«Երբ վարչապետի ավտոշարասյան համար փակվում են ճանապարհներ, նորմալ է։ Ձեր պես քաղաքական գործիչներն են, որ քաղաքականությամբ զբաղվելու փոխարեն զբաղվում են շենքերի վրա գրոհելով՝ ընդհուպ մինչև դուխի գողանալով»,- Երևանի ավագանու նիստի ընթացքում անդրադառնալով Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի այն առաջարկին՝ լավ կլինի՝ մի կարգավորում էլ սահմանենք, որ Նիկոլ Փաշինյանը խցանումներ չառաջացնի, այսպես պատասխանեց Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը։
Անդրադառնալով ընդդիմադիր գործընկերների քննադատություններին՝ կապված Երևանի երթևեկության կառավարման կենտրոն» համայնքային հիմնարկի ստեղծման հետ, նա նկատեց․ «Չլսեցի որևէ առաջարկ՝ ինչ պետք է անել։ Բոլորդ՝ ընդդիմադիր խմբակցությունները, մտածում են՝ ինչ անեն, որ մեքենաների համար հարմարավետ պայմաններ ստեղծվեն։ Ավելի լավ չէ՞ առաջարկել՝ ինչ անենք, որ քաղաքում հեծանիվները շատանան։ Ձեր մտածելակերպը մերից այս հարցում է տարբերվում։ Ձեզ համար մեքենան է միակ տրանսպորտային միջոցը»։
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Արամ Թորոսյանն, արձագանքելով Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի հայտարարություններին` ուղղված ընդդիմադիր խմբակցության ավագանու անդամներին, թե «ձեր էդ «бубнить»-ը հանդուրժում ենք, բայց մի հատ չափ կա, որ արդեն կարող ա դահլիճից դուրս հրավիրվեք», ասաց․ «Մի բան անպայման ասեմ իշխող քաղաքական թիմին․ երբ ինչ-որ բան ասում եք, նկատի ունեցեք, որ բումերանգի պես ձեզ է հետ գալու։ Երբ պարոն Ավինյանն ասում է՝ գան, ամբիոնի մոտ ճղճղան, մի ճղճղացող մարդ կա, տարբեր տարիներին ամբիոնների մոտ ճղճղացել է՝ երբ ընդդիմադիր էր, հիմա, երբ իշխանության է, մենք շատ կորուստներ ունենք այդ ճղճղացող մարդու պատճառով»։
Կարդացեք նաև
Արմեն Գալջյանն այս առիթով արձագանքեց․ «Ինչ վերաբերվում է՝ վարչապետի հետ կապված խոսույթներ եղան․ պարոն Թորոսյան, ձեր ղեկավարն էլ հերթ էր կանգնած իր հետ խոսելու համար։ Այնպես որ, եկեք այդ դաշտ չմտնենք, թե ով ոնց էր արտահայտվում»։
Երևանի ավագանու նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































