Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ միայն խոսել են պլաստիկի արգելման մասին՝ առանց իրականում ներդնելու արդյունավետ վերահսկողության, հանրային իրազեկման և տնտեսական խթանների համակարգ։
2027 թվականի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա պլաստիկե տարաների արգելման մասին որոշումը, ըստ էության, պետք է դառնա շրջադարձային պահ։ Սակայն այս որոշման իրագործելիությունը կախված է մի շարք գործոններից, որոնց անտեսումը կարող է հանգեցնել ոչ թե խնդրի լուծման, այլ նոր խնդիրների առաջացման։ Նախևառաջ՝ անհրաժեշտ է ապահովել կենսաքայքայվող, թղթե կամ բազմակի օգտագործման տոպրակների լայն հասանելիությունը շուկայում։ Այլընտրանքները պետք է լինեն ոչ միայն էկոլոգիապես անվտանգ, այլև հնարավորինս մատչելի՝ հատկապես խոցելի խմբերի, փոքր բիզնեսի և գյուղական համայնքների համար։ Եթե արգելքն իրականացվի առանց այլընտրանքի, այն կհանգեցնի սոցիալական լարվածության, գների աճի և ստվերային շուկայի ձևավորման։ Նույնիսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաջողված օրինակներում կարևոր է եղել ոչ միայն արգելք սահմանելը, այլև հանրության և տնտեսության բոլոր շերտերի համար բնական և մատչելի անցում ապահովելը։
Չի կարելի անտեսել նաև արդեն գոյություն ունեցող պլաստիկ թափոնների վերամշակման կարևորությունը։ Հայաստանում տարիներ շարունակ խոսվում է պլաստիկի վերամշակման անհրաժեշտության մասին, սակայն գործնական քայլեր գրեթե չեն արվել։ Մինչդեռ, միջազգային փորձն ապացուցել է, որ պլաստիկի վերամշակումը ոչ միայն նվազեցնում է թափոնների ծավալը, այլև ստեղծում է նոր տնտեսական արժեք, խթանում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը, նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը։
Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։


















































