահանջված տեղեկությունները կրում են երկու հիմնական բնույթ՝ իրավական և արտակարգ իրավիճակների։

Հայաստանի կառավարությունը 2020-ից մինչև 2024 թվականները Meta-ին ընդհանուր առմամբ ներկայացրել է 139 հարցում, որոնցում նշվել են 230 օգտատերեր։ Ամենաակտիվ տարին եղել է 2020-ը՝ 37 հարցումով, սակայն հետագա տարիներին այդ թիվը նվազել և կայունացել է միջինում տարեկան 20–30-ի սահմաններում։ Հայաստանի հարցումների մեծ մասը կատարվել է իրավական ընթացակարգերով (օրինակ՝ դատական կամ քնչական մարմինների միջնորդությամբ), իսկ տվյալների տրամադրման տոկոսը տատանվել է 56%-ից մինչև 82% (իրական կշիռը 72,6%)՝ հատկապես բարձր լինելով 2021, 2022 և 2023 թվականներին։

Ադրբեջանի կառավարությունը նույն ժամանակահատվածում դիմել է Meta-ին՝ ընդհանուր առմամբ շուրջ 73 հարցումով, որոնք վերաբերել են 249 օգտատիրոջ կամ հաշվի։ Սակայն Ադրբեջանի դեպքում տվյալների տրամադրման ցուցանիշը նկատելիորեն ցածր է՝ մոտ 0–70% (իրական կշիռը՝ 26%), ինչը կարող է պայմանավորված լինել ոչ ամբողջությամբ իրավաչափ կամ չափազանց ընդհանրական ձևակերպված պահանջներով։

Google

Google-ի պարագայում, թափանցիկության զեկույցները շատ ավելի մեծ ծավալներ ու դասակարգումներ ունեն, որոնք նաև ընդգծում են թե կառավարությունների ենթակայության կամ պետական այլ մարմինների ինչ ստորաբաժանումներ են դիմել տեղեկատվության ստացման համար։ Մենք այս ամենից առանձնացրել ենք Հայաստանի և Ադրբեջանի կառավարություններին առնչվող տվյալները՝ վերջին 5 տարիների համար։

Դիվանագիտական իրավական հարցումներ (Diplomatic legal requests)

Այս բաժինը ներկայացնում է այն հարցումների քանակը, որոնք կարող ենք նույնականացնել որպես դիվանագիտական ընթացակարգերի միջոցով ներկայացված օգտատերերի տվյալների հարցումներ։ Դրանք ներառում են, օրինակ, այն դեպքերը, երբ որևէ երկրի կառավարություն դիմում է մեկ այլ երկրի կառավարությանը՝ փոխադարձ իրավական աջակցության պայմանագրի (Mutual Legal Assistance Treaty, MLAT) շրջանակում։

Ադրբեջանը Google-ի այս զեկույցում չունի որևէ տվյալ, մինչդեռ Հայաստանն ունի 36 դիմում՝ տարեկան միջինում 7,2 դիմում արդյունքով, որոնք իրականացվել են ԱՄՆ-ի հետ դիվանագիտական կապուղիներով։

Կառավարությունների բովանդակության հեռացման հարցումներ (Government requests to remove content)

Աշխարհի տարբեր երկրների դատարաններն ու պետական կառույցները պարբերաբար դիմում են Google-ին՝ խնդրելով հեռացնել որոշակի տեղեկատվություն ընկերության արտադրանքներից։

Google-ի թափանցիկության տվյալները ցույց են տալիս, որ բովանդակության հեռացման հարցումների ծավալով Ադրբեջանը զգալիորեն գերազանցում է Հայաստանին։ 2020–2024 թվականներին Ադրբեջանը Google-ին ներկայացրել է 105 հարցում՝ հիմնականում YouTube-ի բովանդակության առնչությամբ, որոնք հղում են արել զրպարտության, ազգային անվտանգության,  կառավարության քննադատության, ատելության խոսքի և կեղծ նույնականացման հիմքերին։ Այս պահանջները արտացոլում են երկրի տեղեկատվական քաղաքականության վերահսկողական բնույթը, որտեղ առցանց բովանդակությունը հաճախ դիտվում է որպես անվտանգության կամ պետական վերահսկողության հարց։

Հայաստանի կառավարությունը նույն ժամանակահատվածում ներկայացրել է 7 հարցում, որոնք հիմնականում առնչվել են հեղինակային իրավունքների և անձնական տվյալների պաշտպանության հիմքերին։

Թափանցիկության զեկույցը առանձին դասակարգում է, թե պետական որ մարմիններն են դիմել տեղեկատվության հարցմամբ, դրանցում քանի բովանդակություն է եղել նշված և ինչ որոշում է կայացրել Google-ը հարցումների վերաբերյալ։

Ընդհանուր առմամբ, Ադրբեջանն իր 105 հարցումներով խնդրել է հեռացնել 1,301 բովանդակություն, Հայաստանը՝ 7 հարցումներով՝ 135 բովանդակություն։

Ալեքսանդր ՄԱՐՏՐԻՐՈՍՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930