Թաիլանդում անցկացված «Միսս Տիեզերք 2025» մրցույթին Հայաստանը ներկայացնում էր հայկական ծագմամբ ամերիկացի մոդել Փեգի Գարաբեկյանը: Մի շարք սկանդալներով ու լարված մթնոլորտում անցկացված մրցույթում հաղթող ճանաչվեց Մեքսիկայի ներկայացուցիչ Ֆատիմա Բոշ Ֆերնանդեսը։ Մասնագետների կողմից «բացառիկ քաոսային» որակված այս մրցույթից, սակայն, հայկական լսարանին ավելի հուզել էր Հայաստանի ներկայացուցչի զգեստը, որ հեղինակը 22-ամա դիզայներ Մարտուն Գեւորգյանն է: Նրա եւ Փեգիի հասցեին սոցցանցերում հնչած քննադատությունները երբեմն վերաճում էին վիրավորանքների:
Փեգի Գարաբեկյանը ֆեյսբուքի իր էջում պարզաբանել էր, որ իր հագուստը ավանդական տարազ չէ, այն զգեստի մոդեռն մեկնաբանություն է՝ հյուսված է մեր մշակույթի, ժառանգության, հավատքի եւ բնության մասնիկներից։ Նա նաեւ շնորհակալություն էր հայտնել Մարտուն Գեւորգյանին իր խոսքով՝ գլուխգործոցի համար, որը կմնա «Միսս Տիեզերքի» պատմության մեջ:
Մարտուն Գեւորգյանը եւս ֆեյսբուքի իր էջում ներկայացրել էր, թե ինչ խորհուրդ ունի իր ստեղծած զգեստը, եւ կոնկրետ բաղադրիչ ու գույն՝ ինչ է ներշնչում:
Aravot.am-ը զրուցել է երիտասարդ դիզայների հետ: «Զգեստի դիզայնի գաղափարը ծնվեց, երբ Փեգին ասաց, որ ուզում է ամբողջ աշխարհով հնչի, որ Հայաստանն առաջին երկիրն է, որը քրիստոնեությունն ընդունել է որպես պետական կրոն: Քանի որ Հայաստանը թոփ 30-ում երբեւէ տեղ չէր գրավել, մենք թիմի հետ աշխատելով՝ ցանկացանք ստանալ տարբերվող մի բան, մտածելով՝ կարող է «Միսս Տիեզերքի» ժյուրին ուզում է մի ուրիշ բան տեսնել: Չէինք պատկերացնում, որ հայ ազգն այդքան վատ կընդունի, թեեւ մի կողմից դա սպասելի էր, որովհետեւ բոլորին թվում էր, թե սա տարազի մրցույթ էր:
Մինչդեռ «Միսս Տիեզերք 2025»-ում զգեստների այս հատվածը թատերականացված են ներկայացրել: Մենք ստացել ենք քարերի սիմֆոնիայի տեսքը, ինչին հաջորդեցին քննարկումները, թե նման չի, տգեղ է եւ այլն, ուսերին ավելացրել ենք ծիրանագույն բարձր թեւեր, որպեսզի կերպարին մարտիկի տեսք տանք, ոգեշնչվել ենք Մայր Հայաստանի արձանից՝ փորձելով ցույց տալ հայ կնոջ ուժը: Զգեստի փեշին ավելացրել ենք անմոռուկներ, օգտագործելով կապույտ գույնը՝ այդպիսով բարձրաձայնելով Հայոց ցեղասպանության մասին: Նաեւ ավելացրել ենք 12 երկաթ՝ եկեղեցու շուրջը, որոնցից կարմիր քարեր են կախվում, որպեսզի ցույց տանք այն 12 նահանգները, որոնք կորցրել ենք ցեղասպանության ժամանակ: Իսկ կարմիրը խորհրդանշում էր արյունը: Վերջում օգտագործել ենք նուռը՝ մեր հայկական միրգը: Ավելի մանրամասն գրել եմ իմ սոցիալական հարթակներում»,-պարզաբանեց Մարտուն Գեւորգյանը:
«Նախորդ տարիների ընթացքում տարազ ուղարկվել էր, երբ Հայաստանը մասնակցել է մրցույթին՝ թե հասարակ հայկական տարազը, թե ճոխ տարազը, թե ավելի մոդեռնացվածը: Միսս Հայաստանի անձնակազմը, սակայն, ոչ հաճելի պատասխան է ստացել՝ ուղղված թե մասնակցին, թե դիզայներին: Այս տարի մեզ արգելել էին օգտագործել հատուկ խորհրդանիշներ, որոնց մասին չեմ կարող բարձրաձայնել ըստ մրցույթի կանոնակարգի: Դրա համար որոշեցինք հետեւել մյուս երկրների օրինակին: Գուցե National Costume of Armenia-ն ընկալվում է որպես ազգային տարազ, բայց ազգայինը Traditional-ն է, իսկ National Costume-ը երկիրը բնութագրող տարրերից բաղկացած զգեստն է:
Եթե հիշում եք, Շրի Լանկայի ներկայացուցչի զգեստը թեյնիկ էր, Նորվեգիայի պարագայում զգեստը ձկան տեսք ուներ, Էստոնիան գայլի տեսքով զգեստ էր կրում: Մենք էլ ուզեցինք մի նոր բան փորձել՝ միաժամանակ նպատակ ունենալով բարձրաձայնել քրիստոնեության մասին, գիտեինք, որ քննադատելու են՝ ինչ էլ ցուցադրենք:
Իմ եւ Փեգիի համար ամենակարեւորն այն էր, որ խոսվի քրիստոնեության մասին: Ափսոսում եմ, որ մեր հայրենակիցները լավը չեն տեսնում դրա մեջ, միայն քննադատում են ըստ տեսքի՝ առանց իմաստը կարդալու: Խնդրում եմ բոլորին իմ սոցցանցում կարդալ զգեստի մանրամասների մասին եւ հաշվի առնել, որ Փեգիի շնորհիվ ամբողջ աշխարհը տեղեկացավ առաջինը Քրիստոնեություն ընդունած Հայաստանի մասին:
Մի նկատառում էլ՝ Հայաստանում այդքան ընդունված չէ այս մրցույթը, ուստի լավ կլիներ, որ մյուս տարվանից օգնության ձեռք մեկնեին հայերը, գումար տրամադրեին «Միսս Տիեզերք- Հայաստանի» անձնակազմին, որպեսզի ավելի մեծ թիմ հավաքվի եւ ավելի շքեղ զգեստ ստեղծվի: Ես զգեստը կարել եմ ինքնուրույն, երկու շաբաթվա ընթացքում, հավատաք, թե ոչ՝ շատ մեծ աշխատանք եւ ջանք է ծախսվել զգեստի ստեղծման վրա, օրինակ եկեղեցին բաղկացած է շուրջ 10 հազար քարերից, զգեստը՝ հազար կտորից»,-ասաց դիզայները:
Հավելեց, որ Փեգին թիմի հետ զգեստի ստեղծման վրա առաջին իսկ օրվանից աշխատել է եւ շատ գոհ է մնացել. «Նա շատ պարզ մարդ է, եթե մի բան դուր չի գալիս, բարձրաձայնում է, իսկ տվյալ դեպքում ինքը գոհ է մնացել: Զգեստի ստեղծման ժամանակ շատ բաներ ենք փոփոխել, սա առաջին էսքիզը չէր: Ի սկզբանե Փեգին ասել է, որ ուզում է քրիստոնեության մասին բարձրաձայնվի, եւ կարմիր, կապույտ, ծիրանագույն գույներն առկա լինեն զգեստում, կարմիրը մեր նուռն էր եւ քարերը՝ 12 երկաթներից կախված, կապույտը անմոռուկներն էին եւ կորսետի վրա էինք կապույտ արել, ծիրանագույնն էլ ուսերն էին, եւ ներսից աստառը ծիրանագույն էր: Իսկ սպիտակով փոխանցում էինք հայ կնոջ նազանքը»,-մանրամասնեց դիզայները:
Մարտունից պարզեցինք, որ հագուստի դիզայնով հետաքրքրվել է 17 տարեկանից, սկզբում սովորել է ինքնուրույն՝ ավագ դպրոցի դիպլոմայինը հանձնելու համար, այնուհետեւ ընդունվել է Լոս Անջելեսի Fashion institute of design and merchandising դպրոցը: 2024-ին ավարտել է այն, այժմ աշխատում է՝ հավաքելով հաճախորդներ, ցուցադրվելով իր ընկերների օգնությամբ: Ասում է՝ չի վախենում դժվարություններից, ամեն ինչ հաճույքով է անում: Նրանից պարզեցինք, որ Հայաստանում է ծնվել, եւ 10 տարեկան է եղել, երբ ընտանիքով տեղափոխվել են ԱՄՆ: Մարտունն ասաց՝ ուրախ է, որ Փեգին ներկայացրել է մեր երկիրը «Միսս Տիեզերքը» մրցույթում, հույս հայտնեց, որ նրանով դեռ հպարտանալու առիթներ կլինեն:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ



















































