Լրահոս
Օրվա լրահոսը

Վաղարշապատի ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ծախսերը․ «Փաստերի ստուգման հարթակ»

Նոյեմբեր 22,2025 09:30

Վաղարշապատ խոշորացված համայնքում նոյեմբերի 16-ին տեղի ունեցած ավագանու ընտրությունների նախնական արդյունքներով՝ ավագանի է անցել 3 քաղաքական ուժ՝ «Քաղաքացիական պայմանագիր» և «Մայր Հայաստան» կուսակցությունները ու «Հաղթանակ» դաշինքը։

Ավագանու ընտրություններում մասնակցում էր ընդհանուր առմամբ 8 կուսակցություն և դաշինք։

«Փաստերի ստուգման հարթակն» ուսումնասիրել է ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ծախսերի պայմանագրերը, որոնք նրանք ներկայացրել էին Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

Այսպես, մեր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ քարոզարշավի վրա ամենաշատ գումար ծախսած քաղաքական ուժը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն է՝ 42,5 միլիոն դրամ։ Ըստ նույն պայմանագրերի՝ ՔՊ-ն գնել է գրասենյակային իրեր, տպագրել քարոզչական նյութեր՝ գլխարկներ, պաստառներ, բաններներ, բուկլետներ, պատվիրել բաններների փակցման և ապամոնտաժման ծառայություններ և այլն: Ինչպես նաև մեկ ամիս ժամկետով կնքվել են տարածքների վարձակալության պայմանագրեր։

ՔՊ-ն կնքել է 5 վարձակալության պայմանագիր տարբեր գյուղերում ու Էջմիածին քաղաքում նախընտրական շտաբի ձևավորման համար։ Դրանց արժեքը 150․000-ից 300 հազար դրամի միջակայքում է։ Էջմիածին քաղաքում դահլիճի մեկ ժամվա վարձակալության գումարը կազմել է 130 հազար դրամ։ Միայն 23 մլն դրամ այս կուսակցությունը տրամադրել է 100-ից ավելի սիթի ֆորմատով գովազդային կրիչների տպագրման ու տեղադրման ծառայությունների դիմաց։

Հաջորդ ամենաշատ գումար ծախսած քաղաքական ուժը «Հաղթանակ» կուսակցությունների դաշինքն է՝ 19.8 մլն դրամ։

Այս դաշինքում անշարժ գույքի վարձակալության 4 պայմանագիր են կնքել՝ 120 հազարից մինչև 200 հազար դրամ միջակայքում։ Տրանսպորտային ծառայությունների մատուցման համար հատկացվել է 1,3 մլն դրամ, շուրջ 1 մլն դրամ՝ մարքեթինգային ծառայությունների համար։ 8 մլն դրամ էլ դաշինքը տրամադրել է 2 տրանսպորտային միջոցների ուղեկցությամբ բարձրախոսներ, հզորացուցիչներ և 4 լեդ էկրաններ ապահովելու համար։ «Հաղթանակը» համագործակցել է «Շանթ» հեռուստաընկերության հետ՝ երեկոյան ժամը 18։00-ից մինչև կեսգիշեր եթեր ապահովելու համար։ Մեկ րոպեի արժեքը կազմել է 90 հազար դրամ։ Գնվել են նաև պաստառներ, քարոզչական նյութեր և այլն։

Ծախսերի չափով երրորդ տեղը զբաղեցնում է «Հայրենիք» կուսակցությունը՝ 4․3 մլն դրամ, չորրորդ տեղում է «Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցությունը՝ 4․1 մլն դրամ։

«Հայրենիք» կուսակցությունը ուներ հիմնականում ծախսերի երեք ուղություն՝ գովազդային ծառայությունների մատուցում, տպագրական նյութերի ձեռքբերում և 5 տարածքի վարձակալություն։

«Մայր Հայաստան» ազգային-դեմոկրատական կուսակցության ծախսերի հիմնական մասը հատկացվել է տպագրական նյութերի գնմանը և գովազդի մատուցման ծառայությանը։ Կուսակցությանը նաև անհատույց ժամանակավոր օգտագործման են հանձնվել 2 անշարժ գույք Էջմիածին քաղաքի տարածքում։

1․7 միլիոն դրամ նախընտրական շրջանում ծախսել է «Հանրապետություն» կուսակցությունը։ Իր միջոցներից կուսակցությունը 916․667 դրամ հատկացրել է 100 քմ տարածքի վարձակալության համար, մնացած գումարը օգտագործվել է տպագրական նյութերի ձեռքբերման վրա։

Նյութն ամբողջությամբ՝ «Փաստերի ստուգման հարթակում»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930