«Տարօրինակ է Եվրոպայում բեմ բարձրանալ եւ մրցանակ ընդունել ծանոթ գործընկերոջ՝ հայտնի լրագրողի փոխարեն, ով այլեւս մեզ հետ չէ»,- նշեց ուկրաինացի լրագրող Աննա Բաբինեցը, երբ Վիեննայի համալսարանում ստանում էր Մամուլի միջազգային ինստիտուտի (IPI) «Մամուլի ազատության հերոս» մրցանակը։ Մրցանակաբաշխությունը կազմակերպվել էր IPI-ի 75-ամյակին նվիրված համաշխարհային կոնգրեսի շրջանակում։
Նա նկատի ուներ 26-ամյա Վիկտորիա Ռոշչինային՝ ազատ լրագրողի, ով միայնակ անցել էր Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներ՝ ներխուժումը փաստագրելու համար։ Ռոշչինայի մարմինը հայրենադարձվել է Ուկրաինա եւ թաղվել Կիեւում՝ ռուսական բանտում նրա պաշտոնական մահից գրեթե մեկ տարի անց։
«Կարո՞ղ եք պատկերացնել, որ 21-րդ դարում եվրոպական երկրից արհեստավարժ լրագրողը մահանա բանտում՝ կտտանքների եւ սովի պատճառով»,- հարց ուղղեց Բաբինեցը՝ դիմելով լսարանին։
«Ուկրաինական յուրաքանչյուր լրատվական խմբագրություն այժմ նաեւ արխիվ է»
Ուկրաինան դարձել է լրագրության ամենադաժան փորձադաշտն աշխարհում։ Ռուսական հրթիռների հարվածների ժամանակ խմբագիրները հոդվածներ են հրապարակում օդային տագնապի ազդանշանների միջակայքում, իսկ հոսանքազրկումների ժամանակ լրագրողները գրում են գեներատորներով լուսավորված ապաստարաններից։
Կարդացեք նաև
Աննա Բաբինեցը Կիեւում գործող Slidstvo.Info հետաքննական լրատվական գործակալության համահիմնադիրն ու գլխավոր խմբագիրն է: Ներխուժումից ընդամենը մի քանի օր անց նրա խմբագրական թիմը հրապարակեց բաց աղբյուրների վրա հիմնված իր առաջին հետաքննությունը՝ սաղավարտի վրա գրված սերիական համարի հիման վրա նույնականացնելով զոհված ռուս օդաչուին: «Մենք մեկ գիշերվա ընթացքում դարձանք ռազմական լրագրողներ», – նշում է նա:
Պատերազմը փոխեց նաեւ ուկրաինական լրագրության գենդերային պատկերը։ «Նախկինում ինձ ասում էին. «Դու կին ես, պետք է տանը մնաս»։ Հիմա իմ խմբագրական թիմի 80 տոկոսը կանայք են։ Տղամարդիկ առաջնագծում են, ուստի մենք ենք պաշտպանում ճշմարտությունը»։
Կիեւում «Ուկրաինսկայա պրավդա»-ի գործադիր տնօրեն Անդրիյ Բաբարիկինը դեռեւս հաշվում է իր գրասենյակի մերձակայքում թնդացող յուրաքանչյուր պայթյուն։ «Մի քանի ամիս առաջ հրթիռը կրկին ջախջախեց մեր պատուհանները։ Մենք վերանորոգեցինք դրանք եւ շարունակեցինք աշխատել։ Որովհետեւ եթե մենք կանգ առնենք, ինչ-որ մեկը լռությունը կլրացնի ստով։ Ուկրաինական յուրաքանչյուր խմբագրություն այժմ նաեւ արխիվ է։ Մենք փաստաթղթավորում ենք պատերազմը եւ ապրում դրանով»,- ասում է նա։
Նույնիսկ գերհոգնածության պայմաններում էթիկան մնում է կարեւոր։ «Երբ մենք կոռուպցիոն բացահայտումներ ենք անում պատերազմական ժամանակներում, դա նման է ինքդ քեզ վնաս տալուն։ Բայց մենք պետք է դա անենք։ Հակառակ դեպքում ինչի՞ համար ենք մենք կռվում», – ընդունում է Բաբինեցը։
Վրաստան. երբ առօրյա քո աշխատանքը կատարելը վտանգավոր է
Վրաստանում Թբիլիսիի խաղաղ բողոքի ցույցերը լուսաբանող լրագրողները գնալով ավելի ու ավելի հաճախ են դառնում ոստիկանական բռնության եւ կամայական ձերբակալությունների թիրախ։ Տեղական դիտորդների տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում ցույցերը փաստագրելիս ավելի քան 50 լրագրող է հարձակման ենթարկվել։ Մի քանիսին «հասարակական կարգը խախտելու» մեղադրանք է առաջադրվել, մինչդեռ նրանք ուղղակի բողոքի ցույցերն էին նկարահանում։
Անկախ ԶԼՄ-ների խմբագրությունները գտնվում են աճող ֆինանսական եւ քաղաքական ճնշման տակ։ Իշխանությունների գործողությունները քննադատող լրատվամիջոցները հաղորդում են սառեցված բանկային հաշիվների, գովազդային պայմանագրերի արգելափակման եւ անսպասելի հարկային ստուգումների մասին, որոնք խաթարում են նրանց ամենօրյա գործունեությունը։
Վրացի ականավոր լրագրող եւ «Coda Story»-ի հիմնադիր Նատալյա Անտելավան նշում է, որ ճնշումներն այժմ լոկ լրատվամիջոցներով չեն սահմանափակվում. «Խոսքը միայն լրագրողների մասին չէ։ Խոսքը ցանկացածի մասին է՝ թանգարանների տնօրենների, երաժիշտների, նույնիսկ սիմֆոնիկ նվագախմբի դիրիժորների։ Բայց առաջնային թիրախը հենց լրագրողներն են»։
Նրանց թվում է Մզիա Ամագլոբելին՝ Վրաստանի առաջատար անկախ ձայներից մեկը եւ «Բաթումելեբի» եւ «Նեթգազետի» լրատվամիջոցների հիմնադիրը, ով ներկայումս գտնվում է բանտում: Վերջինիս գործընկերը՝ «Բաթումելեբի»-ի փոխտնօրեն Թամար Ռուխաձեն, նրա անունից «Մամուլի ազատության հերոս» մրցանակը ստանալիս պատմեց աճող ճնշումների մասին. «Վերջին մի քանի օրերի ընթացքում իմ երկրում ձերբակալվել է ավելի քան 80 մարդ: Ձերբակալված լրագրողների թիվը շարունակում է աճել: Ես սարսափում եմ մտածելուց, թե ինչպես կարող են այս թվերը փոխվել մինչ այս հրաշալի մրցանակը հասնի Վրաստան»:
Ամագլոբելիի անհնազանդության ակցիան՝ 38-օրյա հացադուլն ու դատավարության ժամանակ մեղադրյալի աթոռը զբաղեցնելուց հրաժարվելը, նրան վերածել է ամբողջ վրացական մեդիա համայնքի ազնվության խորհրդանիշի։
Հայաստան. պատերազմի մասին պատմող կինը
Չնայած 2025 թվականի մամուլի ազատության համաշխարհային համաթվում արձանագրված առաջընթացին, Հայաստանի լրատվական միջավայրը մնում է փխրուն։ Լրագրողները շարունակում են առերեսվել քաղաքական ճնշման եւ հանրային հարձակումների դրսեւորումների հետ։ Անվտանգության հարցերի եւ Լեռնային Ղարաբաղի շուրջ պատերազմի լուսաբանումը լրացուցիչ լարվածություն է ստեղծել տեղական լրատվամիջոցների համար՝ բացահայտելով լրագրողական աշխատանքում առկա խորքային էթիկական եւ հուզական երկընտրանքները։
EVN Report անկախ առցանց շաբաթաթերթի կառավարող խմբագիր Ռուբինա Մարկոսյանն ասում է, որ հայկական լրագրության պատմությունը նաեւ կանանց դիմակայունության եւ վերափոխման մասին է։ «Որպեսզի կանայք դիտարկվեն որպես հիշողության պահապաններ եւ փոխանցողներ, նրանց նախ պետք է տեղ հատկացվի առաջին շարքերում։ Որպեսզի դա տեղի ունենա, մենք պետք է խորապես ներգրավված լինենք, իսկ իմ լուսաբանած պատերազմի դեպքում այն, ինչ մենք չգիտենք պատերազմի մասին, կամ այն, ինչի մասին բավականաչափ չենք խոսում, այն է, որ պատերազմը փոխում է։ Յուրաքանչյուր պատերազմ՝ շաբաթ առ շաբաթ, փոխում է»։
2017 թվականին հիմնադրված EVN Report-ը ստեղծվել է Հայաստանի եւ մնացյալ աշխարհի միջեւ կամուրջ ծառայելու համար, «քանի որ հայկական լրատվամիջոցները խոսում են հայերի մասին, հայերի համար եւ հայերի շրջանում»,- նշում է Մարկոսյանը: Ամբողջությամբ կանանց կողմից կառավարվող լրատվամիջոցը զարգացել է հեղափոխության եւ պատերազմի ժամանակներում՝ երկրում խորացող ճգնաժամի պայմաններում ստանալով երկլեզու եւ մուլտիմեդիա ձեւաչափ: «Մենք շատ արագ եւ բազմակողմանի զարգացում ապրեցինք։ Եվ ես դա մեծապես կապում եմ այն փաստի հետ, որ մենք կանայք ենք՝ ճկուն ենք, մեզ ազատություն ենք տալիս ձեւաչափի, մտածողության, ներկայացման հարցերում՝ ազատություններ, որոնք մյուս լրատվամիջոցները, հավանաբար, չէին համարձակվի ստանձնել»,- ասում է նա:
Մոլդովա. ապատեղեկատվությունը եւ ռուսական մարտավարությունը
Մոլդովայում կայացած վերջին խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ ապատեղեկատվությունը վերածվել է քաղաքական զենքի, բայց, չնայած համակարգված հարձակումներին, ժողովրդավարամետ ուժերը, ի վերջո, հաղթանակ տարան: Ռուսաստանի հետ կապված թվային ցանցերը թիրախավորել էին ընտրողներին՝ նրանց պահելով մանիպուլյատիվ բովանդակության տարափի տակ, որոնք նպատակ ունին խաթարել եվրոպամետ տրամադրությունները եւ ապակայունացնել ժողովրդավարական հաստատությունները: Հետաքննող լրագրողները վկայում են առցանց միջավայրում թշնամական տրամադրությունների անդադար աճի մասին, որտեղ վճարովի տրոլները, կեղծ «մեդիա դասընթացները» եւ համակարգված զրպարտչական արշավները գործում են համատեղ՝ մամուլի նկատմամբ վստահությունը խաթարելու նպատակով:
«Այդ թվային բանակները ստեղծվել են հատուկ Մոլդովայի ընտրությունների համար։ Անվճար դասընթացներին մասնակցելու հրավերներ ստացել է յուրաքանչյուր ոք, ով օգտահաշիվ ունի թվային տարածքում՝ Facebook-ում, TikTok-ում: Սկզբում խոսքը մեր կյանքի մասին գրառումների մասին էր… Ապա հանկարծ՝ գների, քաղաքականության, գազի մասին եւ, վերջապես, «մենք չենք հավանում այս նախագահին»: Սրանք բարդ ազդեցության գործողություններ են, որոնք նախատեսված են դժգոհություն եւ հակաարեւմտյան նարատիվներ տարածելու համար: Պուտինի նպատակն է ոչնչացնել ժողովրդավարությունը: Նա հայտնվում է այնտեղ, որտեղ ընտրություններ են եւ որտեղ կյանքն ավելի լավ է, քան Ռուսաստանում: Պարզապես պատրաստ եղեք»,- ասում է մրցանակակիր հետաքննող լրագրող եւ երկրի առաջատար հետաքննող հանդեսի՝ «Ziarul de Gardă»-ի (ZdG) խմբագիր Ալինա Ռադուն:
Կոռուպցիոն բացահայտումներ անող կամ ռուսական քարոզչությունը մերկացնող անկախ լրագրողները հրապարակումից գրեթե անմիջապես հետո բախվում են թվային հետապնդման արշավների: «Մենք գիտենք, թե ով է կանգնած դրանց հետեւում եւ ով է վճարում դրա համար: Հաջորդ քայլը պարզապես այդ մարդկանց պատասխանատվության ենթարկելն է»,- նշում է Ռադուն։
Ադրբեջան. ազատ լրատվամիջոցները՝ թվային վերահսկողության ներքո
«Լրագրողներ առանց սահմանների» (Reporters sans frontières) կազմակերպության տվյալներով՝ Ադրբեջանում բանտարկված լրագրողների թիվը 2025 թվականի կեսի դրությամբ հասնում է առնվազն 25-ի, ինչն ամենաբարձր ցուցանիշներից մեկն է։ Միջազգային կազմակերպությունները, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական միությունը եւ Amnesty International-ը դատապարտել են այդ երեւույթը եւ կոչ արել ազատ արձակել բանտարկված բոլոր լրագրողներին։
Այդ ալիքը սկսվեց 2023 թվականի վերջին «Աբզաս մեդիա»-ի թիմի ձերբակալությամբ։ «Այդ ժամանակից ի վեր ճնշումները չեն դադարել։ Երկրի ներսում չկա գեթ մեկ անկախ լրագրող, որը կհամարձակվի համագործակցել մեզ հետ»,- ասում է փաստերի ստուգման եւ հետաքննական լրագրության մեջ մասնագիտացած «Գազետչի» ադրբեջանական վտարանդի հանդեսի գլխավոր խմբագիր Լեյլա Մուստաֆաեւան։
Նրա թիմը մշակել է թվային անվտանգության խիստ արձանագրություններ բարդ ֆիշինգային հարձակումների ալիքից հետո՝ «ՏՏ աջակցություն» առաջարկող էլեկտրոնային նամակներ եւ WhatsApp հաղորդագրություններ, որոնք ստացվում էին ենթադրաբար հայտնի ՀԿ-ներից: «Նրանք օգտագործում էին միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների իրական անուններն ու պաշտոնները։ Ամեն ինչ իրական էր թվում, բայց կեղծ էր: Նման նամակ ստացած լրագրողներից մեկն այժմ բանտում է», – հիշում է Մուստաֆաեւան:
Ձերբակալություններից զատ, Ադրբեջանի իշխանությունները ստեղծել են թվային հսկողության էկոհամակարգ, որը թիրախավորում է իրենց ինչպես ներքին, այնպես էլ վտարանդի քննադատներին: Մուստաֆաեւան հայտնում է կառավարության տվյալների բազայի մասին, որը հետեւում է մոտ 20,000 ադրբեջանցիների՝ լրագրողների, ակտիվիստների եւ քաղաքական գործիչների՝ ավտոմատ կերպով գրանցելով նրանց առցանց մեկնաբանությունները եւ սոցիալական ցանցերում գործունեությունը: «Եթե ինչ-որ մեկը հայտնվում է կառավարության թիրախում, նրանք կարող են բացել համապատասխան ֆայլը եւ տեսնել նրա կատարած յուրաքանչյուր գրառում, անկախ նրանից՝ այն քննադատական է, թե ոչ», – ասում է նա։
Այս համակարգը հիմնված է Pegasus նախագծի նախորդ բացահայտումների վրա, որը 2019 թվականին հրապարակել էր ավելի քան 1000 ադրբեջանական հեռախոսահամար, այդ թվում՝ հարյուրավոր լրագրողներին եւ մարդու իրավունքների պաշտպաններին պատկանող, որոնք թիրախավորվել էին լրտեսող ծրագրերի կողմից հսկողության համար։ «Նույնիսկ վտարանդիության մեջ մենք դա զգում ենք։ Իմ ամուսնու Twitter-ի էջն արգելափակվել էր Ադրբեջանում, եւ նա բազմաթիվ սպառնալիքներ էր ստացել։ Որքան շատ ես խոսում, այնքան մեծ է վտանգը»,- հավելում է Մուստաֆաեւան։
Բելառուս. ինչպես աշխատել ազատորեն՝ անկախ ամեն ինչից
Բելառուսի երբեմնի ամենաազդեցիկ լրատվամիջոցներից մեկը՝ TUT.BY-ը, երկու տասնամյակ գործունեություն ծավալելուց հետո 2021 թվականին փակվեց իշխանությունների կողմից։ Լրատվամիջոցի տասնյակ լրագրողներ եւ աշխատակիցներ ձերբակալվեցին շինծու «տնտեսական» մեղադրանքներով։ Այնուամենայնիվ, թիմը վերաբացվել է երկրում՝ Zerkalo.io անվամբ, որը ռուսերենից թարգմանաբար նշանակում է «Հայելի»։
«Մեր կայքն արգելափակվեց գործարկումից հետո առաջին իսկ օրը։ Իսկ Ռուսաստանում այն արգելափակվեց Ուկրաինա լայնածավալ ներխուժման հաջորդ իսդկ օրը»,- հիշում է «Զերկալո»-ի մենեջեր Իլոնա Էլյաշեւիչը:
Բելառուսի ռեժիմի կողմից «ծայրահեղական խմբավորում» հայտարարված «Զերկալո»-ի ընթերցողներին սպառնում է մինչեւ յոթ տարվա ազատազրկում՝ պարզապես հրապարակումները հավանելու կամ վերահրապարակելու համար։ Իր լսարանը պաշտպանելու համար խմբագրական թիմը կայքի վրա հիմնված գործունեությունից անցում է կատարել բազմահարթակ ներկայության՝ YouTube-ում, Instagram-ում եւ TikTok-ում, որտեղ պատմություններն օգտատերերին հասցվում են ալգորիթմների, այլ ոչ թե բաժանորդագրությունների միջոցով։
Չնայած վտարանդիության մեջ գտնվելուն, թիմն անընդհատ առերեսվում է թվային պատերազմի դրսեւորումների՝ ամենամսյա կիբեռհարձակումներ, ֆիշինգի փորձեր եւ համակարգված քարոզչություն, որոնք նպատակ ունեն բացահայտել լրագրողների ինքնությունը: Լրագրողների մեծ մասը գործում է անանուն՝ դեռեւս Բելառուսում գտնվող հարազատներին պաշտպանելու համար: «Մենք գրեթե ամեն ամիս հարձակումների ենք ենթարկվում։ Այդ հարձակումները կանխելն արդեն սովորություն է դարձել»,- ասում է Էլյաշեւիչը։
Ամենօրյա պայքարի ուղղություն է նաեւ ֆինանսական գոյատեւումը: Այժմ, երբ լրատվամիջոցի լսարանը ցրված է ամբողջ Եվրոպայով մեկ, իսկ գովազդային շուկան ամայացած է, առևտրային աղբյուրներից եկամուտն ընդհանուրի շատ փոքր մասն է կազմում։
Առաջ շարժվելու ուղին
Ավստրիայի արտաքին գործերի նախարար Բեատե Մայնլ-Ռեյզինգերը պարզ է արտահայտվում. «Խոսքի ազատությունն ի վերուստ տրված ինչ-որ մի բան չէ։ Մենք պետք է այն պաշտպանենք եւ ամրապնդենք ամեն օր, յուրաքանչյուր երկրում եւ բոլոր մակարդակներում»։
Մյուս կողմից, ՅՈՒՆԵՍԿՕ-ի խոսքի ազատության եւ լրագրողների անվտանգության բաժնի հաղորդակցության եւ տեղեկատվության բաժնի խորհրդական Անդրեա Կայրոլան մամուլի ազատությունը բնութագրում է ոչ միայն որպես իրավունք, այլեւ որպես առաջընթացի ենթակառուցվածք։
«Տեղեկատվության մատչելիությունը լոկ ժողովրդավարական արժեք չէ. այն կայուն զարգացման բաղադրիչ է։ Մեդիա ոլորտը եւ՛ վերահսկող է, եւ՛ հնարավորություններ ստեղծող»,- ասում է նա։
Վիեննայում կայացած ՅՈՒՆԵՍԿՕ-ի պանելային քննարկմանը Կայրոլան ուրվագծեց մամուլի ազատության եւ ՄԱԿ-ի 2030 թվականի օրակարգի միջեւ կապը։ Նա պնդեց, որ լրագրությունը նպաստում է հաշվետվողականությանը թե՛ քաղաքականության, թե՛ տնտեսության մեջ՝ բացահայտելով թերացումները եւ միաժամանակ ապահովելով հասարակության թափանցիկ գործունեությունը։
Արեւելյան գործընկերության ողջ տարածքում խմբագիրներն ու փորձագետները մատնանշում են գոյատեւման եւ վերականգնման միեւնույն առաջնահերթությունները։
Նախ, պաշտպանել լրագրողներին՝ թե՛ ֆիզիկապես, թե՛ թվային տարածքում: Կիեւում զրահաբաճկոններից մինչեւ Բաքվում կոդավորված ցանցեր՝ անվտանգության վերաբերյալ ուսուցումը եւ իրավական աջակցությունը պետք է լինեն համակարգային, այլ ոչ թե հախուռն՝ յուրաքանչյուր հարձակումից հետո:
Երկրորդ՝ վերանայել բիզնես մոդելները: Անկախ լրատվամիջոցները չեն կարող հույս դնել միայն դրամաշնորհների վրա: Եկամտի խառը աղբյուրները՝ բաժանորդագրավճարները, անդամավճարները եւ միջոցառումներից եկամուտները, ապահովում են ինչպես կայունություն, այնպես էլ ինքնավարություն:
Երրորդ՝ զարգացնել միջսահմանային համագործակցությունը: Համատեղ հետաքննությունները եւ բազմալեզու հրապարակումները ընդլայնում են լսարանի հասանելիությունը եւ ստեղծում հավաքական անվտանգության լրացուցիչ շերտ:
Չորրորդ՝ պայքարել ապատեղեկատվության դեմ: Փաստերի ստուգման հարթակները, ալգորիթմների թափանցիկությունը եւ հանրային կրթության նախաձեռնությունները մանիպուլյացիայի դեմ անհրաժեշտ միջոցներ են:
Հինգերորդ՝ ամրապնդել օրենսդրական դաշտը: Ներքին օրենսդրությունը «Եվրոպական լրատվամիջոցների ազատության մասին» օրենքի չափանիշին համապատասխանեցնելը կարող է ամրագրել լրատվամիջոցների անկախությունն օրենքով, այլ ոչ թե միայն սկզբունքորեն:
Ինչպես տնտեսագիտության Նոբելյան մրցանակակիր Յոզեֆ Շտիգլիցն է հիշեցրել լսարանին, մերօրյա գրաքննությունը ոստիկանական խուզարկություններով կամ ձերբակալություններով չի սահմանափակվում։ Այն կարող է լինել լուռ, բյուրոկրատական եւ տնտեսապես կազմակերպված «վախ սերմանելու միջոց, որպեսզի մարդիկ չխոսեն կամ չգրեն»։
Եվ այնուամենայնիվ, ինչպես վկայում է տարածաշրջանի լրագրողների փորձը՝ Կիեւից մինչեւ Թբիլիսի, Երեւանից մինչեւ Քիշնեւ, պատմությունը լուսաբանելու, փաստաթղթավորելու եւ շարունակաբար պատմելու բնազդը մնում է անսասան։
Հեղինակ՝ Օլգա Կոնսեւիչ


















































