Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես այնքան լավատես չեմ, որ մտածեմ՝ ՔՊ-ն կաշխատի այդքան բարեխիղճ, որ հիմնարկ բացելով հարցերը կլուծվեն». ավագանու անդամը՝ Երեւանի տրանսպորտի մասին. Սամվել Հակոբյան

Նոյեմբեր 19,2025 19:35

Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը «Հայելի» ակումբում անդրադառնալով ավագանու նիստին՝ ասաց. «Ավագանու նիստում կար 15 հարց, որից 14-ը՝ չզեկուցվող: Թափանցիկության ու ժողովրդավարության ֆանտաստները նորմալ զեկուցելու մշակույթ չեն ուզում մտցնել: 15 հարցից միայն մեկը, որը մինչ այդ եւս զեկուցվող չէր, զեկուցվող դարձրեց Ավինյանը:

Տվյալ նախագիծը վերաբերում է նրան, որ իրենք ուզում են ստեղծել մի կենտրոն, որը կկոչվի «Երթեւեկության կառավարման կենտրոն»:

Բայց մենք այնտեղ խնդիր ենք տեսնում: Առնվազն իմ պատկերացմամբ, խնդիրը հիմնարկ բացելու կամ փակելու մեջ չէ: Այսինքն, մենք ունենք քաղաքային իշխանություն, որը գլոբալ առումով յոթ տարի իշխանության է, իսկ կոնկրետ Ավինյանենք այս քաղաքը կառավարում են 2,5 տարի:

Բերելով այս նախագիծը՝ իրենք  հպարտությամբ ասում են, որ սա եղել է իրենց նախագծի մեջ: Բայց հարցեր են առաջանում: Բա որ ձեր նախընտրական ծրագիրը գրում էիք ու հիմա էլ հպարտանում, ասում եք, թե ինչ ասել, անում եք, տրանսպորտի կամ կարմիր գծերի ապօրինի թանկացումը ինչո՞ւ  մուտք չէիք արել ձեր նախընտրական ծրագրի եւ քարոզարշավի մեջ, որ քաղաքացիներն ի սկզբանե իմանային, որ եկել եք ուղղակի թալանելու եւ կեղեքելու երեւանցիներին, սեփական կյանքը եւ ոչ թե Երեւանը բարելավելու համար:

Հիմա խնդիրը որն է: Այո, իրենք ասում են, որ կա  ճգնաժամային վիճակ, երթեւեկությունը կոլապսային վիճակում է եւ պետք է գտնել լուծում: Այդ կոլապսի համար իմ պատկերացմամբ առաջին պատասխանատուն հենց իրենք են: Այստեղ շատ լավ անցնում է այն զուգահեռը, որ քաղաքային իշխանությունը Նիկոլ Փաշինյանի թիմն է: Նա բերեց պատերազմ Հայաստանի գլխին ու հիմա խոսում է խաղաղությունից: Հիմա նույն բանը քաղաքային իշխանությունն է անում:

Ունեինք Երեւանում երթեւեկություն: Իդեալական չէր, բայց այսպիսի ճգնաժամային վիճակում էլ չէր: Անընդհատ փոփոխություններ են անում, ինչ-որ գծանշաններ են փոխում, օրենքներ են բերում, որոնց արդյունքում երթեւեկությունը էլ ավելի կաթվածահար վիճակում է: Եվ այն մարդիկ, որոնք այս սխալ չարեփոխումները բերեցին, ինչի արդյունքում երթեւեկությունն ավելի փչացավ, հիմա այդ նույն մարդիկ ասում են տարեկան եւս կես միլիարդ դուրս գրեք, հիմնարկ բացենք, 74 հոգի մարդ վերցնենք աշխատանքի, որոնցից 10-ը պետք է  միլիոն եւ բարձր աշխատավարձ ստանան, որպեսզի երթեւեկությունը կարգավորեն:

Իմ պատկերացմամբ խնդիրն այստեղ ոչ թե հիմնարկների, այլ կոմպետենտության եւ բարեխիղճ աշխատանքի մեջ է: Այստեղ պետք է ոչ թե նոր հիմնարկ բացել, այլ հասկանալ, որ եթե քաղաքապետարանն արդեն իսկ ունի տեխնոլոգիաների կառավարման կենտրոն, ունի տրանսպորտի վարչություն, ունի բազում աշխատակիցներ, որոնք զբաղվում են այս գործառույթներով: Եվ եթե նրանք տապալել, բերել են այն վիճակին, որ այսօր մենք ունենք ճգնաժամային երթեւեկություն, իմ պատկերացմամբ, պետք է ոչ թե հիմնարկ բացել, այլ մի հետազոտություն անել, վերլուծել, տեսնել, թե որ որոշումներն են նպաստել այս ձախողումներին: Պետք է գտնել պատասխանատուներին, անել կադրային փոփոխություն եւ գլոբալ փոփոխություններ անել քաղաքի կառավարման քաղաքականության մեջ: Բայց ես այդքան լավատես չեմ, չեմ կարող մտածել, որ ՔՊ-ն կաշխատի այդքան բարեխիղճ, որ հիմնարկ բացելով կամ փակելով հարցերը կլուծվեն»:

 

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930