Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեշտ չէ համատեղել ընտանիքն ու գիտնականի աշխատանքը. մեկը միշտ պետք է տուժի։ Անահիտի համար առաջնայինը ընտանիքն էր»

Նոյեմբեր 21,2025 16:51

Երևանյան դահլիճներից վերջին շրջանում, չգիտես ինչու, անհետացել են պոեզիայի երեկոները։ Իհարկե, հանդիպել ենք եզակի նման համերգների, օրինակ՝ հայր և դուստր Ութմազյանների մասնակցությամբ, և կարծես՝ վերջ։ Ունենալով Թումանյան ու Սիամանթո, Մեծարենց, Տերյան ու Սահյան, Նալբանդյան ու Վարուժան, Չարենց, Կապուտիկյան, Շիրազ… ի վերջո՝ մեր ժամանակների բանաստեղծներին, ինչու են այս մասով «լռում» դահլիճները։ Հիշատակենք մեր բարձրարվեստ ասմունքողների անունները ևս՝ Թամար Դեմուրյան, Հրաչուհի Ջինանյան, Սուրեն Քոչար, Սուսաննա Գաբրիելյան, Սիլվա Յուզբաշյան… Որոշ դերասաններ էլ, այդ թվում՝ Վոլոդյա Աբաջյան, Ժենյա Ավետիսյան, Յուրի Ամիրյան… թատրոնում ու կինոյում բազմազբաղ լինելով հանդերձ, հաճախ էին ներկայանում ասմունքի ժանրում։

Տեղին է մեջբերել Վալերի Բրյուսովի ծավալուն խոսքից այս հատվածը. «Երկու ուժեր, երկու հակադիր սկզբունքներ, խաչվելով, միահյուսվելով և միախառնվելով, առաջնորդել են Հայաստանի կյանքը և ստեղծել նրա ժողովրդի բնավորությունը հազարամյակներ շարունակ՝ Արևմուտքի սկիզբը և Արևելքի սկիզբը, Եվրոպայի ոգին և Ասիայի ոգին։ Երկու աշխարհների սահմանագծին դրված, մշտապես ժողովուրդների բախման թատերաբեմ հանդիսացած, իրադարձությունների ընթացքով պատմական մեծագույն հեղաշրջումների մեջ ներգրավված Հայաստանը հենց ճակատագրով կոչված էր ծառայելու որպես երկու տարբեր մշակույթների հաշտարան, որի հիման վրա մեծացել է ողջ քրիստոնյա Արևմուտքը և այն, որը մեր օրերում ներկայացված է մահմեդական Արևելքով։ Հայաստանը Եվրոպայի ավանգարդն է Ասիայում։ Վաղուց առաջարկված այս բանաձևը ճիշտ է որոշում հայ ժողովրդի դիրքը մեր աշխարհում։ Հայ ժողովրդի պատմական առաքելությունը, որը հուշում է նրա զարգացման ողջ ընթացքը, Արևելքի և Արևմուտքի սինթեզ փնտրելն ու գտնելն է։ Եվ այդ ձգտումն առավել ամբողջական արտահայտվեց Հայաստանի գեղարվեստական ստեղծագործության, նրա գրականության՝ պոեզիայի մեջ»։

Եվ ահա նախօրեին Արամ Խաչատրյան համերգասրահի վերջերս նորաբաց «Հարմոնիա» կամերային սրահում կայացավ «Ձոներգ՝ նվիրված Անահիտ Ղազարյանին» խորագրով երաժշտապոետիկ երեկոն՝ մասնակցությամբ ճանաչված ու սիրված արվեստագետների՝ Արթուր Կարապետյան (ասմունք), Կարեն Անանյան (դաշնամուր), Անուշ Նիկողոսյան (ջութակ), Տիգրան Բերկելյան (դաշնամուր), Հասմիկ Հարությունյան (սոպրանո), Վահե Դանիելյան (թավջութակ), Հռիփսիմե Աղաքալյան (դաշնամուր)։

Միանգամից ասենք, որ Անահիտ Ղազարյան բանաստեղծը, որը շուրջ 2 տարի է, ինչ ապրում է երկնային կյանքով, լայն հասարակությանը անհայտ է։ Միջոցառման ընթացքում հրաշալի հարմոնիզացված էին նրա տողերը մատուցվող հայտնի ու սիրված երաժշտության հետ։

Հուշ-երեկոյի ավարտին Անահիտ Ղազարյանի դուստրը՝ Արամ Խաչատրյան համերգասրահի և Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի տնօրենի տեղակալ Ալինա Ենգոյանը, մեզ նվիրեց հատուկ այս միջոցառման համար լույս տեսած հուշագիրք, որը կյանքի է կոչվել իր քրոջ՝ Հասմիկի հետ միասին։ Ներկայանալի հուշագրքում, բնականաբար, տեղ են գտել իրենց սիրելի մոր բանաստեղծությունները և լուսանկարներ։

Ալինա Ենգոյան

Մեզ հետաքրքրեց գրքի նախաբանի հեղինակի անունը՝ Եվա Զաքարյան։ Անկեղծ ասած, այս անունը մեզ ոչինչ չասաց, փոխարենը Ալինա Ենգոյանը ներկայացրեց նրան՝ նշելով, թե ամերիկաբնակ տիկին Եվան իր մայրիկի ամենամտերիմ ընկերուհին է դեռևս ուսանողական տարիներից։ Նախաբանը սկսվում է այսպես. «1972 թ.-ի սեպտեմբերն էր, ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի երկրորդ կուրսի ուսանող էի։ Մի օր դասամիջոցին ինձ մոտեցավ բարձր կուրսերում սովորող իմ վաղեմի ընկերներից մեկը՝ բանասիրականում բոլորին քաջ հայտնի Հովհաննես Թաքուկյանը, ուղեկցությամբ բարձրահասակ, շիկահեր, ճերմակադեմ, գեղեցկատես մի աղջկա, և ասաց. – Պիտի ծանոթացնեմ ձեզ. Անահիտն է՝ մեր գրական խմբակից, հիմա բանասիրականի առաջին կուրսում է, բանաստեղծություններ է գրում, դու էլ ժամանակ գտիր ու կարդա…»։

Հեղինակը շարունակում է միտքը, թե այն տարիներին ոմանց հաջողվել էր ընդգրկվել Երևանի պիոներ պալատի գրական խմբակ… Իսկ ընկերուհու բանաստեղծական առաջին քայլերի մասին այսպես է ասում. «Տարիքին հատուկ քնարական, խոհական, երազային տրամադրություններ արտահայտող ստեղծագործություններ էին՝ գրված գրական ակնհայտ օժտվածությամբ… Անահիտը միշտ ժպտադեմ, գեղեցկատես, հումորի անսպառ զգացումով, սուր, դիպուկ լեզվով, առանց կեղծ ամոթխածության, անկաշկանդ պահվածքով՝ անվերջ շրջապատված էր երկրպագուներով՝ ոչ միայն համալսարանական միջավայրից։ Ես ակամայից դարձել էի Անահիտի թիկնապահը…»։

Հետո հեղինակը հավաստիացնում է, որ տարիներ անց ընկերուհին հանդիպում է երկրպագուներից առավել արժանավորին՝ Ալեքսանդր Ենգոյանին, որը արդեն կայացած գիտնական էր՝ քիմիայի գծով գիտությունների թեկնածու։ Նախաբանի հեղինակը նշում է, թե իրենց 52 տարվա ընկերության մեջ չի եղել մի դեպք, որ վշտանան իրարից, վիճեն. «Տարբեր էինք բնավորությամբ, քաղաքական հայացքներով, բայց նույնն էր երկուսիս արժեքային համակարգը, մարդկային տեսակը… Անահիտը այն քիչ հանդիպող մարդկանցից էր, որ իր ներկայությամբ լցնում էր շրջապատը, տրամադրություն հաղորդում… Հայտնի բան է, որ կորստի ամենամեծ ծանրությունը միշտ ընտանիքին է բաժին հասնում։ Շատ շուտով պիտի նշվեր նրանց ամուսնության 50 տարին, բայց Անահիտը… որքա՜ն էր հպարտանում իր դուստրերով…»։

Երկարաշունչ նախաբանը հասկանալի պատճառով ամբողջությամբ ներկայացնել չենք կարող, թեև այն կարդում ես, ինչպես ասում են, առանց աչք թարթելու։ Բայց այստեղ է այն հարցի պատասխանը, որը մեզ ամենաշատը հետաքրքրեց՝ Անահիտը լավ կին և հրաշալի մայր էր, չէր խնայում իրեն, անմնացորդ նվիրված էր ընտանիքին։ Եվ դա հիմնական պատճառն էր, որ չկարողացավ նույն նվիրումով տրվել իր մասնագիտությանը, դառնար ճանաչված բանաստեղծ, թեև դրա տվյալները լիուլի ուներ՝ գիտելիքների մեծ պաշար, մտքի թռիչք և ասելիքը ասելու հմտություն։

Հեշտ չէ համատեղել ընտանիքն ու գիտնականի աշխատանքը. մեկը միշտ պետք է տուժի։ Անահիտի համար առաջնայինը ընտանիքն էր։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930