«2025-ի հունիսի 18-ին ՀՀ վարչապետը հայտարարեց, որ ժամանակը եկել է ՀԷՑ-ի պետականացման իրականացման համար։ Առաջին հայացքից դա նշանակում է՝ առնվազն հունիսի 18-ից առաջ ոլորտի պատասխանատու քաղաքականությունը մշակող պետական մարմինը՝ տվյալ դեպքում ՏԿԵՆ-ը կամ մի քանի մարմիններ իրար հետ վարչապետի մոտ բարձրացրել են խնդիրները ՀԷՑ-ի վերաբերյալ, ասել են՝ ճգնաժամային իրավիճակ է, և պահն եկել է այն պետականացնելու։ Հունիսի 18-ի դրությամբ պետական կառավարման մարմինն իմացել է՝ ինչ ենթադրյալ խախտումներ է կատարել ՀԷՑ-ը։ Ի՞նչն էր արգելում պետական մարմնին հենց այդ ժամանակ դիմել հանձնաժողովին, որ վարույթ հարուցվի»,-«Տաշիր Կապիտալ» ընկերությանը տրված ՀԷՑ-ի լիցենզիան դադարեցնելու հարցով Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նիստի ընթացքում հարցրեց փաստաբան Արթուր Հովհաննիսյանը։
Նա փաստեց՝ դա չի արվել մինչև այն պահը, երբ ՔՊ խմբակցությունը ներկայացրեց օրենքի նախագիծ ԱԺ-ի քննարկմանը․ «Ինչի՞ կառավարության կողմից այս օրենքի նախագիծը չմշակվեց, չդրվեց հանրային քննարկման, այլ արագ օրենքի նախագծով գնաց, որպեսզի օրենքն արագ ընդունվի, հակառակ պարագայում՝ ամսից ավելի ժամկետ էր գնալու։ ՔՊ-ի ներկայացրած նախագծում կա թաքնված դրույթ, որի մասին հիմնավորման մեջ որևէ բան չկա․ դա լիցենզիայի դադարեցման նոր հետևանքներն էին։
Եթե նախկինում լիցենզիան դադարած տնտեսվարողը կարող էր նոր լիցենզիայի համար դիմել, եթե չցանկանար կամ դիմումը մերժվեր, նոր էր առաջանում նրանից ընկերությունը վերցնելու կամ օտարելու հարց, հիմա փոխել են այդ դրույթը, ասել են, երբ լիցենզիան դադարեցվում է, այդ դեպքում միակ հետևանքն այն է, որ դրանից հետո երեք ամսվա ընթացքում կառավարության համաձայնության ընթացքում սեփականատիրոջից պիտի օտարի ընկերությունը կամ եթե չօտարեց, կառավարությունը ձեռք բերի ընկերությունը՝ որպես հանրային գերակա շահ։ Միանգամից պարզ դարձավ, որ այս ամենի հիմնական նպատակը ՀԷՑ-ը վերցնելն էր։
Այդ դեպքում ի՞նչն էր խանգարում գործադիրին, որ հենց հունիսի 18-ից հետո միանգամից հանրային գերակա շահ ճանաչեին ընկերությունը և վերցնեին այն հենց այդ պահից։ Ստեղ, բացի քաղաքականից ոչ մի ուրիշ բան չեմ տեսնում։ Իսկ քաղաքականը պարզ էր՝ դնել ժամանակավոր կառավարիչ, որը իրոք խախտումներ կգտնի, խնդիր էր դրված որոշակի ժամանակահատվածում նսեմացնել ՀԷՑ նախկին գործունեությունը ու ՀԷՑ սեփականատիրոջը, ուրիշ խնդիր սա չէր լուծում, որովհետև պետությունը հենց հիմա էլ կարող է գնալ գերակա շահ ճանաչել ու ընկերությունը վերցնել»։
Կարդացեք նաև
Փաստաբան Արամ Օրբելյանն էլ իր ելույթում փաստեց․ «Չկա հաղորդում, չկա վարույթ, չկա օրենք․ քաղաքական իշխանությունները խոսում են ՀԷՑ-ի պետականացման, ազգայնացման մասին։ Ինչո՞ւ չէին անում 60-րդ հոդվածով սահմանված կարգով, գործընկերս հարցնում է, շատ պարզ պատճառով՝ հիմքեր չկան։ Չես կարող գաս, ասես որոշել եմ՝ էս բիզնեսը սեփականացնել, նույնիսկ մենաշնորհ դիրք զբաղեցնողը։ Չկա նման ընթացակարգ, եթե չկան խախտումներ։ Դուք շատ լավ տեղյակ եք եղել, որ հանգույցը չկառուցելու հիմնական պատճառը ՏԿԵՆ-նն էր եղել, որ պետք է գնար, հանրային գերակա շահ ճանաչեր, մասնավորապես անձանց գույքի օգտագործման հարց լուծեր, որ հնարավոր լիներ այդ հանգույցը կառուցել։ Գիտի, որ չի կատարել իր պարտականությունները։ Այլ բան է, որ ՀԷՑ-ը ավելի ակտիվ կամ պասիվ կարող էր զբաղվել, բայց ինքներդ գիտեք, որ ՀԷՑ-ի պատասխանատվությունը չէ։ Բայց գրում եք որոշման մեջ, որ ելնում եք այն կանխավարկածից, որ դա ճիշտ է, քանի դեռ հակառակը չի ապացուցվել»։
ՀԾԿՀ նստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































